Զգուշացե՛ք հոգեւոր «ֆասթ ֆուդից»

657

«Որովհետև ժամանակի ընթացքում պետք է ուսուցիչներ լինեիք, բայց դարձյալ կարիք ունեք սովորելու, թե ի՛նչ են Աստծու խոսքերի առաջին նշանագրերը։ Դուք կաթի կարիք ունեք, այլ ոչ թե պինդ կերակուրի. որովհետև ամեն մեկը, ով կաթնակեր է, արդարության խոսքին անփորձ է, քանի որ երեխա է։ Իսկ պինդ կերակուրը կատարյալների համար է, որոնց զգայարանները վարժված են բարին ու չարը զանազանելու». Եբր. 5.12-14:

Ֆասթ ֆուդը կամ արագ սնունդը իսկական աղետ է դարձել 21-րդ դարի մարդու համար։ Սննդի նման կետերի բարգավաճման պատճառն այն է, որ մարդը ժամանակ չունի ինքնուրույն պատրաստել իր կերակուրը։ Ընտանիքները կորցրել են միասին և մեկտեղ սնվելու բարի ավանդույթը։ Մարդիկ ուտում են ինչ պատահի, որտեղ պատահի, միայն թե արագ լինի և հագեցած պես֊պես համեմունքներով։
Ցավալի է, որ գրեթե նույն վիճակն է նաև հոգևոր դաշտում։ Պես֊պես քարոզներ՝ համեմված գլխապտույտ «հայտնություններով», տարօրինակ վարդապետություններով, վկայություններ, ուսուցումներ, մարգարեություններ, հրաշքներ…

Ինֆորմացիայի պակաս չկա, պակաս կա լավ, առողջ, օգտակար ինֆորմացիայի։

Եվ հազարավոր հավատացյալներ մատի մեկ հպումով դառնում են այսինչ քարոզչի հետևորդը, այնինչ մարգարեի աշակերտը։ Արդյունքում այնքան ենք հագենում և պարարտանում հոգևոր կերակուրներով, որ մեր Աստվածաշունչը մեզ էլ չի ձգում, աղոթքի ծածուկ սենյակը մեզ էլ փափագելի չի դառնում։ Մենք մեր բազմոցներում ճարպակալում ենք՝ սնվելով անառողջ, բայց արագ սննդից, այն դեպքում, երբ պետք է ծնկների վրա մեր աղոթքի ու խոկման ժամերին մեր հոգիները պարարտացնենք Աստծու հետ կենդանի հաղորդակցությունից, Աստծու Խոսքի լուսաբեր հայտնություններից։

Ֆեյսբուքյան քարոզիչները մի տեսակ բթացրել են մարդու մեջ առանձնակի աստվածապաշտության ձգտումը, աղոթքի փափագը, Աստվածաշնչի ընթերցանության կարիքը։ Ինչու տքնել և չարչարվել, եթե ինչ որ մի քարոզիչ իր «լայվի» միջոցով կարող է ծամել և մեր բերանը դնել, ինչու որևէ բան փնտրել Աստվածաշնչում, երբ Գուգլում կարող ենք գտնել դրա պատասխանը, ինչու աղոթել, երբ կարող ենք ոմն քարոզչին օնլայն գրել, որ աղոթի մեզ համար, իսկ մենք օնլայն կօրհնվենք…

Ու այս ամենի մեջ քրիստոնյաները դառնում են հոգևորապես տհաս և տգետ, մանուկ և կաթնակեր։

Ամերիկայի մի արգելոցում արջեր էին պահում։ Այցելուները կարող էին մոտենալ և ցանցից այն կողմ զմայլվել այդ կենդանիներով։ Արգելապատնեշի վրա մի մեծ ցուցանակ կար, որի վրա գրված էր. «Չկերակրե՛լ արջերին»։ Սակայն հակառակ զգուշացումների այցելուները չէին ցանկանում իրենց զրկել արջերին կերակրելու հաճույքից։ Որոշ ժամանակ անց, երբ այցելուները դադարցին գալ, արգելոցի աշխատակիցները նկատեցին, որ արջերը թուլացել են և նվաղել։ Ոմանք սովահար եղան և սատկեցին։ Պատճա՞ռը… Պարզվեց, որ արջերն այնքան էին սովորել, որ իրենց պետք է ձրի կերակրեին, որ մոռացել էին որս անելը, ինչը և կործանարար եղավ արջերի համար։

Ցավոք այսօր շատ քրիստոնյաների վիճակը նման է այս արջերի վիճակին։ Նրանց այնքան են կերակրել ֆեյսբուքով, գուգլով, յութուբով և այլ կայքերով, որ մոռացել են իրենց «որսը», մոռացել են, թե ինչպես հայթայթեն իրենց կերակուրը, հավաքեն իրենց մանանան, ինքնուրույն ճաշակեն աղոթքի վայելքը, Տիրոջ ապրեցնող խոսքերի համը։
Եվ մինչ մենք պրպտում ենք ինտերնետը, ժամեր ենք անցկացնում ոմն քարոզիչների լայվերին հետևելով, մեր քթի տակ կորցնում ենք Աստծու մարգարտաշար խոսքի աննման և անգին հայտնությունները, կորցնում ենք Աստծու հետ մեր սեփական վերապրումներն ու հանդիպումները։

Հոգևոր ֆասթ ֆուդը որքան էլ գրավիչ լինի, որքան էլ պես֊պես համեմունքներով համեմված լինի, այն չի կարող մեզ ապրեցնել այնպես, ինչպես Աստծու Խոսքը։ Այն, այո՛, որոշ ժամանակով կհագեցնի մեր սովը, կոգևորի մեզ, բայց դրա ազդեցությունը այնքան կարճ է, որքան մեր հեռախոսի լիցքավորումը։

Հագեցնենք մեր հոգու ծարավն Աստծու Խոսքի ընթերցանությամբ, պարարտացնենք մեր հոգիները աղոթքի ու փառաբանության միջոցով, խմենք օրիգինալ և բնական աղբյուրից՝ Քրիստոսից, որպեսզի բխեցնենք կյանքի ջուր և փոխանցենք կյանքի խոսքեր։

Եկե՛ք այսօրվանից մի քիչ փոխենք մեր հոգևոր կերակուրների մենյուն։ Եկե՛ք մի քիչ դիետա պահենք ինտերնետային հոգևոր ֆասթ ֆուդից, որից մեր ուղեղը ճարպակալում է ու ժանգոտում, եկեք վերադառնանք դեպի Սուրբ Գիրքն ու անձնական աղոթքի սենյակը։ Այդ պահերն ու ապրումները անփոխարինելի են ու աննկարագրելի լավը։ Իսկ ինտերնետն ու սոցցանցերը, օնլայները և լայվերը թող լինեն չափի ու սահմանի մեջ, բայց Աստծու հանդեպ մեր սերն ու հաղորդակցությունը՝ անչափ և անսահման։

Վազգեն Զոհրաբյան

Մեկնաբանություններ