Կանադայի վարչապետը հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

321

Հայոց ցեղասպանության 101-­րդ տարելիցի ոգեկոչման օրվա կապակցությամբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարություն է արել` ուղղված Կանադայի հայկական համայնքին:

«Արմենպրես»-­ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ: «Այսօր մենք ոգեկոչում ենք 1915 թվականին Օսմանյան կայսրության վերջին օրերի ընթացքում հայ ժողովրդի կյանքի ողբերգական կորստի 101­-րդ տարելիցը: Թե՛ Կանադայի Սենատը, թե՛ համայնքների պալատն ընդունել են բանաձևեր, որոնք այս իրադարձությունները որակում են որպես ցեղասպանություն: Մենք պահում ենք հիշատակն այն մարդկանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, ինչպես նաև նրանց, ովքեր տառապել են այս ցեղասպանության հետևանքով և մեր խորին հարգանքն ենք հայտնում նրանց ժառանգներին, այդ թվում և նրանց, ովքեր այժմ Կանադան համարում են իրենց տունը:

Հանդիսավորությամբ ճանաչելով այս իրադարձությունները` թույլ տվեք օգտագործել այս պահը որպես առաջ նայելու և մեր հավաքական վճռականությունը ամրապնդելու հնարավորություն` երաշխավորելու, որ նման գործողություններն այլևս երբեք չեն կրկնվի: Երբեք չմոռանալով պատմության դասերը` մենք պետք է նաև հիշենք, որ անցյալի անարդարությունները չեն ծառայում մեր համայնքներին, եթե դրանք անջատում են մեզ: Տարբեր ծագում և հավատք ունեցող բոլոր կանադացիները միասին են` բազմակարծության, մարդու իրավունքներ և բազմազանության արժեքներում մեր հավաքական հանձնառությունը վերահաստատելու հարցում: Այս տարելիցին խնդրում եմ ձեզ միանալ ինձ` հույս ունենալով խաղաղ ապագայի նկատմամբ, որը հիմնված կլինի հանդուրժողականության, հարգանքի և հաշտեցման վրա»:

Աղբյուր՝ armlur.am

Մեկնաբանություններ