Protestant.am-ը զրուցել է աստվածաբան, ապոլոգետ Արթուր Ասադուրյանի հետ

595

Արթուր Ասադուրյանը հետաքրքիր և ուսուցողական հարցազրույց տվեց Protestant.amին:

Արթուր Ասադուրյանը աստվածաբան է, ապոլոգետ, 2010 թվականից հովվություն է արել Լոս-Անջելեսի «Քրիստոնեական առաքելություն հայոց» եկեղեցում և վերջերս տեղափոխվել է Հայաստան՝ ծառայելու նաև Հայաստանի հայերին:

Ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել ապոլոգետիկայով ու ինչո՞ւ ընտրեցիք հենց այս ոլորտը:

Ապաշխարել եմ ու սկսել հետևել Հիսուսին 2003 թվականից,երբ նոր ավարտել էի ավագ դպրոոցս: Հիմնական պատճառները, որ սկսել եմ հետաքրքրվել Աստծով, եղել են այն բազմաթիվ անպատասխան հարցերը, որ ունեցել եմ. արդյո՞ք Աստված գոյություն ունի, կրոններից ո՞րն է ճիշտ, ինչպե՞ս կարող եմ վստահաբար հավատալ:

Երբ դարձա Տիրոջը, սկսեցի փնտրել պատասխաններ, շատ կարդալ, հատկապես Նոր Կտակարանը, ուսումնասիրել: Ցավոք համացանցում այդ ժամանակ հեշտ չէր գտնել նյութեր, տեղեկություններ, չկային ապոլոգետիկային վերաբերող այդքան շատ կայքեր: Գրքեր գրվում էին, բայց հիմնականում նախատեսված էին բարձրագույն կրթության համար և այդքան էլ մատչելի լեզվով չէին:

Սակայն իրականում որոշ քայլեր արվում էին: Օրինակ՝ 1999 թվականին մի քանի քրիստոնյա փիլիսոփաներ սկսել էին թողարկել նոր պարբերական՝ «Philosophia Christi» անվանմամբ, և նրանց հիմնական նպատակն էր օգնել եկեղեցիներին, որպեսզի պատրաստ լինեին պատասխանելու հաճախ հնչող հարցերին:

Բայց քանի որ համացանցում այնուամենայնիվ շատ քիչ տեղեկություն կար, սկսեցի գրքեր ընթերցել, առաջին գիրքն էր Հանք Հանեգրաաֆի «Աստվածաշնչի պատասխանների գիրքը»: Այն ինձ շատ էր դուր եկել, անգամ ուր գնում էի, այդ գիրքը միշտ հետս էի տանում: Հետո մի քանի տղաների հետ ծանոթացա, որոնք Լոս Անջելեսի փողոցներում կամ համալսարաններում քարոզչություն էին անում, ու միացա իրենց: Մարդիկ միշտ մեզ բարդ հարցեր էին տալիս, որոնց պատասխանները չգիտեի: Փողոցային ավետարանչությունից հետո հիմնականում գնում էինք միասին ընթրելու ու գրեթե միշտ մոտ երկու ժամ քննարկում էինք մարդկանց տված հարցերը: Այդ տղաներից շատ բան սովորեցի ու այդ հետաքրքրությունն ու սերն ինձ ուղղորդեցին դեպի Աստվածաբանական դպրոց: 2005 թվականին սկսեցի ուսումս ու երկու տարի հետո պետք է կոնկրետ ուղղվածություն և թեմաներ ընտրեի: Ընտրությունս կանգնեց բարոյագիտություն, աստվածաբանություն, և փիլիսոփայության հիմունքներ առարկաների վրա: Տվյալ ոլորտներում լավ մասնագիտացած դասախոսներ էին ինձ դասավանդում: Սովորելու ընթացքում ընթերցեցի Ջ. Փ. Մորելանդի  «Սիրիր Աստծուն քո ողջ մտքով» գիքը, որն ինձ շատ տպավորեց, ոգևորեց․ արդյունքում շարունակեցի ընթերցել նմանատիպ գրականություն: Ապոլոգետիկան միշտ եղել է իմ նպատակը, բայց ավելի մեծ ցանկություն առաջացավ շարունակել ուսումս փիլիսոփայության մեջ, ի դեպ, այն նույն մարդկանց մոտ, ովքեր հիմնել էին Philosophia Christi պարբերականը: Մագիստրատուրան էլ շարունակեցի հենց փիլիսոփայության ոլորտում, քանի որ այդ դեպքում կարող էի նաև դասավանդել աշխարհիկ ուսումնական հաստատություններում: Ինձ համար միշտ թիրախային խումբ էին քրիստոնեությանը կամ հավատքին դեմ մարդիկ, սակայն հետագայում նկատեցի, որ քրիստոնյաներն էլ կարիք ունեն պատասխաններ ստանալու կամ պատրաստվելու՝ պատասխաններ տալու համար, որովհետև ըստ իս, մենք չենք կարող ճիշտ ավետարանչություն անել, մարդկանց հարցերին սպառիչ պատասխաններ տալ՝ առանց ապոլոգետիկան ուսումնասիրելու:

Ի՞նչպես կսահմանեք ապոլոգետիկան, և ո՞վքեր պետք է ուսումնասիրեն այն:

Բոլորը (ծիծաղում է): Իսկապես լավ կլինի, որ բոլոր քրիստոնյա հավատացյալ անձինք ուսումնասիրեն և սովորեն, քանի որ մարդիկ մեզ են հարցնելու մեր հավատքի մասին:

Ապոլոգետիկան (հայերեն նաև՝ ջատագովություն), նշանակում է պատճառ և պաշտպանություն: Քրիստոնեական ապոլոգետիկան պաշտպանում է քրիստոնեական հավատքն ու աշխարհայացքը, պատասխաններ տալիս բարդ հարցերին:

1 Պետր. 3:15-ում ասվում է. «Այլ Տէր Աստուծուն ձեր սրտի մէջ սուրբ պահեցէք. Եւ միշտ պատրաստ եղէք հեզութեամբ եւ երկիւղածութեամբ պատասխան տալու ամենին, որ ձեր մէջ եղած յոյսի համար պատճառ հարցնէ» ։

Բնագրում «պատասխան տալ» արտահայտությունը հենց «ապոլոգիա» բառն է:

Ապոլոգետիկան, առաջին հերթին օգնում է մեզ, որպեսզի մեր հավատքն ավելի հիմնավոր լինի և երկրորդ հերթին օգնում է, որպեսզի սպառիչ պատասխաններ կարողանանք տալ այլ մարդկանց հարցերին:

Ինչպե՞ս որոշեցիք տեղափոխվել Հայաստան, ո՞րն էր գալու հիմնական նպատակը:

Տասնմեկ տարեկան էի, երբ ընտանիքով տեղափոխվեցինք ԱՄՆ, ու երբեք չէի մտածում, որ մի օր դարձյալ կլինեմ Հայաստանում: Առիթներ ու առաջարկներ եղել էին, բայց միշտ մերժում էի. ցանկություն կամ հետաքրքրություն չունեի: 2017 թվականինին մեր եկեղեցում Հայաստանից երկու  հյուր ունեինք «Խաչմերուկ» ուսանողական կազմակերպությունից, և երբ հանդիպում ունեցա նրանց հետ, զրույցի ընթացքում իմացան, որ Ապոլոգետիկա շատ եմ սիրում, և խնդրեցին, որ Հայաստան գամ, ասացին, որ Հայաստանում կարիք կա ապոլոգետիկայի մասին խոսելու: Ու ինչպես միշտ մերժեցի, հետո համոզեցին, որ գոնե մեկ շաբաթով այցելեմ: Համաձայնվեցի, որ թիմ հավաքեմ, գանք Հայաստան, ապոլոգետիկ կոնֆերանսի ժամանակ խոսենք ուսանողների համար, թրեինինգներ անցկացնենք ու սովորեցնենք: Մեկ տարուց չորս հոգանոց խմբով եկանք Հայաստան: Թիմում էի ես, մի հայ աղջիկ, մի մեքսիկացի և մի հնդիկ: Հետաքրքրականն այն է, որ ինձ ասացին, որ Հայաստանում բազմաթիվ հնդիկ ուսանողներ ունեն, որոնք ևս ուզում են սովորել, ու ես հիշեցի իմ հնդիկ ընկերոջը, ում հետ միասին սովորել էինք ճեմարանում: Նրան առաջարկեցի հետս գալ Հայաստան, և պարզվեց, որ Աստված մեծ սեր էր դրել իր սրտում Հայաստանի հանդեպ, ու ինքն արդեն տասներկու տարի աղոթում էր Հայաստանի համար:

Որոշել էինք հունիսին գալ, բայց փոփոխություններ տեղի ունեցան ու եկանք ապրիլին, ամսի 22-ին՝ հեղափոխության նախօրեին, ինչն իրականում ևս մեծ դեր խաղաց Հայաստանի նկատմամբ իմ զգացողությունների փոփոխության վրա:

Համաժողովը շատ լավ անցավ, սակայն ուսանողների հետ հաղորդակցվելիս, լսելով նրանց հարցերը՝ հասկացա, որ իսկապես մեծ կարիք կա: Երբեմն շատ պարզ հարցեր էին տալիս ու զարմանում էի, թե ինչու չգիտեն, մտածում էի, որ պետք է, որ եկեղեցիներում սովորեին, բայց նաև ինքս, հովիվ լինելով, հասկանում էի, որ եկեղեցիներին էլ շատ դժվար է բազմաթիվ գործերի ու զբաղվածության մեջ հասցնել այդքան թեմաների անդրադառնալ:

Երբ վերադարձանք, շարունակաբար մտածում էի Հայաստան երկարատև այցելելու մասին, աղոթում էի ու կնոջս ասացի, որ ինքն էլ աղոթի և ինձ պատասխան տա: Երկու շաբաթից կինս ասաց.  «Կարծում եմ՝ պետք է գնանք Հայաստան»: Կարևոր հաստատություն էր նաև մեր ավագ հովվի օրհնությունը, ում սրտին Աստված ևս դրել էր աղոթել մեզ համար:  Եվ այդպես կնոջս ու երեխաներիս հետ կես տարի հետո տեղափոխվեցինք Հայաստան:

Եկել ենք երկու տարով, գուցե՝ ավելի երկար: Նպատակս էր ապոլոգետիկայի կենտրոն հիմնելը, որն ի դեպ արդեն գործում է: Սա դպրոց չէ, այլ թրեյնինգների կենտրոն, որտեղ  դասընթացների, հանդիպումների միջոցով ուզում ենք ապոլոգետներ աճեցնել, որոնք կծառայեն եկեղեցիներին: Նպատակն այն է, որ նրանք մնան ոչ թե կենտրոնի ներսում, այլ կրթվելով՝ ծառայեն իրենց եկեղեցիներին ու համայնքներին:

Ինչպե՞ս է ընթանում ապոլոգետիկայի ուսուցումն այժմ: Ո՞վքեր կարող են մասնակցել ու սովորել:

Վերջերս հիմնեցինք «Ապոլոգիա» կենտրոնը. շաբաթական մեկ անգամ՝ հինգշաբթի օրերին դասընթացներ ենք անցկացնում: Այժմ երկու խումբ ունենք՝ ժամը 16:00-18:00 և 19:00-21:00:

Մասնակցել կարող են բոլոր քրիստոնյա հավատացյալները, որոնք ուզում են աճել: Կարևորը, որ պատրաստ և բաց լինեն սովորելու համար: Հարանվանական սահմանափակում չկա, քանի որ դասընթացներին որևէ վարդապետական հարցեր չեն քննարկվում:

Հետագայի համար նաև ցանկանում ենք առանձին խումբ սկսել, որտեղ նաև կկարողանան գալ ոչ միայն քրիստոնյա հավատացյալները, այլ դռները բաց կլինենեն առհասարակ բոլորի համար՝ աթեիստների, անհավատների կամ այլ կրոններ դավանող մարդկանց:

Կարո՞ղ են նման խորքային ուսումնասիրությունները, փաստարկների որոնումները խանգարել հավատքին, արդյո՞ք դրանք ռիսկեր չունեն իրենց մեջ:

Ունեն, բայց չէ՞ որ ամեն ինչն էլ ռիսկ ունի, և ամեն բան կարող է տանել  դեպի մոլորության: Անգամ ապրելը ռիսկ ունի: Բայց դա կախված է մարդու բնավորությունից, թե ինչպես է նա վերաբերվում նոր ինֆորմացիա ձեռք բերելուն: Հակառակ դեպքում՝ մի՞թե գերադասելի է վախենալով ու զգուշանալով տգետ մնալը: Աստծո Խոսքը չի ասում, որ եթե տգետ մնաս, հավատքիդ ոչ մի բան չի սպառնա, այլ մեր հավատքը պետք է աճի: Պիտի իմանանք, թե Ում վրա է հիմնված մեր հավատքը, ոչ թե ինչի, այլ Ում վրա՝ Աստծո վրա: Եթե մենք ուզում ենք աճել հավատքի մեջ, երբեմն հնարավոր է փոքր-ինչ դժվարություններով անցնենք: Չենք կարող պարզապես թաքնվել մեր եկեղեցիների, հարանվանությունների հետևում, պետք է հուսանք Տիրոջը: Եվ եթե Նա տվել է մեզ Իր խոսքն ու հայտնությունը, պետք է ուսումնասիրենք այն: Անտարբերությունը հավատք չէ: Ուզենանք՝ թե չէ, մեր կյանքում մարտահրավերներ լինելու են: Զանազան մարդիկ ու իրավիճակներ մարտահրավերներ են նետելու մեր հավատքին: Ուզում եմ մի օրինակ բերել: Ինչպե՞ս կարող է հավատացյալ ծնողը տանել այն փաստը, որ իր 3 տարեկան երեխան սարսափելի հիվանդություն է ձեռք բերում ու մահանում: Հնարավոր չէ պարզապես անտարբեր մնալ, ու ասել՝ ուղղակի հավատա: Հնարավոր է, որ նա հարցնի, եթե Աստված բարի է՝ ինչո՞ւ են նման բաներ կատարվում, այն դեպքում, որ հետևում ու ծառայում է իրեն: Սա հենց ապոլոգետիկայի հիմնային հարցերից է: Ու այսպիսի հարցեր բարձրաձայնելը շատ նորմալ է, մենք այն տեսնում ենք Աստվածաշնչում: Ամբակումը հարցնում է, Դավիթը հարցնում է, անգամ Հիսուսը խաչի վրա հարցնում է. «Ինչո՞ւ ինձ թողեցիր»: Ու մարդիկ էլ շարունակելու են հարցնել: Եթե որևիցե մեկն ասում է՝ ես չեմ հավատում Աստվածաշնչին, քանի որ այն դարերի ընթացքում փոխվել է, չես կարող պատասխանել, թե կաղոթես իր համար, որ հավատա: Պետք է բացատրես իրեն ու փաստեր ներկայացնես:

Արդեն կես տարուց ավել է Հայաստանում եք, որո՞նք են հայերի կողմից ամենաշատ հնչող հարցերը:

Ամենաշատ հնչող հարցերից է՝ այսքան կրոնների մեջ ինչպե՞ս կարող ենք ասել, որ հենց քրիստոնեությունն է ճիշտ: Չարի գոյության հարցը մշտական է, և, կարծում եմ, միշտ էլ կլինի, քանի դեռ աշխարհում չարություն, արհավիրքներ, աղետներ կան: Գլոբալիզացիայի, միջմշակութային շփումների պատճառով տարածված են արևմուտքից մուտք գործող, փոփոխվող բարքերի մասին հարցերը, որոնք իրենց մեջ ներառում են նաև ԼԳԲՏ-ի հետ կապված հարցերը: Դրանց շուրջ ևս պետք է աստվածաբանական պատասխաններ տալ բոլոր նրանց, ովքեր նման խնդիրներ ունեն: Հայաստանում շատ տարածված է աբորտների խնդիրը: Անգամ 2018 թվականին Հայաստանը աշխարհում երրորդ երկիրն է ճանաչվել սելեկտիվ աբորտների քանակով։ Հետևաբար հարցերն էլ այս թեմայի շուրջ շատ են:

Շնորհակալ ենք անկեղծ ու շատ հետաքրքիր զրույցի համար: Թող Աստված օրհնի Ձեր ծառայությունները և նպատակին հասնելու ուղին:

Զրուցեց Աննա Բարսեղյանը

Մեկնաբանություններ