Հռոմի Պապի այցելությունը Հայաստան ինչ-որ իմաստով պատմական է և բացառիկ. Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյան

477

«Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցելությունը Հայաստան ինչ-որ իմաստով պատմական է և բացառիկ՝ հաշվի առնելով Ֆրանցիսկոս պապի անձն իբրև հայ ժողովրդի բարեկամ, իբրև  այն միակ Պապը, ով Հովհաննես Պողոս Երկրորդից հետո բացահայտ կերպով Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Նա նաև նշեց, որ Հռոմի Պապի այցը համացանցում ներկայացվեց իբրև տարածաշրջանային այց, բայց Վրաստան և Ադրբեջան այցելելու է սեպտեմբերին. «Հաշվի առնելով Հայաստանի բացառիկությունը՝ իբրև առաջին քրիստոնյա երկիր, Հռոմի Պապն առանձնաբար է այցելելու Հայաստան, առանձին այցելություն է մի երկիր, ուր Հովհաննես Պողոս Պապն իր այցելությունը (2001 թվական) բնութագրել էր որպես ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր: Վրաստան և Ադրբեջան այցելելու է մեկ այցի շրջանակում»:

Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը նաև մանրամասն ներկայացրեց Հռոմի Սրբազան Քահանայապետի Հայաստան այցի ծրագիրը:

Ֆրանցիսկոս Պապը  Հայաստան է ժամանելու հունիսի 24-ին ժամը 15:00-ին և այդ օրը  հատկացված է լինելու հիմնականում արարողակարգային, պաշտոնական հանդիպումներին: Օդանավակայանում պետական արարողակարագի,  բարիգալստյան ընդունելությունից հետո Հռոմի Պապն  ուղևորվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նույնպես տեղի է ունենալու բարիգալստյան «Հրաշափառի» արարողություն:

«Սա մի արարողություն է, որ նախատեսված է հատուկ եկեղեցական պետերի համար  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում»,- ասաց նա:

Այնուհետև Հռոմի պապը պաշտոնական հանդիպում կունենա  նախագահականում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որից հետո նախատեսված է առանձնազրուց, պատվիրակությունների ներկայացում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ  կմասնակցի Հայոց եղեռնի սուրբ նահատակների համար կատարվող բարեխոսական աղոթքին, ծաղկեպսակ կդնի:

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Այնուհետևև կայցելի  Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար:

«Գյումրի այցը պայմանավորված է այն հանգամանքով, որ այնտեղ կա  հայ կաթողիկե համայնք, բացի այդ Հռոմի Պապը սովորություն ունի այցելել այն վայրեր, որոնք խոցելի են, տարերային խնդիրների պատճառով հասարակությունը սոցիալական խոցելի վիճակում է հայտնվել: Բայց հիմնականն այն է, որ Գյումրին ավանդաբար համարվում է մի վայր, որտեղ հայ կաթողիկե և հայ առաքելական եղբայրակցությունն ամուր է»,- ասաց Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք:

«Սա թերևս Պապի այցելության ամենահանդիսավոր, ամենամարդաշատ արարողություններից մեկն է լինելու: Հանրապետության հրապարակում 50-60 հազար մարդ պետք է լինի: Այն ինչ որ իմաստով խաղաղության աղոթք է, Մերձավոր Արևելքում, տարածաշրջանում խաղաղության հաստատման կոչեր են հնչելու»,- նշեց Տեր Շահեն:

Հունիսի 26-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետը հանդիպում կունենա Հայ Կաթողիկե եպիսկոպոսների հետ,   Սուրբ Տրդատ բաց խորանում նախատեսվում է պատարագ, որը մատուցելու է Վեհափառ Հայրապետը:

Ս. Պատարագի արարողությանից հետո կլինի էկումենիկ ճաշկերույթ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ:

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կստորագրեն Համատեղ հայտարարություն:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատուն ասաց, որ, պայմանավորվածության համաձայն, հայտարարության տեքստը մի քանի օր առաջ կտրվի մամուլին:

Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:

«Խոր Վիրապը խորհրդանշական է համաքրիստոնեական իմաստով: Գրիգոր Լուսավորիչն այնտեղ 15 տարի բանտարկված է եղել, որտեղից դուրս գալով՝ Հայաստանում հիմնել է քրիստոնեկան եկեղեցին»,- նշեց նա:

Նույն օրը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Երևանից կմեկնի Հռոմ:

Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը տեղեկացրեց, որ Մայր Աթոռը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինին հրավեր է ուղարկել այդ օրերին նույնպես լինել Հայաստանում, դեռևս պատասխան չի ստացել:

Աղբյուր՝ panorama.am

Մեկնաբանություններ