Գեղեցիկ միջոցառում՝ Ավետիսյան դպրոցում (լուսանկարներ)

391
Avedisian_School_Graduation_Ceremony

Հայ Ավետարանչական Ընկերակցության պաշտոնական կայքը գրում է․

Ավետիսյան դպրոցում արդեն բարի ավանդույթ է դարձել յուրաքանչյուր տարի՝ հունիսին, մեծ շուքով  անցկացնել  9-րդ դասարանցիների ավարտական հանդեսը: Այս գեղեցիկ սովորույթը շարունակվում է նաև Ավետիսյան ավագ դպրոցի բացումից հետո:

Աշակերտները հավաքվել էին՝ ոչ թե միմյանց հրաժեշտ տալու (չէ՞ որ նրանք դեռ երկար ճանապարհ են անցնելու միասին), այլ երախտագիտության խոսք ասելու դպրոցի բարերարներ Էդվարդ և Փամելա Ավետիսյաններին,  Հայ Ավետարանչական ընկերակցությանը, սիրելի տնօրենին՝ Մելանյա Գեղամյանին, ուսուցիչներին և կրթահամալիրի յուրաքանչյուր աշխատակցի:

Այս տարվա միջոցառումը յուրահատուկ էր. աշակերտները որոշել էին առաջին անգամ անցկացնել «Ավետիսյան» մրցանակաբաշխությունը և պարգևատրել դպրոցի բարերարներին և բոլոր մանկավարժներին:  Մրցանակաբաշխության կարգախոսն էր. «Երազի′ր, աշխատի′ր, վայելի′ր և գնահատի′ր»: Դպրոցը աշակերտներին սովորեցրել է ապրել այս սկզբունքով: Նրանք սովորել  են, որ հարկավոր է երազել, երազել լավ կրթության, լավ երկրի, լավ ապագայի մասին, հարկավոր է աշխատել, շատ աշխատել երազանքը կյանքի կոչելու համար, հարկավոր է գնահատել ունեցածը, դրա վրա նորն ավելացնել , անընդհատ զարգանալ:

Իններորդցիները երկար էին մտածել՝ ինչ մրցանակի արժանացնեն  կրթահամալիրի տնօրեն Մ. Գեղամյանին (նա կարող է հաղթող ճանաչվել շատ անվանակարգերում),  և միաձայն որոշել՝ «Ամենահայրենասեր տնօրեն». չէ՞ որ նա իրենց  սովորեցրել է անսահման սիրել մեր հայրենիքը, ձգտել լավ քաղաքացի ու լավ հայ լինելու, իրենց հետ հաճախ աղոթել է մեր զինվորի համար…  «Ավետիսյան» մրցանակին արժանացան Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, «ԷյԹիՓի»-ի տնօրեն ՋինՄարի Բաբելյանը, բարերար Չարլզ Բիլեզիկյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ   Արմեն Տեր-Կյուրեղյանը և այլք:

Շատ բան են մեր աշակերտները սովորել դպրոցում: Չխոսենք գիտելիքների մասին. նրանք շարունակելու են ուսումը Ավետիսյան ավագ դպրոցում և դեռ կհասցնեն մեզ ուրախացնել իրենց նվաճումներով: Կանաչ  դպրոցը նրանց  սովորեցրել է մտածել ու հոգ տանել շրջակա միջավայրի մասին,  բարերարներից սովորել են  բարիք գործել, կիսվել ունեցածով, կյանքը նվիրել հայրենիքը շենացնելուն…

Մրցանակաբաշխությունը աշակերտները համեմեցին ժողովրդական երգ ու պարով, հումորային համարներով ու սիրելի ուսուցիչներին ուղղված երախտագիտության  խոսքերով: Նրանք, պոկելով օրացույցի էջերը, պատմում էին մանկապարտեզում և դպրոցում անցկացրած ուրախ ու անհոգ տասնմեկ տարիների մասին: Երեխաները մեծ խանդավառությամբ ու կարոտով էին խոսում հատկապես իրենց մանկապարտեզի մասին: Նրանք ներկայացրին իրենց մանկապարտեզի երգչախմբի առաջին ելույթը` հանդիսատեսին ստիպելով մի լավ ծիծաղել:

Աշակերտների պատմած հուշերը ներկաներից շատերին մի պահ ստիպեցին մտովի տեղափոխվել Ավետիսյան դպրոցի հին, անշուք ու հասարակ, բայց այնքա՜ն հարազատ ու սիրելի շենք…

Միջոցառումն ավարտվեց իններորդցիների խոստումով, որ Ավետիսյան ավագ դպրոցում ավելի լավ են սովորելու,  մի օր էլ իրենք են բարի գործեր անելու ու հզորացնելու մեր հայրենիքը:

Գաղտնիք չէ, որ Ավետիսյան դպրոցը շատ հյուրընկալ է: Մենք հաճախ ենք հյուրեր ունենում թե´ Հայաստանից, թե´ արտերկրից, իսկ մեր աշակերտները սիրով շրջում են նրանց հետ, հարկ եղած դեպքում օտար լեզվով պատմում դպրոցի ու իրենց առօրյայի մասին: Ավարտական հանդեսը ևս մարդաշատ էր:  Ավանդույթի համաձայն` հատուկ ավարտական հանդեսին ներկա գտնվելու համար ԱՄՆ-ից Հայաստան էին ժամանել դպրոցի բարերարներ Էդվարդ և Փամելա Ավետիսյանները: Միջոցառմանը ներկա էին նաև Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, դպրոցի հոգաբարձության խորհրդի անդամներ, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը և դասախոսներ,  «ԷյԹիՓի»-ի տնօրեն ՋինՄարի Բաբելյանը, Սիրիայի Հայ Ավետարանական համայնքապետ վերապատվելի Հարություն Սելիմյանը, ԿԳՆ աշխատակիցներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի տարբեր դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ և, իհարկե, Ավետիսյան դպրոցի շրջանավարտներն ու նրանց ծնողները:

Հանդեսից հետո ելույթ ունեցավ բարերար Էդվարդ Ավետիսյանը: Նա բարձր գնահատեց երեխաների ելույթը, գիտելիքները, կրթահամալիրի ուսուցիչների` ազգային ոգու պահպանմանն ուղղված ջանքերն ու շնորհակալություն հայտնեց նրանց՝ քաջալերելով շարունակել երեխաների կրթական մակարդակը բարձր պահելու ազգանվեր գործը:  Պարոն Ավետիսյանը համոզմունք հայտնեց, որ մեր շրջանավարտներին սպասվում է պայծառ ու փայլուն ապագա:

Ելույթ ունեցավ նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը: Նա հիշեց, որ երկու տարի առաջ ինքը ներկա էր Ավետիսյան դպրոցի հանդիսավոր բացմանը, և հատկապես մի բան էր իրեն տպավորել.  ակնհայտ էին դպրոցի հովանավորների,  տնօրենության և ուսուցիչների նվիրվածությունն ու հաջողության հասնելու ձգտումը: Պարոն Կյուրեղյանը ուրախությամբ ավելացրեց, որ այսօր էլ ստացավ նույն տպավորությունը:  Վերջում նա  ուսման վերաբերյալ մի քանի խորհուրդ տվեց  մեր շրջանավարտներին` առաջարկելով  բարձրագույն կրթությունը ցանկության դեպքում  շարունակել   Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Կրթահամալիրի սաներին մաղթում ենք ամառային բարի հանգիստ: Մինչ նոր հանդիպում 2016-2017 ուսումնական տարում:

Լուսանկարները՝ սկզբնաղբյուր կայքում

Մեկնաբանություններ