Ցուրտն ընդամենը անցողիկ եղանակն է, կարևորը՝ սրտում սառնամանիք չլինի

574

Իսկապե՞ս շատ եք ուզում տաքանալ:

Լավությո՛ւն արեք: Չէ, լուրջ, լավություն արեք ծանոթ կամ բացարձակապես անծանոթ մարդուն: Օգնեք «սղլիկ» կոշիկ հագած հայրենակցուհուն, որ հաղթահարի քաղաքապետարանի մաքրիչներից դավադրաբար խուսափած ու սառցապատ մնացած տարածքը: «Ստացեք» ձեր հետ նույն միկրոավտոպահածոյատուփի մեջ գլորվող բոլոր հայրենակիցների ուղեվարձը: Ծիծաղեցրեք անծանոթ երեխային: Ձեր շենքի բակում բոլորի համար տոնածառ զարդարեք: Տաք ապուր կամ թեյ հյուրասիրեք փողոցում սառած անտուն-անտեր մարդուն: Մայթին սառչող տատիկին նստեցրեք «ձեր» տաքսին ու հասցրեք տուն: Լավ, գոնե ճնճղուկներին հացի փշուրներ նետեք…

Կտաքանաք: Համամարդկային կենսափորձով է ստուգված: Ու կտեսնեք, որ այն ժամանակ իսկապես Սուրբ ծնունդը լրացուցիչ «ոչ աշխատանքային օրվանից» կդառնա իսկական տոնական օր, կապ չունի՝ հավատացյա՞լ եք, թե՞ մաթեմատիկացված աթեիստ:

Ցուրտն ընդամենը անցողիկ եղանակն է, կարևորը՝ սրտում սառնամանիք չլինի:

Աստղիկ Պետրոսյան

Մեկնաբանություններ