Ինչքան հողի կարիք ունես: Առակ

670

Մի թագավոր հանդիպում է երկու գյուղացիների, որոնք իրար հետ վիճում էին հողատարածքների համար:

Նրանցից մեկը ուզում էր մի թիզ ավել վերցնել մյուս գյուղացու հողից: Թագավորը տեսնելով այդ, զայրանում է և ագահ գյուղացուն խոստանում տալ այնքան տարածություն, ինչքան որ նա կարողանա քայլելով անցնել մեկ օրվա ընթացքում, սակայն պայման է դնում, թե ուր որ նա հոգներ ու կանգներ, այնտեղ պիտի լիներ նրա սահմանը:

Գյուղացին ուրախությամբ սկսում է իր ճանապարհը: Հազիվ մի քանի ժամ քայլում է, արդեն հոգնում է, սակայն կանգ չի առնում: Օրը մթնում է, բայց նա դեռ քայլում է իր վերջին ուժերը հավաքած և դեռ շարունակում իր ճանապարհը, առանց դադար առնելու: Ի վերջո ընկնում է գետին և հավիտենապես փակում իր աչքերը, առանց վայելելու այն լայն տարածությունը, որը իբրև պարգև պիտի ստանար թագավորից: Գյուղացիները գալով նրա հասակի չափով փորում են հողը, ուր որ նա ընկել էր, այնտեղ էլ թաղում ու քարի վրա գրում.

«Ահա թե ինչքան հողի կարիք ունես»:

Մեկնաբանություններ