Ինչի՞ համար է հարստությունը նախատեսված․ Քենեթ Քոուփլենդ

641

«Նա, որ գողանում է, թող էլ չգողանա, այլ մանավանդ աշխատի՝ իր ձեռներով բարին գործելով, որ ունենա տալու պետք ունեցողին»: — Եփեսացիների 4. 28

Ես միշտ զարմանում եմ, երբ բարգավաճման մասին քարոզելուց հետո ինչ-որ մեկը մոտենում է ինձ և ասում. «Ինձ շատ հարստություն պետք չէ: Ես պարզ մարդ եմ և պարզ կյանքով եմ ապրում: Եվ ես Աստծուց այնքան եմ խնդրում, որ կարողանամ կարիքներս հոգալ»:

Նրանք կարծում են, թե դա խոնարհություն է: Բայց ո՛չ: Դա եսասիրություն է: Փաստորեն, չհասկանալով նրանք ասում են. «Ես միայն մտածում եմ սեփական կարիքներս հոգալու մասին: Ես ոչ մի ցանկություն չունեմ ինչ-որ մեկին օգնելու համար»:

Նրանք կարող են Աստծուց խնդրել մեկ միլիոն դոլար, դրանից վերցնել այնքան, որքան իրենց անհրաժեշտ է կարիքները հոգալու համար, իսկ մնացածը վատնել: Բայց այդպես էլ չի լինում, որովհետև, երբ խոսքը գնում է գումարի մասին, աշխարհը նրանց համոզել է, որ եթե գումար ունես, պետք է պահես:

Այսօր այդ փիլիսոփայությունը շատ է խանգարում Հիսուս Քրիստոսի ծառայությանը: Դրա պատճառով քարոզիչները մի կողմ են դրել իրենց կոչումը և աշխարհիկ աշխատանք են գտել գոյատևելու համար: Դա եկեղեցիներին անդամալույծ է դարձրել և դանդաղեցրել է ծառայողների աճը, որոնք կարող էին բազմահազար մարդկանց հասնել Տիրոջ համար:

Ավետարանը քարոզելու համար գումար է հարկավոր: Հիսուսն անձամբ գիտեր դա, և ի հեճուկս որոշ մարդկանց մտածելակերպի՝ Նրա ծառայությունը աղքատիկ չէր: Իր ծառայության միջոցով այնքան շատ գումար էր գալիս-գնում, որ Նա պետք Է գանձապահ նշանակեր: Նրա անունն էր Հուդա:

Բայց Հիսուսը այդ գումարները Իր համար չէր պահում: Նա դրանք տալիս Էր Իր շուրջը գտնվող մարդկանց կարիքները հոգալու համար: Նա զոհաբերողի այնպիսի համբավ ուներ, որ այդ վերջին Զատկի գիշերը, երբ Հուդան այդպես հապճեպ հեռացավ, աշակերտները մտածեցին, թե Հիսուսը կարգադրել Էր նրան գնալ և աղքատներին գումար տալ:

Կարո՞ղ ես պատկերացնել, թե Հիսուսը որքան հաճախ և որքան շատ Էր աղքատներին գումար տալիս, որ աշակերտները նման եզրակացություն արեցին:
Հիսուսը երբեք անձամբ Իր համար աշխարհիկ կայսրություն չկառուցեց: Բայց դա չի նշանակում, որ Նա աղքատ Էր: Դա նշանակում է, որ Նա ամենամեծ զոհաբերողն Էր, որ երբևէ քայլել Է այս երկրի վրա, և ժամանակն է, որ մենք էլ հետևենք Նրա քայլերին:

Մի՛ մերժիր այն հարստությունը, որ Աստված ցանկանում Է տալ քեզ զուտ այն պատճառով, որ դու դրա «կարիքը» չունես: Համարձակությամբ ընդունի՛ր դա, իսկ հետո փոխանցի՛ր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Այլևս մի՛ աշխատիր ապրելու համար և սկսիր աշխատել զոհաբերելու համար: Ինքդ քեզ համար պարզի՛ր, թե հարստությունը ինչի համար է նախատեսված:

Քենեթ Քոուփլենդ

 

Մեկնաբանություններ