Ձեր գնալով, հերոս տղերք…

422

Քանի՜ ճրագ մարեց այսօր ու գերեզմանը դրվեց,
Քանի՜ զինվոր գնաց մարտի, փոխարենը բոթ բերվեց,
Քանի՜ տեսիլք ու նպատակ մի գիշերում հոդս ցնդեց,
Քանի՜ անգամ էս օրերում Հայոց երկինքն արտասվեց:

Քանի՜ զինվոր մնաց դաշտում որպես հավերժ մի պաշտպան,
Քանի՜ մայրեր, քանի՜ հայրեր արտասուքով ծերացան:
Հերոսներ եք դուք, տղաներ, ավա՜ղ, չկաք էլ մեր կողքին,
Էլ չենք տեսնի, էլ չենք լսի…  դուք միացաք երկնքին:

Երկիրս հայոց, հողը հայրենի մի քանի օրում շա՜տ հարստացավ,
Հայոց երկինքը թեև ամպամած, բայց ձեր լույսից պայծառացավ:
Միտք եմ անում, չեմ հասկանում, ձեր գնալով, հերո՛ս տղերք,
Մենք ավելի աղքատացա՞նք, թե՞ ուժեղ ու հարուստ դարձանք:

Ցույց տվեցիք ձեր անձնազոհ հերոսությամբ ու ձեր գործով
Որ հարուստ ենք, հարուստ՝ հայի ձե՛ր տեսակով,
Հարուստ` հերոս դաստիարակող մո՛ր տեսակով,
Աղքատացանք ու հասկացանք,
Որ հարուստ ենք՝ հերոս մարդու հա՛յ տեսակով:

Արմեն Նիազյան

Մեկնաբանություններ