Իրական գանձը, ինչպես Ջիվանին․ Բանաստեղծություն

330

Գին ունի կյանքում ամեն պիտանի բան,

Սակայն կան բաներ անգին են այնքան…
Արժեքներ կան, որ գուցե վճարես,
Բայց և կան բաներ հազիվ թե ճարես:

Ինչպե՞ս կճարես Աստծուց օրհնություն,
Թե չկա քո մեջ հնազանդություն,
Կամ կնկարե՞ս ժպիտ քո դեմքին,
Թե ներսում ուրախ, զվարթ չէ քո հոգին:

Միգուցե առնես շեն տուն ու տանիք,
Բայց մի՞թե կառնես սիրող ընտանիք,
Անիմաստ է քեզ տուն, դուռ, պատուհան,
Թե չես հրճվում ծիծաղից մանկան:

Կարող ես առնել ներկեր նկարչի,
Բայց չես գնի դու տաղանդ Արարչից,
Սիրտ էլ են ծախում, կարող ես գնել,
Չես կարող սակայն այդ սրտին տիրել:

Լավ է ամենքի գինը իմանանք,
Սնապարծության արմատը հատենք,
«Բարձունքից» իջնենք «ցածրին» հասկանանք,
Ու ամեն արժեք ճիշտ գնահատենք:

«Ցածրերից» հաճախ լսում ենք շշուկ,
Վեր է առավել «բարձրի» աղմուկից,
Համեստին պետք չէ ամեն քաշքշուկ,
Որ շեղի իրեն սիրած զբաղմունքից:

Գոռոզ անբանը ձգտում է փառքի,
Կարծում է ճամփին երկար կմնա,
Մինչդեռ իմաստուն հեծյալը կառքի
Դանդաղ է վարում, որ հեռուն գնա:

Նախանձը ինչքան թույն ու դավ անի,
Հերքի տաղանդը խելոք համեստի,
Իրական գանձը, ինչպես Ջիվանին,
Արժանանում է հավետ գովեստի:

 

Ռուբեն Կարոյան

Մեկնաբանություններ