Սուրբ Ծննդյան ուրախություն սահմանամերձ գյուղերում

601

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) նախաձեռնությամբ և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) աջակցությամբ ՀԱԵ երիտասարդները (ովքեր մասնակցել էին այս ամառ ԱՀԱԸ 100 ամյակի համագումարին), հովիվները և քրիստոնեական դաստիարակության բաժնի աշխատակիցները դեկտեմբերի 26-ին հատուկ առաքելությամբ ուղևորվեցին Տավուշի մարզ:

Նպատակը Սուրբ Ծննդյան Բարի Լուրը և նվերները փոխանցելն էր  Տավուշի սահմանամերձ և սահմանապահ 9 գյուղերի` Չինարիի, Այգեձորի, Նորաշենի, Վերին Կարմիրի, Չորաթանի, Մովսեսի, Այգեպարի, Տավուշի և Ներքին Կարմիրի երեխաներին:

Պատրաստելով  հետաքրքիր և անակնկալներով լի ծրագիր, մանունկներին փոխանցեցին Սուրբ Ծննդյան ողջ գաղափարը՝ Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը:

Ընդհանուր առմամբ 6-13 տարեկան ավելի քան 800 երեխա այդ օրը լսեցին Բարի լուրը` Հիսուս Քրիստոսի ծննդյան պատմությունը, սովորեցին Սուրբ Ծննդյան երգեր, խաղացին ամանորյա հետաքրքիր խաղեր, իսկ վերջում, մանուկների ուրախությունն ամբողջացավ, երբ իրենց հանձնվեցին Սուրբ ծննդյան նվերները:

Հեռավոր սահմանամերձ գյուղերում այդ օրը իսկապես յուրահատուկ տոնական տրամադրություն ստեղծվեց:

Անահիտ Սիմոնյան
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ)
Քրիստոնեական դաստիարակության (ՔԴ) բաժնի աշխատակից

Աղբյուր՝ www.eca.am

Մեկնաբանություններ