Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում

1009

Հիսուսի խաչելությունից հետո Նրա աշակերտները տրտմած էին, շփոթված, տագնապած:

Շաբաթվա առաջին օրը, առավոտ կանուխ Մարիամ Մագդաղենացին այլ կանանց հետ, վերցնելով անուշաբույր յուղեր, գնացին Հիսուսի գերեզման՝ օծելու Նրա մարմինը: Բայց ի զարմանս իրենց, տեսան գերեզմանի քարը գլորված և հրեշտակին՝ քարի վրա նստած: Հրեշտակը դիմեց նրանց.

«Մի վախեցե՛ք, քանի որ գիտեմ փնտրում եք խաչյալ Հիսուսին: Նա այստեղ չէ. հարություն է առել (ինչպես ասված էր): Եկեք տեսեք այն տեղը, ուր Տերը պառկած էր: Շուտով գնացե՛ք Նրա աշակերտներին ասեք, որ Նա մեռելներից հարություն առավ և ձեզնից առաջ Գալիլիա կգնա, այնտեղ նրան պիտի տեսնեք…»: Մատթ. 28:5-7:

Երբ ուրախացած կանայք վազեցին այս բարի լուրով կիսվելու աշակերտների հետ, ճանապարհին նրանց հանդիպեց Հիսուսը և ասաց նույն բանը.

«Մի վախեցե՛ք, գնացեք իմ եղբայրներին ասե՛ք, որ Գալիլիա գնան: Այնտեղ ինձ պիտի տեսնեն»: Մատթ.28:10:

Երկու անգամ նույն պատվիրանը ստանալով՝ կանայք գնացին ավետելու Հիսուսի հետևորդներին այս բարի լուրը: Որքան էլ ակնհայտ էր հարության փաստը (գլորված քար, դատարկ գերեզման, ընկած հանդերձներ, հրեշտակի, անգամ հարյալ Քրիստոսի հայտնվելն ու բարի լուրի ավետումը), բայց գտնվեցին աշակերտներ, որոնք չհավատացին խաչյալ Հիսուսի հարությանը.

«Իսկ նրանք երբ լսեցին, թե կենդանի է և երևաց, չհավատացին»: Մարկոս 16:11:

Հիսուս մի ուրիշ անգամ հայտնվեց ևս երկու հոգու, որոնց տված ավետիսին դարձյալ աշակերտները չհավատացին: Երրորդ անգամ հայտնվելով աշակերտներին, Հիսուսը հանդիմանեց նրանց անհավատության համար.

«Վերջը տասնմեկին երևաց, երբ սեղան էին նստած ու դատապարտեց նրանց անհավատությունը և սրտերի կարծրությունը, քանի որ որոնց որ ինքը երևաց մեռելներից հարություն առած՝ չհավատացին»: Մարկոս 16:14:

Այսօր էլ պատահում է, որ մենք ենք նման կերպ վարվում: Անցնելով դժվար իրավիճակների միջով, տրտմելով և հուսախաբվելով, կենտրոնանաում ենք «մեր գերեզմանի մեծ քարի»՝ մեր խնդրի մեծության վրա, մոռանալով, որ քարն արդեն իսկ գլորված է, իսկ գերեզմանը՝ դատարկ:

ՀԻՍՈՒՍԸ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԵԼ:

Եվ այսօր նույն բանն է պատվիրում մեզ.

  1. Մի՛ վախեցիր:
  2. Գնա՛, ասա՛ Իմ եղբայրներին, որ Ես հարություն եմ առել: Ինչը նշանակում է. քաջալերենք մեր քույր-եղբայրներին, երբ նրանք անցնում են տարբեր դժվարություններով ու կենտրոնացնում իրենց հայացքը «գերեզմանին»:
  3. Ասե՛ք իմ եղբայրներին, որ Գալիլիա գնան. այնտեղ Ինձ պիտի տեսնեն: Գալիլիան մի վայր էր, որտեղով շատ անգամաներ էր անցնում Հիսուսն իր աշակերտների հետ, մի վայր, որտեղ նրանց աչքի առաջ Հիսուսը հրաշքներ էր արել: Եթե այսօր անելանելի թվացող հանգամանքներում ենք, չմոռանանք, թե քանի անգամ է նման իրավիճակներից մեզ հանել Տերը:

Լավ է Քրիստոսի խաչելության և Նրա անցած ճանապարհի մասին խորհելը, բայց չմոռանանք նաև մտածել Նրա հարության մասին և ցնծալ Նրա տարած հաղթանակով:

Լիլիթ Ստեփանյան

Մեկնաբանություններ