Բարեգործական ծրագրով Հայաստանում է անվանի վիրաբույժ Ջանի Հադաթը

2328
Jani Haddad

Արդեն 37-րդ անգամ անվճար վիրահատություններ կատարելու բարեգործական ծրագրով Հայաստանում է բժշկական գիտությունների դոկտոր, վիրաբույժ, բազմաթիվ բժշկական աշխատությունների հեղինակ,  ACMA-ի (Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայի)  հիմնադիր և նախագահ դոկտոր Ջանի Հադաթը:

Տարին 2-3 անգամ սիրիահայ բժիշկը գալիս ու վիրահատություններ է անցկացնում Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում և ԼՂՀ-ում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս այցի շրջանակներում` 1 շաբաթվա ընթացքում, արդեն 700 հիվանդի է զննել կամ վիրահատել:

Այս անգամ էլ Ջանի Հադաթը 2 օր Գյումրիում էր: Հունիսի 10-ին բժիշկը տարաբնույթ  15 վիրահատություներ է  կատարել, իսկ հունիսի 11-ին արդեն նախատեսում է 17 վիրահատություն իրականացնել: Բժիշկը դեռևս 2000 թվականից  իր կյանքի սկզբունքն է  դարձրել պարբերաբար Հայաստան այցելելով` անվճար վիրահատություններ կատարելն ու բուժօգնություն ցուցաբերելը, բայց արմատներն ու նախապատմությունը բավականին խորն են՝ 1988թ-ի աղետալի երկրաշարժի  ժամանակ բժիշկն աշխատում էր Քուվեյթում: Հենց այդ թվականից էլ սկսել է  իմ ծառայությունը. առաջին օգնությունը եղավ  տեխնիկայի  և դեղորայքի տեսքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց բժիշկը, 2000 թվականից Հայաստանում նա սկսել է բժշկական բարեգործական գործունեություն ծավալել: Առաջին խմբում ընդամենը երկու բժիշկ էր, իսկ հիմա արդեն մեծ խումբ է: Ավելին, Ջանի Հադաթի կողմից վերապատրաստվում են նաև տեղի մասնագետները:

Ինչպես նշում է սիրիահայ բժիշկը, Հայաստանում տարածված եմ ճողվածքները, թութքը, խպիպը, նաև քաղցկեղը: «Ցավոք, շատերը դիմում են, երբ խնդիրն արդեն շատ բարդացած է, իսկ բուժումը շատ թանկ արժե: Այս ընթացքում մոտ 700 հիվանդի եմ զննել, նրանցից 200-ի մոտ խպիպ էր»․ նշեց Ջանի Հադաթը՝ փաստելով, որ դրա հիմնական պատճառը Հայաստանի լեռնային լինելն է:

«Այս ընթացքում նույնիսկ Սիրիայից Հայաստան եկած այն մարդկանց մոտ, ովքեր մինչ այդ չեն ունեցել այս խնդիրը, արդեն նկատվում է դա, դրա համար խորհուրդ եմ տալի շատ օգտագործել յոդացված աղ: Շատ լուրջ են նաև լեղապարկային հիվանդությունները»․ հավելեց  Ջանի Հադաթը՝ փաստելով, որ ցանկացած վիրահատություն կատարվում է փոքր բացվածքով, ինչը հնարավորություն է տալիս հիվանդին հենց նույն կամ հաջորդ օրն արդեն դուրս գրվել հիվանդանոցից:

Արմենուհի Մխոյան

Մեկնաբանություններ