«Քամփ Արմեն» ճամբարի ապագայով մտահոգված

447

Այս օրերին Երևանում են Ստամբուլի Գետիկ Փաշա թաղամասի Հայ Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ` վեր. Գրիգոր Աղաբալօղլուն, «Հրանտ Դինք» հիմնադրամի պատասխանատու աշխատող Դելալ Դինքը, ճարտարագետ Նազարեթ Բինաթլը, ճարտարապետներ Ալին Փոնթիօղլուն, Ժան Գավրիլովը, բարերարներ Հարութ և Դալար Խորոզօղլուները:


Նրանք բոլորն էլ Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող «Քամփ Արմեն» պատանեկան տան շինարարական վերականգնողական աշխատանքների հանձնախմբի անդամներ են:

Նրանք եկել են Երևան` ծանոթանալու մանկական երիտասարդական ստեղծագործական կենտրոնների աշխատանքներին, վերցնելու այն բոլոր դրականը, որ կարող են օգտագործել «Քամփ Արմեն» պատանեկան տանը հանգրվանող հայ երեխաների ամառային հանգստի կազմակերպման, ստեղծագորածական մտածողության և գեղարվեստական ընդունակությունների զարգացման համար:

Հյուրերը եղան «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում», ծանոթացան հմուտ մանկավարժների և տեխնիկական մասնագետների կողմից ուղղորդվող ուսանողների աշխատանքներին` կայքերի և ֆիլմերի ստեղծման աշխատանքներին, կառավարման համակարգին: Հյուրերը եղան նաև Հայ Ավետարանչական ընկերակցության Նոր Նորքի «Շող» ցերեկային կենտրոնում, ծանոթացան սոցիալական դժվարություններ ունեցող ընտանիքներում մեծացող և կրթական հիմնախնդիրներ ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքներին: Զրուցեցին կենտրոնում աշխատող մանկավարժների, սոցիալական աշխատողի և հոգեբանի հետ: Հյուրերը իրենց հերթին ծանոթացրին Ստամբուլում հայ երեխաների շրջանում տարվող աշխատանքներին:

Վերապատվելի Գրիգոր Աղաբալօղլուն պատմեց, թե ինչ դժվարություններով իրենք կարողացան անցյալ տարի վերադարձնել «Քամփ Արմենը»: Նա ասաց, որ պատանեկան տան ընդհանուր տարածքը 8 600 ք.մ. է, սակայն այսօր իրենք կարողացել են վերադարձնել ընդամենը՝ 5000 ք.մ.:

Հիշեցնենք, որ 2015թ.-ին Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի հիշատակի արարողություններից հետո՝ ապրիլի 24–ից մի քանի օր անց, լուր տարածվեց, որ թուրքական իշխանությունը ցանկանում է հայկական համայնքից վերցնել այս կենտրոնը և տեղում շքեղ առանձնատներ կառուցել:

Մայիսի 6-ին տեղի ունեցավ թուրք ազգայնականների առաջին հարձակումը, որն էլ պատճառ դարձավ, որ ՙՆոր Զարթոնք՚ շարժման նախաձեռնության անդամներն ու մտահոգ քաղաքացիները շենքի տարածքում օրուգիշեր հերթապահություն իրականացնեն՝ «Քամփ Արմենի» համար դիմադրություն» կարգախոսով: Երկար պայքարից հետո հոկտեմբերի 27-ին «Քամփ Արմեն» ճամբարը վերադարձվեց Գետիկ Փաշա թաղամասում գտնվող Հայ Ավետարանական եկեղեցի հիմնադրամին:

Հիշեցնենք, որ ԱՀԱԸ-ն 2015 թ. մայիսին նամակով դիմել էր թուրքական իշխանություններին՝ խնդրելով կանխել ճամբարի քանդման աշխատանքները:

Ինչպես նաև կոչ էր արել հայկական բոլոր եկեղեցիներին և կազմակերպություններին արձագանքել և նմանատիպ նամակներ ու դիմում-խնդրանքներ ուղարկել կառավարության բարձրաստիճան ղեկավարներին:

Այս տարվա հունիսի սկզբին ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը եղավ Ստամբուլում, ծանոթացավ «Քամփ Արմենի» ներկա իրավիճակին և որոշակի գաղափարներ ու լուծումներ առաջարկեց հետագա անելիքների վերաբերյալ:

Վեր. Գրիգոր Աղաբալօղլուն վստահ է, որ առաջիկա ժամանակահատվածում կկարողանան վերադարձնել ամբողջը, և կվերականգնվի երբեմնի հայ որբ մանուկների ձեռքով կառուցված իրենց պատանեկան տունը:

— Մենք շատ դժվարություններով անցանք, — ասում է վերապատվելին, — բայց փա՜ռք Աստծո, այսօր ամեն բան կարգին է: Շատ մարդիկ՝ հայ ճարտարապետներ, ինչո՞ւ չէ` նաև թուրք ճարտարապետներ են գալիս և առաջարկում իրենց ծառայությունը` օգտակար լինելու «Քամփ Արմենի» շինարարական վերականգնողական աշխատանքներին:

Ի դեպ, մեր հայրենակից Հրանտ Դինքը մանկության և պատանեկության տարիներին եղել է այս ճամբարի սանը, հետո դարձել է ջոկատավար, իսկ ավելի ուշ՝ ճամբարի ընդհանուր պատասխանատուներից մեկը: Այստեղ է Հրանտ Դինքը ծանոթացել իր ապագա կնոջ՝ Ռաքել Դինքի հետ:

Մեր հյուրերին ընդունեց նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Հանդիպման մանրամասներին կարող եք ծանոթանալ… mindiaspora.am/am/News/4666

Աղբյուր՝ amaa.am

Մեկնաբանություններ