Եղիան և Ճգնաժամը

542

Եթե պատմական զուգահեռներ տանենք մեր այսօրվա Հայաստանի և Հին Ուխտի ժամանակաշրջանի՝ Աքաբ թագավորի օրոք (873-852 թթ. մ.թ.ա.) Իսրայելի տնտեսական վիճակի միջև, շատ նմանություններ կհայտնաբերենք, կանենք հետևություններ և, կարևորը, կհասկանանք, թե որտեղ է մեր երկրի տնտեսական ճգնաժամի արմատը:

Հայտնի է, որ ամեն բան սկզբում տեղի է ունենում հոգևոր դաշտում, հետո նոր արտահայտվում ֆիզիկապես:

Աքաբ թագավորի օրոք Իսրայելում տիրող երաշտը արդյունքն էր մթնոլորտում տիրող «հոգևոր երաշտի»: Ժողովրդի կռապաշտության, իր Աստծուց հեռանալու պատճառով երկրի վրա երեք ու կես տարի անձրև չէր եկել: Եվ մի օր Աստված դիմում է Եղիա մարգարեին.

«Գնա՛, Աքաբին երևա ու երկրի վրա անձրև պիտի տամ» (Գ. Թագ. 18:1):

Աքաբը, տեսնելով Եղիային, նրան մեղադրեց Իսրայելում տիրող վիճակի համար: Բայց Եղիան մատը դրեց իրական արմատի վրա.

«Իսրայելին ես չնեղեցի, հապա դու ու քո հոր տունը, քանի որ Տիրոջ պատվիրանները թողեցիք ու Բահաղի հետևից գնացիք» (Գ. Թագ. 18:18):

Եղիայի կատարած հետևյալ քայլերի արդյունքում Իսրայելը դուրս եկավ ճգնաժամից.

  1. Նա հավաքեց ժողովրդին և բոլոր սուտ մարգարեներին Կարմեղոս լեռան վրա և ասաց.

«Դուք մինչև երբ երկու ոտքի վրա պիտի կաղաք. Եթե Եհովան Աստված է, Նրա ետևից գնացեք, իսկ եթե Բահաղն է Աստված, նրա ետևից գնացեք» (Գ. Թագ. 18:21):

  1. Վերականգնեց Տիրոջ փլված զոհասեղանը: Տասերկու քար առավ՝ Իսրայելի 12 ցեղերի թվով և այդ քարերի վրա շինեց իր զոհասեղանը: Մենք՝ հավատացյալներս ենք, այդ 12 քարերը և մեր կյանքը կենդանի զոհ է Տիրոջ ձեռքերում.

«Արդ՝ կաղաչեմ ձեզ, եղբայրներ, Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ընծայեք կենդանի զոհ՝ սուրբ, Աստծուն հաճելի, որ է ձեր բանավոր պաշտոնը» (Հռոմ. 12:1):

  1. Զոհ արեց: Եղիան Զոհասեղանի շուրջը փոս փորեց և 12 դույլ ջուր լցրեց՝ ծածկելով զոհասեղանն ու փոսը: Պատկերացնու՞մ եք ինչպիսի զոհաբերություն էր դա, երբ երկրում ամեն մի կաթիլ ջուրը չափազանց թանկ էր:
  2. Ողջ համարձակությամբ կանչեց Տիրոջ անունը.

«Ով Եհովա Աստված Աբրահամի, Իսահակի և իսրայելի, այսօր թող իմացվի, թե Իսրայելի մեջ Դու ես Աստված ու ես քո ծառան եմ և այս բոլոր բաները Քո Խոսքով արի» (Գ. Թագ. 18:36):

Այդ ժամանակ Տերը երկնքից պատասխանեց կրակով, որը լափեց ոչ միայն ողջակեզը, փայտերն ու քարերը, այլ նաև հողն ու փոսի մեջի ջուրը:

«Բոլոր ժողովուրդը այս բանը տեսնելով՝ երեսի վրա ընկան ու ասին. «Եհովան է Աստված, Եհովան է Աստված» (Գ. Թագ. 18:39):

Ուշադրություն դարձնենք այն փաստին, որ երկիրը ճգնաժամից հանելու համար Աստված դիմեց և գործեց իր մարդու միջոցով, ով չվախեցավ բարձրաձայնել ճշմարտությունը և կատարել հստակ գործողություններ:

Եթե այսօր էլ հավատացյալ մարդիկ լինեն իրենց ճիշտ դիրքում թե՛ նախագահի, թե՛ ժողովրդի և թե՛ զոհասեղանի առջև, Աստված Իր Հոգու կրակով կպատասխանի Երկնքից՝ այրելով բոլոր սուտ աստվածներին, տապալելով ամեն կուռքերի:

Այդ ժամանակ Երկնքից կհորդան «վարար անձրևներ» այս երկրի վրա: Մեր աղոթքն է այսօր.

«Տե’ր, թո՛ղ այս Երկիրը ճանաչի, որ Դու ես միակ ճշմարիտ Աստված»:

Պետրա

Մեկնաբանություններ