Հալեպում հայուհի է զոհվել. Նոր գյուղի հրթիռակոծությունից նաև հայեր են վիրավորվել

303

Հալեպի Սուլեյմանիե թաղամասի ուղղությամբ զինյալ ահաբեկիչների արձակած ինքնաշեն հրթիռի պայթյունից հայուհի է զոհվել:

Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, զոհված հայուհին 1980 թվականին ծնված Բեթի Ներսեսյանն է:

«Արևելք» պարբերականը, սեփական աղբյուրի հղումով, տեղեկացնում է, որ շարունակվել է նաև Նոր գյուղ հայաշատ թաղամասի հրթիռակոծությունը:

Այստեղ հրթիռի պայթյունից վիրավորվել են 34-ամյա Քաթրին Խաչոյանը, 62-ամյա Կարապետ Խաչոյանը և 33-ամյա Նորա Սարգիսը:

Հալեպի հայաշատ թաղամասերի ինտենսիվ հրթիռակոծությունը շարունակվում է արդեն մի քանի օր:

Հունիսի 2-ին Նոր գյուղում զոհվել էին 4 հայեր. 1942 թվականին ծնված Վազգեն Ճապաղջուրյանը, 1949 թվականին ծնված Խաչիկ Աբուլապությանը, 1967 թվականին ծնված Հովսեփ Ջանեցյանը և 1954 թվականին ծնված Լևոն Քելխաչերյանը:
Այս օրերին Հալեպի հայաշատ թաղամասերում՝ մասնավորապես Նոր գյուղում, մի քանի տասնյակ հրթիռներ են ընկել: Գրանցվել են նյութական լուրջ վնասներ:

Վնասվել են բնակարաններ, աշխատավայրեր, հրկիզվել էր մի արհեստանոց, որում էլ զոհվել էին հայերը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ  լուրջ վնասներ է կրել հայ կաթողիկե համայնքին պատկանող Սուրբ Երրորդությունը՝ «Զվարթնոց» եկեղեցին: Եկեղեցուն կից վարժարանի համարյա բոլոր դասարանները կիսաքանդ վիճակում են:

Լուրջ վնասներ են կրել եկեղեցու «Աղաջանյան» սրահը, միանձնուհիների սենյակները․ եկեղեցու բոլոր ապակիները կոտրվել են, երբ դրա մոտ հրթիռ է ընկել ու պայթել, իսկ «Զվարթնոց» վարժարանի մեջ մեկից ավելի հրթիռներ են ընկել՝ վնասելով դասարանները:

Երեկ հրթիռներ են ընկել նաև Նոր գյուղի շուկայի մոտակայքում:

BBC-ի հաղորդմամբ՝  վերջին օրերին Հալեպում զոհերի թիվը անցնում է 40-ից, վիրավորների թիվը մոտ 140 է:

Սիրիայում արդեն 5 տարուց ավելի շարունակվող պատերազմի ընթացքում հայ համայնքն ավելի քան 150 զոհ է տվել: Վնասվել է համայնքապատկան գույքի զգալի մասը՝  այդ թվում եկեղեցիներ, դպրոցներ:

Աղբյուր՝ tert.am

Մեկնաբանություններ