Protestant.am-ի զրուցակիցն է եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանը

464

Protestant.am-ը զրուցել է ԱՀՔ «Միաբանություն» եկեղեցու ավագ հովիվ, եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանի հետ:

 

Հովիվ Ռուբիկ, Դուք երիտասարդ տարիքից ծառայում եք Աստծուն: Ինչպե՞ս դարձի եկաք և սկսեցիք Տիրոջ հետ Ձեր առաջին քայլերը:

Ես ութ տարեկան էի, երբ մեր տուն մի անծանոթ մարդ եկավ, ում երբևէ չէի տեսել: Ի զարմանս ինձ՝ մայրս նրան շատ ջերմ ընդունեց և ասաց. «Երեխաներ, նա իմ քեռին է՝ Հակոբ քեռին, ում մասին ձեզ շատ եմ պատմել»…
Նա նոր էր վերադարձել աքսորից, որտեղ հայտնվել էր պատերազմից հետո:

Չեմ հիշում, թե ինչ էր նա մեզ բերել՝ քաղցրավենիք, կամ ուրիշ մի բան, բայց շատ լավ եմ հիշում նրա պատմությունները և վկայությունները Հիսուսի մասին, Ավետարանի հավատքի մասին, որոնք հենց այդ օրվանից մեր ընտանիքի կյանքը հիմնովին փոխեցին:

Իրականում իմ դարձի գալն ավելի շատ կապված էր ծնողներիս որոշման և հավատքն ընդունելու, իսկ շարունակությունն Աստծո շնորհքի և ողորմության հետևանքն է:

Առաջին քայլերը այժմ՝ շատ տարիների հեռվից, երևում են որպես միամիտ, պարզ մի երեխայի՝ դեպի Աստված գնալու մի շատ հետաքրքիր ընթացք՝ ջերմեռանդ աղոթքներ, հետաքրքիր և գրավող պատմություններ…

Իսկ Հակոբ քեռին, ում հիշատակեցի, Հոգեգալստական եկեղեցու հիմնադիր հովիվ, շատ հայտնի երջանկահիշատակ Հակոբ Մկրտչյանն է:

Պատմեք մի փոքր «Էմմանուել» եկեղեցու ձևավորման մասին:

«Էմմանուել» եկեղեցին ձևավորվել է 1999 թվականին և շարունակում է ձևավորվել ու դիմակայել այսօրվա մարտահրավերներին: Եվ այստեղ դարձյալ պետք է ասեմ, որ սա էլ ինձ հետ շատ կապ չունի, որովհետև այս գործն Աստված է սկսել և Աստված էլ Իր շնորհքով հիմա առաջնորդում է:

Բոլորվին վերջերս նշեցիք «Միաբանություն» եկեղեցիների միության 15-ամյակը: Նախ՝ շնորհավորում ենք այդ հոբելյանական տարեդարձի առթիվ: Թող Աստված օրհնի ու ավելի արգասաբեր դարձնի «Միաբանության» գործունեությունը: Քանի՞ եկեղեցի է այսօր իր մեջ ներառում «Միաբանությունը»: Ի՞նչ պահանջների պետք է բավարարի եկեղեցին՝ միությանը անդամակցելու համար: Կա՞ն չափանիշներ:

Այսօր «Միաբանության» կազմում 12 եկեղեցիներ են. կան և մեծ ու բազմաքանակ եկեղեցիներ, և ոչ շատ մեծ եկեղեցիներ:

Թող Աստված եղածն օրհնի և շատացնի: «Միաբանությունը» բաց է և՛ մտնողների, և՛ դուրս եկողների համար: Առանձնահատուկ պայմաններ չկան:

Գլխավոր պայմանը ուղղադավան լինելն է և քրիստոնեական արժեհամակարգին համապատասխանությունը, ունենք կանոնադրություն, որ ցանկացողները կարող են ծանոթանալ:

Ինչպե՞ս եք գնահատում միջեկեղեցական համագործակցության ներկայիս մակարդակը մեր երկրում:

Իդեալական չէի կոչի, բայց քանի որ միջեկեղեցական փոխհարաբերությունների թե՛ վիճակին, թե՛ բարդություններին ծանոթ եմ շատ մոտից՝ գոնե 30 տարիներից ավելի, կարող եմ ասել, որ այսօր այն ավելի լավ է, քան երբևիցե եղել է Հայաստանում:

Թե՛ համագործակցության առումով, թե՛ իրար ընդունելու, թե՛ իրար չփնովելու առումով այսօր վիճակն ավելի բարվոք է:
Փա՛ռք Աստծուն այստեղ հասցնելու համար:

Դուք ծառայել եք, թե՛ խորհրդային, և թե՛ ետխորհրդային կարգերի ժամանակ, քրիստոնյաների շրջանում ինչպիսի՞ տարբերություններ եք նկատում:

Ասում են՝ անցյալի մասին հիացմունքով խոսելը լավ երևակայության և վատ հիշողության պատճառով է:
Կարծում եմ՝ նախկինում մարդիկ ավելի լուրջ էին վերաբերվում Աստծո Խոսքին, հավատքին և քրիստոնեական էթիկայի հարցերին: Փոփոխություններն աշխարհում իրենց հետ փոփոխություններ են բերում նաև եկեղեցում: Լավ է դա, թե վատ՝ արդեն ուրիշ հարց է. ես փաստն եմ արձանագրում:

Նախկինում քիչ հոգևոր ճշմարտություններ գիտեր ժողովուրդը և ուներ մեծ նվիրում, այսօր ունի ավելի շատ գիտություն, բայց ամբողջական նվիրման պակաս կա:

Ըստ Ձեզ, ո՞րն է այսօր Եկեղեցուն ուղղված մեծագույն մարտահրավերը:

Դժվար է միայն մեկ գլխավոր մարտահրավեր մատնանշել, դրանք շատ են և գնալով ավելանում են: Փորձեմ շատ համառոտ մեկ երկուսի մասին ասել:

Բ Կորնթացիների նամակի 11.3-4 խոսքերն այն զգուշացումներն են, որ Աստծո Հոգին Պողոսի միջոցով փոխանցել է մեզ:

«Բայց վախենում եմ՝ միգուցէ ինչպես օձն իր խորամանկությամբը խաբեց Եվային, այնպես էլ ձեր միտքն ապականուի այն միամտությունիցը, որ Քրիստոսումն է։ Որովհետև եթե մեկը գա և ուրիշ Հիսուս քարոզէ, որ մենք չ’քարոզեցինք, կամ ուրիշ հոգի առնեք՝ որ չ’առաք, կամ ուրիշ ավետարան, որ չ’ընդունեցիք, լավ կ’համբերեի»:

Այսօր վտանգ կա Ավետարանի միակողմանի քարոզչության. բժշկության, բարգավաճման, ազատագրության, օրհնության Ավետարանի քարոզչությունը գերակշռում է:

Սրանցից ոչ մեկին դեմ չլինելով՝ ասեմ, որ Հիսուսը՝ մեր Տերը, քարոզում էր Արքայության Ավետարանը: Ուրիշ Հիսուս, ուրիշ Ավետարան և ուրիշ հոգի քարոզելը մեր օրերի մեծագույն մարտահրավերներից է, անշուշտ նաև եկեղեցու աշխարհիկացման միտումը:

Հնարավո՞ր է արդյոք խուսափել փորձություններից: Կխնդրեմ մեկնաբանել պատասխանը:

Չգիտեմ՝ փորձություն ասելով՝ կոնկրետ ի՞նչ նկատի ունեք, բայց եթե փորձեմ մեկ բառով ասել՝ «Ո՛չ, հնարավոր չէ»…

Նախ մեր Տերը չխուսափեց և հետո Սուրբ Գիրքը բազում հատվածներում միանշանակ խոսում է այս մասին՝ Բ Տիմ. 3.12, Բ Տիմ. 4.5, Հռոմ. 5.3, Ա Կորնթ. 10.13, Հակ. 1.12, Ա Պետրոս 4.12,13 և ուրիշ շատ հատվածներ:

«Եվ ամենը, որ կամենում են աստվածպաշտությամբ ապրիլ Քրիստոս Հիսուսումը, հալածանք պիտի կրեն» (Բ Տիմ. 3.12):

«Բայց դու արթուն կաց ամեն բանի մեջ նեղութիւններ կրելով. ավետարանչի գործը գործիր. Քո պաշտոնը կատարիր» (Բ Տիմ. 4.5):

«Եվ ոչ միայն այսքան, այլ նեղությունների մեջ էլ պարծենում ենք. գիտենալով որ նեղությունը համբերություն է գործում» (Հռոմ. 5.3):

«Ձեզ ուրիշ փորձություն չէ պատահել բացի մարդկային փորձութիւնից. բայց Աստված հավատարիմ է, որ չի թողիլ ձեզ ձեր կարողությունիցը վեր փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք համբերել» (Ա Կորնթ. 10.13):

«Երանելի է այն մարդը որ համբերում է փորձության. Վասնզի եթե փորձվելով ընտիր գտնվի կյանքի պսակը կ’առնէ, այն որ Տէրը խոստացավ իրան սիրողներին» (Հակ. 1.12):

«Սիրելիներ, օտար բան մի համարեք այն բորբոքուած նեղությունը, որ ձեզ փորձելու համար լինում է, իբր թե մի օտար բան է պատահում ձեզ։ Այլ ուրախ եղեք իբրև թե Քրիստոսի չարչարանքին մասնակից եղածներ, որ նրա փառքի հայտնության ժամանակումն էլ ցնծալով ուրախանաք» (Ա Պետրոս 4.12,13):
Ոչ ոք չի կարող կայանալ որպես իսկական քրիստոնյա՝ առանց փորձությունների:

Ձեր օրհնությունը` մեր ընթերցողին:

Սիրելի ընթերցող, եթե կարդում ես այս տողերը և հավատքով Հիսուս Փրկչին չես ընդունել և Նրան չես վստահել կյանքդ ու ապագադ, ապա օրհնություն կլինի, որ չուշացնես և հիմա ընդունես փրկության օրհնությունը:

Իսկ դու, հավատքի մարդ, արդեն օրհնված ես, ամուր բռնիր քո օրհնությունը:
Աստված պատվիրեց Մովսեսին, որ ժողովրդին այսպես օրհնի՝ «Եհովան օրհնի քեզ և պահի քեզ: Եհովան պայծառեցնի Իր երեսը քեզ վրա ու ողորմի քեզ: Եհովան բարձրացնի Իր երեսը քեզ վրա և խաղաղություն տա քեզ»…

Քանի որ մոտենում է մեր Փրկչի Սուրբ Ծնունդը և Նոր Տարին՝ օգտվելով առիթից շնորհավորում եմ բոլորիս՝ Փրկչի լուսավոր Ծնունդի 2015-րդ տարեդարձը:

Օրհնություններով Ռ. Թումանյան

Զրուցեց Գոռ Կարապետյանը

Մեկնաբանություններ