Արքեպիսկոպոսն առաջին անգամ չէ, որ նման պահվածք է դրսևորում. Մայր Աթոռի պարզաբանումը Արամ Աթեշյանի՝ Էրդողանին ուղղված նամակի մասին

595

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն առաջին անգամ չէ, որ նման պահվածք է դրսևորում. Tert.am-ի հետ զրույցում ասաց  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ մեկնաբանելով  Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի նամակը Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող Բունդեսթագի հայտարարության վերաբերյալ:

Նշենք, որ արքեպիսկոպոսը Թուրքիայի նախագահին ուղղված նամակում գրել էր, որ «առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի խորհրդարանի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել», հետո նաև ավելացրել՝ «որպես Թուրքիայի հայ համայնք, մենք մեր խորը ափսոսանքն ենք հայտնում Ձեր պատվավոր վարչակարգին որոշման վերաբերյալ»։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը հիշեցրեց, թե ինչպիսի քայլեր և ելույթներ էր ունենում ոչ վաղ անցյալում Մեսրոպ պատրիարքը կամ նույն Արամ արքեպիսկոպոսը։

Տեր Վահրամը նշեց, որ Հայոց պատրիարքարանը միապետական աթոռ է  և պատասխանատվություն ունի հայ համայնքի առջև։

«Կարծում եմ՝ նման հայտարարություններով սոսկ տեղական խնդիր է լուծվում, որը բացարձակ կապ չունի ողջ Եկեղեցու և նրա դիրքորոշումների հետ: Թուրքիան ջանում է բոլոր հնարավոր միջոցների գործադրությամբ ինչ-ինչ խնդիրներ լուծել։ Չեմ բացառում հարկադրանքը»,-նշել է նա։

Tert.am-ի դիտարկմանը, թե ամեն անգամ Թուրքիայի հայկական համայնքում դժգոհություններ են լինում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի պահվածի պատճառով, տեր Վահրամը պատասխանեց. «Եթե լինում են դժգոհություններ, պետք է դիմել համապատասխան մարմինների, որոնք կարող են այդ հարցը բարձրաձայնել»։

Tert.am-ը տեր Վահրամ քահանա Մելիքյանից հետաքրքրվեց, թե որպես սփյուռքի եկեղեցական համայնքները վերահսկող մարմին՝ արդյո՞ք Մայր Աթոռը Կոստանդնուպոլսի արքեպիսկոպոսի նամակի հետ կապված հանդես չի գա հայտարարությամբ։

«Ես նման բան չասացի, այս պահին դրությամբ կարող եմ միայն այսքանն ասել»,-եզրափակեց իր խոսքը նա։

Աղբյուր՝ tert.am

 

Մեկնաբանություններ