Աստծո ընտրությունը. Արթուր Սիմոնյան

415

«Այսպես հետիններն առաջին կլինեն, եւ առաջիններն հետին, որովհետեւ շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված»: — Մատթեոս 20.16

Պողոս առաքյալը կոչ է անում փ‎‎իլիպեցիների եկեղեցուն հնազանդ լինել Աստծո Խոսքին ոչ միայն իր ներկայության ժամանակ, այլեւ` բացակայության: Նա գրում է` ահով եւ դողով գործեցեք ձեր անձերի փրկությունը: Շատ հեշտ է հնազանդվել Աստծո Խոսքին եւ ապրել պատշաճ հոգեւոր կյանքով, երբ գտնվում ես առաքյալի կամ հոգեւոր ավագի կողքին, բայց կարող ենք, արդյոք, շարունակել նույն ապրելակերպը, երբ մեր կողքին ոչ ոք չկա: Կարծում եմ` յուրաքանչյուր մարդ ընդունակ է կառավարել ինքն իրեն:

Կարիք չկա, որ ինչ-որ մեկն անընդհատ պարտադրի նրան հետեւել Քրիստոսին, նա ինքը կարող է որոշում կայացնել եւ քայլել Քրիստոսի ետեւից: Այսօր լայն տարածում է գտել այն ուսմունքը, ըստ որի` մարդը փրկվելով մեկ անգամ, փրկված է հավիտյան: Կարծում եմ, որ սա հերձվածողություն է: Կարդալով Աստվածաշունչը` մենք տեսնում ենք, որ փրկությունը կարելի է կորցնել: Ճիշտ է, Նոր կտակարնի ուսմունքի համաձայն` մենք շնորհքի տակ ենք, բայց եթե Տիրոջ շնորհքը մեծ է, մենք չպետք է անշնորհք գտնվենք. շնորհքը մեզ իրավունք չի տալիս մեղք գործելու: Այսօր քրիստոնեական աշխարհում վիճաբանություններ են առաջանում ոգելից խմիչքի օգտագործման կամ աշխարհում ընդունված այլ սովորությունների շուրջ: Ոմանք ասում են` մենք փրկված ենք, եւ ինչ էլ անենք, միեւնույնն է, դրախտ ենք գնալու: Բայց Պողոս առաքյալը գրում է` ահով եւ դողով գործեցեք ձեր անձերի փրկությունը: Սա նշանակում է` եթե զգոն չլինենք, չպահպանենք մեր սրբությունն ու արդարությունը, կարող ենք կորցնել մեր փրկությունը: Վերջին օրերում այսօրինակ ուսմունքներն ավելի շատ կլինեն: Եթե քրիստոնյաները արթուն չլինեն, հանդուժեն լիբերալ քրիստոնեությունը, մեղքն ավելի ու ավելի կշատանա աշխարհում, իսկ Աստվածաշունչն ասում է, որ մեղքի վարձքը մահն է: Մենք պետք է սկզբունքային մարդիկ լինենք եւ մերժենք մեղքի ցանկացած դրսեւորում:

Սիրելիներս, ոչ մի դեպքում մի փորձեք արդարացնել մեղքը: Որքան էլ ասեք` մենք շնորհքի տակ ենք, միեւնույնն է, եթե գիտակցաբար մեղք եք գործում, այլեւս քավության արյուն չի մնում ձեզ համար: Կա մի ճանապարհ, որը տանում է արդարության: Դա ապաշխարությունն է: Ապաշխարեք եւ ահով ու դողով գործեք ձեր անձերի փրկությունը: Ամեն: Իմ կարծիքով` Աստված, նախքան մարդուն ընտրելն ու ծառայության կանչելը, մի արժանի բան է նկատում նրա մեջ` բնավորություն կամ վարքագիծ: Երբ կարդում ենք Իսրայելի Դավիթ թագավորի պատմությունը, տեսնում ենք, որ նա մինչեւ թագավոր օծվելն արածեցնում էր իր հոր գառները եւ պատրաստ էր նույնիսկ իր անձը վտանգելու նրանց համար: Պատահական չէր, որ Աստված Հեսեի յոթ որդիներից Դավթին ընտրեց որպես Իսրայելի թագավոր: Եթե մարդը մի գառնուկի հանդեպ սրտացավություն չունի, ինչպե՞ս Աստված կվստահի Իր ծառայությունը:

Այսօր ընդունված է ընտրություններից առաջ խոստումներ տալը, բայց ընտրվելուց հետո քչերն են կատարում իրենց խոստումները: Շատ կարեւոր է ընտրվելուց հետո մնալ այնպիսին, ինչպիսին ընտրվելուց առաջ էիր:Սիրելինե′ր, եթե Աստված մեզ ընտրել է Իրեն ծառայելու համար, նշանակում է` պետք է ջանանք պահպանել այն լավ հատկությունները, որոնք գրավել են Տիրոջ ուշադրությունը, այլապես մեր դիրքը կկորցնենք: Գրված է. «Այսպես հետիններն առաջին կլինեն, եւ առաջիններն հետին» :

Արթուր Սիմոնյան

Մեկնաբանություններ