Գողգոթա, ամբոխ

417

Ես էլ Քեզ նման գամված եմ փայտին,
Քո կողքին խաչված որպես ավազակ,

Բայց չեմ կարող զգալ ցավն այն,
Որ Դու ես զգում:
Մի չարագործ եմ, թշվառ ու ստոր,
Սակայն այս մարդիկ ինձ չեն անարգում,
Միշտ Քեզ են հեգնում, ծաղրում, ասելով.
«Թե Աստծու Որդի ես, իջիր այդ խաչից»:

Որպես պատասխան Դու աղոթում ես.
«Հայր ներիր նրաց,
Քանզի չգիտեն, թե ինչ են անում»
Ո՞վ ունի սիրտն այն, որը Դու ունես:

Այդ ի՞նչ հրաշք է, մարդը չի կարող
Իր սպանողի համար աղոթել:
Տեսնում եմ ինչպես արյունդ ծորում՝
Իջնում է ներքև, թափվելով հողին,
Արյունն արդարի, այս Գողգոթայում
Խմբված, խառնամբոխ բազմության առաջ:

Պատմուճանիդ վրա վիճակ են գցում՝
Գոհունակ կերպով, քահ-քահ ծիծաղում:

Տեսնում եմ ինչպես մենակ Ես, լքված՝
Այս դժվար ժամին,-այս մահվան ժամին:

Մի երկու կանայք ու մի տղամարդ
Ճմլված սրտով միշտ Քեզ են նայում,
Ցավ է երևում նրանց վախվորած,
Ամենից հոգնած հայացքների մեջ:

Այդ տեսարանից կոտրվում եմ ես՝
Կավե կուժի պես, մոտն այն աղբյուրի,
Կյանքն է իմ անցնում աչքերիս առաջ:

Իմ արարքներն եմ հիշում չարանենգ,
Սրի պես կտրուկ խոցում են սիրտս.
Մի ուրիշ վիշտ է պատում ինձ հանկարծ,
Որ մոռանում եմ ցավն իմ մարմնի,
Նույնիսկ չեմ զգում՝ կախված եմ խաչից
Եվ ափերիս մեջ մեխեր են խրված:

Էլ չեմ տեսնում ամբոխին գժված,
Չեմ լսում քրքիջն այն դժոխային,
Խորը զղջում եմ արածիս համար,
Ապրածիս համար ներում եմ հայցում:

Ու սրտի ցավից ատամներս սեղմած,
Հազիվ բացում եմ բերանս գոցված,
Ես Քեզ եմ դիմում. «Տեր Հիսուս արքա,
Հիշի՛ր ինձ խնդրում եմ, երբ փառքովդ գաս»:

Եվ նայում եմ Քո՝ ծարավից ճաքած, ուռած շուրթերին,
Իսկ Դու հեզությամբ ու մեղմիկ տոնով՝
Հայացքիդ մեջ թողություն, ներում,
Արտասանում Ես այս զույգ խոսքերը.
«Դու այսօր Ինձ հետ դրախտում կլինես»:

Իմ նվաղած աչքերից արցունք է թափվում,
Ուզում եմ Ճչալ ազատությունից,
Ուզում եմ իջնել փաթաթվել, գրկել,
Եվ Քո արյունոտ ոտքերն համբուրել:

Բայց չէ, չեմ կարող, գամված եմ խաչին
Եվ իմ արժանի պատիժն եմ կրում:

Ու սպասումից պայթում է ներսս,
Թե երբ պիտի իմ մարմնից դուրս գամ,
Այնտեղ՝ դրախտում, ոտքերդ ընկած՝
Գոհունակությունս ես Քեզ հայտնեմ:

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ