Արդյո՞ք կորոնավիրուսն Աստծո դատավճիռն է. Խորխե Հիմիտյան

1565
Արգենտինայի Հոգեգալստական եկեղեցու եպիսկոպոս Խորխե Հիմիտյանը

Անհավատալի է, որ այնքան փոքր վիրուսը, ինչպիսին է COVID-19-ը (անգլերեն հապավում է՝ Coronavirus Disease 2019. կորոնավիրուսային հիվանդություն 2019), այդչափ վտանգավոր է դարձել և իր «ճիրանների» մեջ առել աշխարհի բոլոր ազգերին, և նրանց ամեն ոլորտները՝ առողջությունը, տնտեսությունը, ֆոնդային բորսան, նավթի գինը:

Կաթվածահար եղան զբոսաշրջությունը, գործարանները, առևտուրը, մշակութային գործունեությունը, սպորտը, համագումարները և նույնիսկ եկեղեցական ժողովները:

Նա բոլորին փակեց իրենց տներում, դատարկեց փողոցները և մեզ «ստիպեց» վերանայել շատ բաներ: Շատ անորոշություն կա և շատ հարցեր են առաջանում:

Ուզում եմ իմ խոսքը շարադրել ՉՈՐՍ ՀԱՐՑԻ շուրջ.

1․ Վիրուսներն ստեղծվել են Աստծո՞ կողմից

Առաջին բանը, որ պետք է հստակեցնեմ, դա այն է, որ Աստված ոչ մի հիվանդության կամ մահվան հեղինակ չէ: Աստված կյանքի, առողջական լավ վիճակի հեղինակն է: Աստված չար բան չստեղծեց, ո՛չ էլ՝ մեղք, ո՛չ մահ և ո՛չ հիվանդություն:

Աստվածաշունչը Հռոմեացիներին 5.12-ում ասում է հետևյալը.

«Սորա համար ինչպես մեկ մարդի ձեռով մեղքը մտավ աշխարհ, և այն մեղքով էլ մահը, և այսպես մահն ամեն մարդկանց վրա տարածվեց, ըստ որում ամենքը մեղանչեցին» ։

Առաջին մարդը, չնայած Աստծո կողմից նախազգուշացված լինելուն, մեղք գործելով՝ բացեց դուռը սատանայի և մահվան, հետևաբար նաև բոլոր հիվանդությունների ու ժանտախտների առջև:

Հիսուսը Հովհաննես 8.44-ում ասում է․

«․․․նա (սատանան) սկզբիցը մարդասպան էր․․․»։

Եվ նա նաև հայտարարեց՝ նկատի ունենալով սատանային.

«Գողը չի գալիս, որ միայն գողանա, բայց որ սպանէ և կորցնէ, ես եկա որ կեանք ունենան , և էլ ավելի ունենան» (Հովհ․ 10.10)։

Երբ մարդը մեղսագործ դարձավ, ստեղծագործության բնության մեջ փոփոխություններ տեղի ունեցան. ոչ միայն հոգևոր, այլև՝ կենսաբանական և գենետիկական։ Ամեն ինչ ախտահարվեց մարդու մեղքի պատճառով: Այս «այլասերության» հեղինակը սատանան էր, բայց նրան այդ հնարավորությունն ընձեռողը մարդը եղավ՝ Աստծո առջև անհնազանդություն դրսևորելով:

Այսպիսով, ամեն վիրուս մի դեգեներատիվ մուտացիա է, որի պատճառը Աստծո դեմ մարդու ապստամբությունն է:

2․ Արդյո՞ք կորոնավիրուսը Աստծո դատավճիռն է

Շաբաթ, մարտի 21-ին՝ հենց հաջորդ օրը, երբ Արգենտինայի նախագահ դոկտոր Ալբերտո Ֆերնանդեսը իմաստնաբար որոշում կայացրեց համազգային մակարդակով դադարեցնել ամեն գործունեությունները, Բուենոս Այրեսի Մարդու և բնակմիջավայրի զարգացման նախարարի պաշտոնակատար Մարիա Միլյորի և նրա թիմի անդամների կողմից ավետարանական երեք հովիվներս և երկու կաթոլիկ քահանաներ հրավիրվեցինք՝ խոսելու այն մասին, թե ինչպես կարելի է համակարգել համագործակցությունը քաղաքի իշխանության և քաղաքի կաթոլիկ ու ավետարանական եկեղեցիների միջև այս համաճարակի օրերին:

Երբ մուտք գործեցինք շենք, ընդունարանի պաշտոնյան վերցրեց մեր անձնական տվյալները: Երբ ես մենակ մնացի նրա հետ, նա ինձ հարցրեց. «Դուք ա՞յլ նախարարությունից եք»։ Ես պատասխանեցի.
— Ո՛չ: Մենք հովիվներ ենք:
— Ա՜հ: Հովիվնե՜ր։ Եվ կարճ դադար տալով ՝ ասաց ինձ.
— Աստված պիտի որ զայրացած լինի մեզ վրա և աշխարհի վրա, այնպես չէ՞, քանի որ աշխարհում շատ չարություն կա։ Հետո ավելացրեց․
— Իսկ Դուք ի՞նչ եք մտածում։
Ես պատասխանեցի.
— Ես համաձայն եմ Ձեզ հետ: Բայց կարող ենք դիտարկել նաև այլ տեսանկյունից: Աստված շատ է սիրում աշխարհը: Եվ դա է պատճառը, որ թույլ է տալիս այս համաճարակը, որպեսզի աշխարհը ապաշխարի և փոխվի: Տեսեք, սրա շնորհիվ, մեր երկրում գործող իշխանությունը և ընդդիմությունը արդեն միասին աշխատում են: Լավ է չէ՞:
— Իհարկե լավ է, — պատասխանեց նա:

Վերադառնանք մեր հարցին. «Արդյո՞ք կորոնավիրուսը Աստծո դատավճիռն է»: Ես ուզում եմ դա բացատրել հետևյալ կերպ.

Աստվածաշնչում մենք հանդիպում ենք երկու դասի դատավճռի.

1․ Ուղղիչ դատավարություն կամ պատիժ (կարգապահություն):

2․ Դատապարտող դատավարություն (դատաստան):

Նոր Կտակարանի մեջ հունարենով դրանք երկու տարբեր բառեր են.

1. Παιδεία պայդեյա = ուղղիչ դատավճիռ կամ պատիժ:

2. Κρίμα Կրիմա և κρίσεις կրիսիս = դատապարտող դատավարություն (դատաստան):

Միանշանակ՝ կորոնավիրուսը դատաստանը չէ մարդկանց համար, քանի որ ըստ Աստվածաշնչի՝ մարդկանց հետ այդ դատը տեղի է ունենալու միայն մահից հետո:

Եբր․ 9.27.

«Եվ ինչպես մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել և նրանից հետո դատաստանը» (այստեղ «դատաստան» բառը «կրիսիս» բառն է)։

Հռոմ․ 2.3.

«Իսկ, ով մարդ, որ դատում ես այսպիսի բաներ գործողներին, և դու, որ նույնն ես գործում, մի՞թե կարծում ես, թե դու կպրծնես Աստծո դատաստանից» (այստեղ «դատաստան» բառը «կրիմա» բառն է): Երկու համարներում էլ խոսքը գնում է դատապարտող դատավճռի (դատաստանի) մասին։

Հիմա եկեք այլ համարներ կարդանք, որտեղ Աստված խոսում է ՈՒՂՂԻՉ ՊԱՏԺԻ մասին։

Եսայ․ 26.9,16 ասում է.

«․․․Որովհետև երբ որ քո դատաստանները հասնում են երկրին, աշխարհի բնակիչները արդարություն են սովորում»։
«Ով, Տեր նեղության մեջ քեզ որոնեցին, հառաչանք թափեցին Դու նրանց խրատելիս» (այստեղ «խրատել» բառն այլ լեզուներում թարգմանված է «պատժել»):

Ոմանց արձագանքը դրական է լինում աղետի ժամանակ՝ ուղղվում են Տիրոջ պատժից: Երանելի են:

Ուրիշներն էլ, ցավոք, լավ չեն արձագանքում: Նրանք չեն կարող շտկվել: Ինչպես Աստվածաշունչը նշում է Ամովսի գրքի 4-րդ գլխում, Աստված Իսրայելի ժողովրդին ասում է.

6 «․․․ես ձեզ հացի կարոտություն տվի ձեր ամեն քաղաքներում, և դուք ետ չդարձաք ինձ մոտ»:
7-8 «Ես էլ ձեզանից արգելեցի անձրևը․․․ եկան մեկ քաղաք ջուր խմելու համար, բայց չկշտացան և դուք ետ չդարձաք ինձ մոտ»:
9 «Ձեզ զարկեցի խորշակով և դալուկով, ձեր բազմաթիվ այգիները և պարտեզները և թզենիներն ու ձիթենիքը խառնիճը կերավ․ և դուք ետ չդարձաք ինձ մոտ»։
10 «Ձեր մեջը ժանտախտը գցեցի․․․ բայց դուք չդարձաք ինձ մոտ»։

Այս բոլոր պատիժներն ուղղիչ նպատակ էին հետապնդում՝ ժողովուրդը ապաշխարեր իր մեղքերից և դառնար Աստծուն: Բայց Իսրայելը չզղջաց ու ենթարկվեց Աստծո ուղղիչ պատժին։ Այսպիսով, նա ասում է Իսրայելին.

12 «Սրա համար քեզ այսպես եմ անելու, ով Իսրայել․․․ պատրաստվիր քո Աստծո հետ հանդիպելու»։

Նոր Կտակարանը մեզ նույնը սովորեցնում է Աստծո ուղղիչ պատժի մասին:

Եբր․ 12.6. «Որովհետև Տերը իր սիրածին խրատում է․․․» («պայդեյա»՝ ուղղիչ պատիժ):

Հայտն․ 3. 19. «Ես որոնց որ սիրում եմ, հանդիմանում եմ ու խրատում եմ («պայդեյա»)․ ուրեմն ջանք արա և ապաշխարիր»:

Այսպիսով, իմ մեկնաբանմամբ՝ կորոնավիրուսն Աստծո դատաստան չէ մարդկության մեղքերի համար, այլ՝ Աստծո ուղղիչ պատիժը բոլոր ազգերի վրա՝ ապաշխարելու իրենց չար գործերից ու մեղքերից և դառնալու Աստծուն:

Հայտնության գիրքը (գլուխ 8) ցույց է տալիս, որ վերջին ժամանակում շատ արհավիրքներ ու սարսափելի աղետներ կլինեն երկրի վրա: Ո՞վ է դրանք ուղարկում: Աստվա՞ծ, թե՞ սատանան։ Ի՞նչ կարևոր է։ Կարևորն այն է, որ դրանք տեղի կունենան: Մենք գիտենք, որ Աստված վերահսկում է ամեն ինչ: Անկախ նրանից՝ դրանք Աստծո ուղղիչ պատիժներն են, թե սատանայի կողմից բերված աղետները, նրանք միշտ գտնվում են Աստծո թույլատրելի կամքի ներքո: Ինչո՞ւ է Աստված դրանք ուղարկում կամ թույլ տալիս: Որպեսզի բոլոր ազգերի ողջ մարդիկ, բոլոր ընտանիքները ապաշխարեն և դառնան Աստծուն։

Բայց ցավոք, Հայտնություն 9.20-21-ն ասում է.

«Եվ մնացյալ մարդիկ, որ չմեռան այս վերքերից, չապաշխարեցին իրենց ձեռքերի գործերից, որ չերկրպագեն դևերին և ոսկե և արծաթե և պղնձե և քարե և փայտե կուռքերին, որ ոչ տեսնել կարող են, ոչ լսել և ոչ գնալ։ Եվ չապաշխարեցին իրանց մարդասպանություններից, ոչ էլ իրանց կախարդություններից, և ոչ էլ իրանց պոռնկությունից, և ոչ էլ իրանց գողություններից»։

Աստծո մտադրությունը մեզ ուղղելն է, ոչ թե ոչնչացնելը: Բայց նա, ով չի ապաշխարում Աստծո ուղղիչ պատժով, մի օր պիտի ստիպված առերեսվի դատաստանին՝ դատապարտող վերջնագրով (Հայտն․ 20.11-15)։

3. Ինչի՞ց պետք է ապաշխարենք

Մեղքերը միշտ եղել են, բայց երբ մարդկությունը լցնում է գավաթը, Աստված խստաբար միջամտությամբ իր ողորմությունն է անում։ Նա անում է այդ միջամտությունը այս սերունդին և անելու է գալիք սերունդներին՝ սիրուց դրդված։ Շտկելու այն սխալ ուղղությունը, որով մենք գնում ենք։

Ե՞րբ է ազգերի մեջ ավելի շատ անարդարություններ եղել, ինչպես որ մեր օրերում է։ Հարուստների և աղքատների միջև անջրպետը ընդլայնվում է աշխարհի ժողովուրդների ճնշող մեծամասնության մեջ: XX և XXI դարերի տեխնոլոգիական հեղափոխությունը փոխարեն բոլորի բարեկեցությունն առաջ բերելու, մեծացրեց սոցիալական անարդարությունը:

Եկեք մտածենք աշխարհի մասշտաբով:

Կարո՞ղ է սիրո Աստվածը անտարբեր լինել այն փաստի նկատմամբ, որ միլիոնավոր երեխաներ և մեծահասակներ սնվելու համար ստիպված են մուրալ, աղբանոցներում փնտրել կամ լավագույն դեպքում բարեգործական ճաշարաններ գնալ:

Ի՞նչ է զգում Աստված՝ տեսնելով պաշտոնակատարների, գործարարների կողմից իրականցվող կոռուպցիան: Ի՞նչ է զգում այդքան բռնություններ տեսնելով՝ ընտանիքում, մարզդաշտերում, փողոցներում, տեսնելով այդքան սպանություններ և հանցագործություններ:

Ի՞նչ է Աստված զգում, երբ տեսնում է այն շատերին, ովքեր դիտավորյալ անտեսում են իրեն, կոպտորեն պաշտպանում են միասեռ ամուսնությունը, աբորտը, ամուսնալուծությունը, ազատ սեռական հարաբերությունները, արտամուսնական համակեցությունը և այլ անբարոյականություններ:

Կարո՞ղ է Աստված անտարբեր մնալ թմրանյութերի ապօրինի առք ու վաճառքի նկատմամբ, որը ոչնչացնում է միլիոնավոր մեր երեխաներին ու երիտասարդներին, կամ՝ նրանց մայրերի ցավերին, ովքեր արցունքներով և անօգնական ստիպված են լինում թաղել իրենց երեխաներին:

Մենք պետք է ապաշխարենք այս ամենից և շատ ավելին՝ դառնանք Աստծուն: Փոխակերպությունը պետք է լինի յուրաքանչյուրինը։ Ամեն մեկն էլ լավ գիտի, թե որ մեղքերից պիտի ապաշխարի։ Մենք կարիք ունենք վերադառնալ դեպ Աստված։ Մենք պետք է լինենք սուրբ ազգ, ով սիրում է Աստծուն և իր մերձավորին:

4․ Ի՞նչ ենք սովորում այս ճգնաժամից

Նախ և առաջ ուզում եմ դիմել նրանց, ովքեր Քրիստոսի աշակերտներ են, և ապա մի խոսք նրանց համար, ովքեր դեռ վստահություն չունեն իրենց հավիտենական փրկության համար:

Տիրոջ աշակերտներին և գործավորներին.

• Եկեք բարելավենք մեր աղոթքի ժամանակը՝ միայնակ լինելով Աստծո հետ: Մարտի 10-ին և 11-ին մոտ 10 հովիվներով հավաքվել էինք կոնֆերանսի, Աստված մեզ տվեց Եսայիա 26-րդ գլուխը՝ որպես խոսք այս օրերի համար, որտեղ 20-րդ համարն ասում է.

«Գնա իմ ժողովուրդ, մտիր քո սենեակները, և գոցիր քո դռները ետևիցդ ․ ծածկվիր մի փոքրիկ վայրկյան, մինչև որ բարկությունն անցնէ»:

Շատ համընկնում է Հիսուսի հետևյալ խոսքի հետ.

«Բայց դու երբ որ աղոթք անես մտիր քո սենեակը և դուռդ փակած աղոթք արա դեպ քո Հայրը, որ ծածուկումն է․․․»:

Հիմա մենք որևէ պատճառաբանություն չունենք՝ ժամանակի առումով: Կարևորը հետևյալն է, երբ կարանտինի ժամանակն ավարտվի, մենք սովորած կլինենք առաջնահերթությունը տալ անհատական աղոթքներին, նաև՝ մեր լավագույն ժամանակներում:

• Եկեք առաջնահերթ ժամանակը տրամադրենք ընտանիքին: Եկեք բարելավենք միմյանց նկատմաբ վարվելակերպը։ Լինենք բարի, օգնող, ուղեկից, ընկեր։ Ժամանակն օգտագործենք երեխաների կողքին լինելու համար: Վերականգնենք ընտանեկան խորանը: Միասին կարդանք Խոսքը և միասին աղոթենք՝ որպես ընտանիք: Եկեք չօգտագործենք բջջային հեռախոսը սեղանի շուրջ, փոխարենը գնահատենք խոսակցությունը մեկը մյուսի հետ:

• Եկեք ավելի համերաշխ լինենք բոլորի հետ: Հարևաններին սիրով ողջունենք: Սիրենք, ծառայենք մեր մերձավորին: Եկեք ստեղծարար լինենք բարեկամության կամուրջներ կառուցելու գործում: Գնահատենք միմյանց աշխատանքը: Գովասանքի արժանացնենք այն լավ բաները, որոնք մենք տեսնում ենք ուրիշների մեջ: Եկեք գոհացող լինենք:

• Եկեք բոլորին խոսենք Քրիստոսի մասին։ Այդպիսով մենք անցնում ենք մեր ամոթի և անհատականության վրայով։ Եկեք բացենք մեր տան դռները և հարևաններին հրավիրենք՝ աղոթել և կարդալ Աստվածաշունչը: (Իհարկե, երբ կարանտինը կավարտվի։ Մինչդեռ մենք կարող ենք զանգահարել): Եկեք աղոթենք հիվանդների համար, որովհետև հավատում ենք, որ Աստված յուրաքանչյուրին մոտ է, և որ նա հրաշքներ է գործում:

• Եկեք վերանայենք եկեղեցին: Ամրապնդենք փոքր տնային խմբերը: Պատրաստենք՝ ավետարանչության, աղոթքի և հաղորդակցության նոր ռազմավարություններ: Եկեղեցին շատ բազմակողմանի է՝ այն կարող է գործել բոլոր ժամանակներում և հանգամանքներում, ու նաև աճել:

• Եկեք առատաձեռն լինենք նրանց նկատմամբ, ովքեր ֆինանսական կարիքի մեջ են գտնվում: Դժվար ժամանակներ կարող են գալ: Եկեք խուսափենք ավելորդ ծախսերից: Եկեք խնայենք այնքան, որքան կարող ենք, որպեսզի բաժանեկցենք նրանց հետ, ովքեր կարիքի մեջ են:

• Աղոթեք, որ Աստված օգտագործի կորոնավիրուսը՝ աշխարհով մեկ արթնություն բերելու համար, սկսելով մեր սեփական տանից, մեր թաղամասում, քաղաքում և ազգի մեջ: Մենք հավատում ենք, որ կգան հիանալի օրեր, փրկության և զորության օրեր: Քրիստոսը փառավորվելու է մեր ազգի մեջ և ողջ աշխարհում, և որ միլիոնավոր մարդիկ կփրկվեն:

Նրանց, ովքեր դեռ չունեն իրենց փրկության վստահությունը.

Մենք բոլորս պետք է հիշենք, որ Կորոնավիրուսով կամ առանց Կորոնավիրուսի, մի օր (չգիտենք, թե երբ) մենք բոլորս մահանալու ենք: Եվ հետո գալու է Աստծո դատաստանը: Քանի որ մենք բոլորս մեղավոր ենք, բոլորս էլ կորսված ենք: Մահից հետո կա դրախտ և դժոխք: Աստված մեզ այնքան սիրեց, որ նա ուղարկեց իր Որդուն, որպեսզի մեզանից ոչ մեկը դժոխք չգնա: Երբ Հիսուսը մահացավ խաչի վրա, նա տառապեց՝ կրելով ԴԱՏԱՍՏԱՆԸ, որը համապատասխանում էր մեզանից յուրաքանչյուրին:

Քո հավիտենական փրկությունն ապահովելու համար կա միայն մեկ հնարավորություն: Աստվածաշունչը հստակ ասում է. Հռոմ․ 10․9․

«Որովհետև եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես, և սրտումդ հավատաս թե Աստված հարություն տվավ նրան մեռելներից, կապրես»:

Փրկված լինել նշանակում է քո բոլոր մեղքերի համար ներում ստանալ, նոր կյանք սկսել և հավիտենական կյանք ընդունել: Հավիտենական կյանք ունենալ նշանակում է, երբ մեռնես, դժոխք գնալու փոխարեն դու գնում ես դրախտ:

Բայց այս մեծ շնորհը պայման ունի․ ՍՐՏՈՒՄԴ ՀԱՎԱՏԱՍ, ՈՐ ԱՍՏՎԱԾ ՀԻՍՈՒՍԻՆ ՄԵՌԵԼՆԵՐԻՑ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ, ԵՎ ԲԵՐԱՆՈՎԴ ՀԻՍՈՒՍԻՆ ՏԵՐ ԴԱՎԱՆԵՍ։

Սա այն դեպքում, երբ մեծ փոփոխություն է տեղի ունենում:

Հիսուսին Տեր դավանել նշանակում է, որ դուք Նրան ճանաչում եք որպես սեփականատերը այն ամենի, ինչ գոյություն ունի, թե՛ քո կյանքի ու թե՛ քո բոլոր ունեցվածքի: Դա նշանակում է, որ դու նրան ընդունում ես որպես Աստված և քո անձի վրա՝ որպես բարձրագույն իշխանություն:

Այժմ ես հրավիրում եմ քեզ ծնկի գալ Աստծո առջև, որտեղ որ կգտնվես և ասես նրան.

Հայր Աստված, ես ամբողջ սրտով հավատում եմ, որ քո Որդին մահացավ խաչի վրա իմ մեղքերի համար. ես հավատում եմ, որ Դու, Հա՛յր, նրան հարություն տվիր մեռելներից. ես հավատում եմ և դավանում, որ Հիսուսն է Տերը: Հետևաբար ես ընդունում եմ Քեզ որպես իմ Տեր:

Տեր Հիսուս, ես հիմա բացում եմ իմ սիրտը և ես ընդունում եմ քեզ, որ դու ապրես իմ մեջ և հավիտյան իշխես ու ղեկավարես իմ կյանքը: Շնորհակալ եմ քո ներման և քո փրկության համար: Ամեն:

Սկզբնաղբյուր

Մեկնաբանություններ