Իմաստուն առակ. «Ի՞նչ արժես դու»

577

Մի անգամ Վարպետի մոտ մի երիտասարդ եկավ և ասաց.

– Ես եկել եմ քեզ մոտ, որովհետև ինձ այնքան ողորմելի և անպետք եմ զգում, որ չեմ ուզում ապրել: Շուրջբոլորը պնդում են, որ ես անհաջողակ եմ, անճարակ և ապուշ: Խնդրում եմ քեզ, Վարպետ, օգնիր ինձ:

Վարպետը հպանցիկ նայեց երիտասարդին և շտապ պատասխանեց.

– Կներես, բայց ես հիմա շատ զբաղված եմ և չեմ կարող քեզ օգնել: Ես պետք է շտապ հարթեմ մի կարևոր գործ,- և մի փոքր մտածելով՝ ավելացրեց,- բայց եթե դու համաձայնես օգնել ինձ իմ գործում, ես էլ հաճույքով կօգնեմ քեզ քոնում:

– Հաճույքով, Վարպետ,- մրթմրթաց երիտասարդը՝ դառնորեն նշելով, որ իրեն հերթական անգամ մղում են երկրորդ պլան:

– Լավ,- ասաց Վարպետը և իր ձախ ճկույթից հանեց մի փոքր մատանի` գեղեցիկ քարով: -Վերցրու ձին և հասիր շուկա: Ինձ պետք է շտապ վաճառել այս մատանին, որպեսզի պարտքս տամ: Աշխատիր ինչքան հնարավոր է թանկ վաճառել և ոչ մի դեպքում չհամաձայնվես ոսկեդրամից ցածր գնի: Գնա և ինչքան հնարավոր է շուտ վերադարձիր:
Երիտասարդը վերցրեց մատանին և գնաց:

Հասնելով շուկա՝ նա սկսեց մատանին առաջարկել առևտրականներին, և նրանք սկզբից հետաքրքրությամբ ուսումնասիրում էին ապրանքը: Բայց հերիք էր նրանք լսեին ոսկեդրամի մասին, որ միանգամից կորցնեին իրենց հետաքրքրությունը մատանու հանդեպ:

Ոմանք բացեիբաց ծիծաղում էին նրա դեմքին, ուրիշներն ուղղակի շրջվում էին, և միայն մի տարեց վաճառական սիրահոժար բացատրեց նրան, որ ոսկեդրամը շատ բարձր գին է այդպիսի մատանու համար և դրա դիմաց կարող են տալ կամ պղնձե դրամ, կամ, ծայրահեղ դեպքում` արծաթե:

Լսելով ծերունու խոսքերը՝ երիտասարդը հուսահատվեց, քանի որ նա հիշում էր Վարպետի պատվիրանը` չվաճառել մատանին ոսկեդրամից ցածր գնով:
Պտտվելով ամբողջ շուկայում և մատանին առաջարկելով հարյուրավոր մարդկանց` երիտասարդը կրկին հեծնեց ձին և վերադարձավ:
Ձախողումից սաստիկ հիասթափված` նա գնաց Վարպետի մոտ:

– Վարպետ, ես չկարողացա կատարել քո հանձնարարությունը,- տխրությամբ ասաց երիտասարդը: -Լավագույն դեպքում ես կկարողանայի վաճառել մատանին մի քանի արծաթե դրամի դիմաց, բայց դու հրամայել էիր չվաճառել մատանին ոսկեդրամից ցածր գնով:

– Դու հենց նոր շատ կարևոր խոսքեր արտաբերեցիր, որդի,- ասաց Վարպետը,-
Նախքան փորձելը՝ մատանին վաճառել, վատ չէր լինի սահմանել դրա իրական գինը: Իսկ ոսկերչից լավ դա ո՞վ կանի: Գնա ոսկերչի մոտ և հարցրու, թե ինչքան նա կառաջարկի մատանու համար: Բայց ինչ էլ որ նա պատասխանի, մի վաճառիր մատանին, այլ վերադարձիր ինձ մոտ:

Երիտասարդը նորից ցատկեց ձիու վրա և գնաց ոսկերչի մոտ:
Ոսկերիչը երկար ուսումնասիրում էր մատանին խոշորացույցով, հետո կշռեց այն փոքր կշեռքի վրա և դիմեց երիտասարդին.

– Փոխանցիր Վարպետին, որ հիմա ես չեմ կարող 58 ոսկեդրամից ավելի տալ: Բայց եթե նա ինձ ժամանակ տա, ես կգնեմ մատանին 70 ոսկեդրամով` հաշվի առնելով գործարքի հրատապությունը:

– 70 ոսկեդրա՞մ,- երիտասարդը երջանիկ ծիծաղեց, շնորհակալություն հայտնեց ոսկերչին և գնաց Վարպետի մոտ:

– Նստիր այստեղ,- ասաց Վարպետը` երիտասարդի աշխույժ պատմությունը լսելուց հետո.- Իմացիր, որդի, դու հենց այդ մատանին ես. թանկարժեք և անկրկնելի: Եվ քեզ կարող է գնահատել միայն իրական փորձագետը: Այսպիսով, ինչո՞ւ ես դու գնում շուկա և սպասում, որ դա կանի առաջին պատահած մարդը:

Աղբյուր՝ 168.am

Մեկնաբանություններ