Հինգ կարևոր կետ հարգանք վաստակելու համար

446

Հաճախ շատերը դժգոհում են, որ իրենց չեն հարգում, կամ արժանի են հարգանքի ավելի, քան ստանում են մարդկանցից:

Իհարկե հարգանք վաստակում են խոհեմ քայլերով, և ժամանակի ընթացքում, բայց հարգանքը սկսվում է մարդու հետ շփումից:

Առանձնացնենք հինգ կարևոր կետ, որոնք մեզ պետք են զրույցի ժամանակ հարգանք վաստակելու համար:

1. Խոսիր այն թեմայից, ինչից գլուխ ես հանում

Կարող ես լսել ցանկացած թեմա էթիկայից ելնելով, բայց ինչ որ բան ասելուց առաջ նախ պետք է թեմայից տեղյակ լինես, այլապես ավելի լավ է ասել, որ այդ հարցից գլուխ չես հանում, և դժվարանում ես խորհուրդ տալ, քան թե պարտադրված զգալով ասես բաներ, որից դիմացինին պարզ կդառնա որ դու գործից անտեղյակ ես:

2. Խոսիր համառոտ

Թող քո խոսքը չձանձրացնի դիմացինին: Կարճ ինֆորմացված խոսքը ավելի է հիշվում ու գնահատվում, քան երկար ու բարդ մտքերը:

3. Հարգիր դիմացինի կարծիքը

Զերծ մնա քո կարծիքը «հարյուր տոկոսանոց» հնչեցնելու տոնից:
Եթե խոսքիդ մեջ անհերքելի փաստեր կան, սա այլ հարց է, բայց երբ արտահայտում ես ընդամենը քո կարծիքը, ապա «այս հարցում սխալվում եք: Ճիշտը սա է…» կամ նման այլ մոտեցումներով և՛ լարվածություն ես ստեղծում, և՛ մադկանց մոտ ձեռք ես բերում ինքնահավանի տպավորություն: 

4. Մի ընդհատիր դիմացինին

Անգամ եթե վստահ ես, որ նա սխալ թույլ տվեց նախադասության մեջ, միևնույն է՝ դու իրավունք չունես նրան ընդհատելու, եթե իհարկե ուզում ես հարգեն քո կարծիքը:
Թույլ տուր թող զրուցակիցդ վերջացնի խոսքը, նոր արտահայտվիր:

Հաճախ մարդիկ խոսում են դադարներով: Նման դեպքերում դժվար է հասկանալ նա վերջացրե՞ց խոսքը, թե՞ հերթական դադարն է, որից հետո շարունակելու է: Այս դեպքում ամոթ չէ հարցնել զրուցակցիդ, թե վերջացրե՞ց արդյոք, հետո նոր խոսել:

Եթե ամեն դեպքում հարկադրված ես ընդհատելու, ապա քո ընդհատումը պարտադիր պետք է լինի ներողություն խնդրելուց հետո միայն: Խոսքդ ավարտելուն պես էլ անպայման հիշիր, թե որտեղից ընդհատեցիր զրուցակցիդ, որ խնդրես նրան շարունակել:

5. Դադարիր ծիծաղել մի բանի վրա, ինչը քեզ դուր չի գալիս

Սա շփման մեջ ամենանուրբ կետն եմ համարում, որը, լինելով աննշան երևույթ, ավելի շատ է խոսում մեր մասին, քան մի ամբողջ հարցազրույց:

Ծիծաղն արտահայտում է ուրախություն: Իսկ ծիծաղելը կատակի վրա ցույց է տալիս մեր հավանությունն այդ կատակին, հետո նոր մեր ուրախությունը, որ ունեցանք կատակը լսելուց հետո:

Երբ մեկը կատակ է անում մեզ անդուր թեմայով, մենք հաճախ ծիծաղում ենք, որ կոպիտ չթվանք մարդկանց աչքին, և կատակի հեղինակն էլ իրեն վատ չզգա: Սակայն չենք մտածում, որ մեկի հումորի վրա մեր մի ծիծաղը կարծիք է ձևավորում մեր մասին:

Կան մարդիկ, որոնց հումորները հիմնականում լինում են անտակտ, պղծված և հետին մտքերով: Հավատա՛, որ նման հումորներ, անեկդոտներ լսելիս՝ ծիծաղելու փոխարեն հանդիմանական մի հայացքն ավելի մեծ հարգանք ու պատկառանք կբերի քեզ:

Իսկ ծիծաղելով՝ ինքնըստինքյան նմանվում ենք նրանց, հետո էլ ամբողջ կյանքում զարմանում, թե ինչու մեզ չեն հարգում, չէ՞ որ մենք կրթված ենք ու լրջամիտ:
Մեզ համար տհաճ կատակի վրա ծիծաղելով՝ դարձյալ ցույց ենք տալիս, որ ուրախ ենք, ու մեզ էլ դուր եկավ այն, ինչ որ կատակողին, հետևաբար միաբանվում ենք նրա հետ, ում դուր է գալիս դա, այս դեպքում՝ պատմողի:

Նման վրիպումները ժամանակի ընթացքում կստիպեն մարդկանց կորցնել քո նկատմամբ հարգանքը:
Հիշի՛ր, որ քո խոսքն ավելին է խոսում քո մասին, քան այլոց կարծիքը:

Ռուբեն Կարոյան

Մեկնաբանություններ