Բամբասանք

502

Հասարակության մեջ ընդունված այս երևույթը շատերին է հայտնի:

Իսկ որոշ մարդկանց համար այն կյանքի մի անհրաժեշտ մասն է կազմում: Մարդկային հասարակության մեջ տարածված, առաջին հայացքից անմեղ թվացող այս երևույթը բնավորության` լուրջ արատների թվին է պատկանում: Բամբասել` նշանակում է զրպարտել ինչ-որ մեկին, չարախոսել նրանից, անվանարկել և կամ կեղծ, զրպարտիչ լուրեր տարածել նրա մասին: Բամբասանքի հիմքում սովորաբար ընկած է սեփական ես-ի բարձրացումը` դիմացիններին քննադատելու, ցածրացնելու հաշվին:

Աստվածաշնչում այսպիսի հորդոր կա` «Որովհետև չենք համարձակվում մեր անձը կշռել և բաղդատել ոմանց հետ` որ իրանց անձերը գովելով հանձնարարում են»: 2Կորնթ.10.12 Այլոց հետ համեմատվելիս մարդը սովորաբար ձգտում է բարձրացնել իրեն, ներկայացնել իր դրական կողմերը: Սակայն դիմացինի արժանիքները, չգիտես ինչու, անտեսվում են: Բամբասանքը սովորաբար հիմնվում է ոչ ստույգ, կանխակալ կամ էլ նույնիսկ սխալ, հորինովի տեղեկությունների վրա: Հետաքրքիր է, որ մի շարք գրասենյակներում բամբասելու համար ղեկավարները կարգահապահական տույժեր են սահմանում` ընդհուպ մինչև աշխատանքից ազատելը: Կատարվել է ուշագրավ մի հետազոտություն, ըստ որի` միջին դասի մեկ աշխատողը տարվա ընթացքում բամբասում է մոտավորապես 665 ժամ:

Ամերիկյան մեկ այլ ձեռնարկությունում հայտարարություն էր կախված, ըստ որի` արգելվում էր բամբասելը: Ոչ մեկն իրավունք չուներ վատաբանելու, չարախոսելու իր գործընկերոջը` նրա բացակայության ժամանակ: Ինչքան ավելի արդյունավետ կաշխատեին շատ հաստատություններ, եթե այնտեղ ևս արգելված լիներ բամբասելը: Ստացվում է, որ ըստ վիճակագրական տվյալների` միջին մարդը օրական բամբասում է մոտավորապես 2 ժամ:

Թիվն իսկապես պատկառելի է: Ահա թե ինչու մեկ այլ հիմնարկություն բամբասանքը փոխարինել էր դրական երևույթով: Նրանք որոշել էին բամբասանքի փոխարեն աղոթել: Եթե որևէ մեկը սխալ արարք էր կատարում, ոչ թե նվաստացնում էին կամ քննադատում, այլ աղոթում էին նրա համար: Ահա թե ինչու Աստծո ժողովրդին տված տասը պատվիրաններից մեկում Աստված որոշակիորեն նախազգուշացնում է. «Քո դրացու դեմ սուտ վկայություն մի արա» (Ելից 20.16) Այս պատվիրանը հրատապ է նաև մեր օրերում:

Սուտ վկայությունը, զրպարտելը, ստելը կամ բամբասելը հավասարազոր երևույթներ են: Բոլոր դեպքերում այն ուղղված է մեկ այլ անձի, նրա արժանիքների դեմ: Սողոմոն իմաստունը առակաց գրքում սուտ վկայություն տվող մարդուն անվանում է ՙսուր և սրած նետ: «Սուր և սրած նետ է այն մարդը, որ սուտ վկայություն է տալիս իր ընկերի դեմ» (Առակաց 25.18) Բամբասանքը, գիտակցաբար, թե անգիտակցաբար, ցավ է պատճառում դիմացինին և առաջ բերում համապատասխան հակազդեցությունը, ինչի արդյունքում կարող են փոխադարձ վիրավորանքներ հնչել: Ուշադիր լինենք և հասկանանք, թե ո՞րն է մեր դրդապատճառը` նախա՞նձը, եսասիրությու՞նը, թե՞ մեկ այլ բան:

Աղբյուր` Ես քրիստոնյա եմ

Մեկնաբանություններ