protestant.am-ը զրուցել է հոլանդահայ ռեփեր Կարեն Հակոբյանի (Կարեն BNC) հետ…

296

«Եթե մարդը կայացած չէ, ապա իր տեղը չի գտնի հասարակության մեջ, շրջապատում, նույնիսկ ընտանիքում»: Կարեն Հակոբյան

Կարեն, ե՞րբ ես տեղափոխվել Հոլանդիա:

Դեռ 2000 թվականին ընտանիքիս հետ տեղափոխվել ենք այստեղ, իսկ մինչ այդ բնակվում էինք Երևանում:

Որքա՞ն ժամանակ է, որ ստեղծագործում ես ռեփ ոճի մեջ:

Այս ոճում եմ արդեն ավելի քան 6 տարի: Սկզբում հոլանդերենով էի սեղծագործում՝ անդերգրաունդ ռեփ ոճի մեջ: Այնուհետև որոշեցի հայերեն երգել:

Ինչո՞ւ BNC, ի՞նչ է նշաանակում այս հապավումը:

Այն ժամանակ, երբ ռեփ էի կարդում անդերգրաունդ ոճի մեջ, ընտրեցի այս հապավումը, որը տեղանուն է և բացվում է Breukelen Noord Connection, քանի որ ընդունված էր, որ ստեղծագործական անունը կապված էր լինում բնակության կամ որևէ այլ կոնկրետ վայրի հետ: Երբ դարձի եկա և սկսեցի միայն հայերենով ռեփ կարդալ, որոշեցի վերաիմաստավորել BNC հապավումը: Արդյունքում այն դարձավ Քրիստոսի Բանակը:

Ես հավատում եմ որ մենք ռեփ ոճի միջոցով կկառուցենք մի բանակ, որը կպատկանի Քրիստոսին, որը կքարոզի Քրիստոսին, կլինի աղոթողների բանակ, որը նախ իրենից լուրջ վտանգ կներկայացնի չարի համար, ինչպես նաև դրական ազդեցություն կթողնի հասարակության վրա:

Ո՞ր եկեղեցին ես հաճախում և ի՞նչ ծառայություն ունես:

Տասը տարեկանից մինչև 14 տարեկանս հաճախել եմ հոգեգալստական եկեղեցի: Եթե անկեղծ լինեմ, այդ ժամանակ ես պարզապես այցելում էի, քանի որ մայրիկս էր այդպես ցանկանում: Այնուհետև սկսեցի այցելել Աստծո Տուն եկեղեցի, իսկ ահա արդեն 2 տարի է, ինչ Հոլանդիայում հովիվ Էմիլ Սարգսյանի առաջնորդությամբ հիմնվել է Կյանքի Խոսք եկեղեցի, և ես այստեղ եմ ծառայում: Բազմաթիվ ծառայություններում եմ ներգրավված, փորձում եմ հնարավորություններիս ներածին չափով օգտակար լինել՝ վեբկայք, երիտասարդական քեմփեր, ադմինիստրատիվ ծառայությունններ: Կինս երգչախմբում է երգում, ինչպես նաև միասին օգնում ենք պատանիներին՝ դառնալ Հիսուսի իրական հետևորդներ:

Քո ստեղծագործությունները միշտ չէ, որ միանշանակ են ընդունվում, հնարավոր է նույնիսկ քրիստոնեական շրջանակներում, ինչպե՞ս ես վերեբերվում քննադատություններին:

Հասկանալի է, որ շատերը չեն ընդունում ռեփ երաժշտությունը և շատ քննադատական խոսքեր են հնչում, մանավանդ քրիստոնեական թեմատիկավ ռեփի առումով, սակայն ես դա նորմալ եմ համարում, քանի որ ամեն նոր բան միշտ չէ, որ հեշտ է ընդունվում: Եթե հիշենք հայերենով հնաչած առաջին ռեփերը, ապա կհասատատենք, որ հասարակությունը այն չընդունեց, բայց այսօր ռեփը սովորական երաժշտական ոճ է, որով շատ երիտասարդներն են զբաղվում: Վերջապես, մարդիկ ազատ են ընդունելու կամ չընդունելու մեջ:

Այսօր, երբ ռեփ ենք լսում, միանգամից պատկերացնում ենք հայհոյանքներ, կիսամերկ աղջիկներ, խիստ դեմքեր: Այս պատկերը հակասում է ռեփ երաժշտության սկզբնաղբյուրին: Ռեփը որպես ոճ ձևավորվել է հուսահատված երիտասարդների կողմից, ովքեր փորձեցին ընդիմանալ անարդարությունների դեմ և այդ ժամանակ նրանք բնավ չունեին փող, մեքենաներ, աղջիկներ: Երբ այս ոճը սկսեց զարգանալ, որոշ պրոդյուսերներ այն վերածեցին կոմերցիայի՝ լցնելով այն ամեն տեսակի պղծությամբ: Այսօրվա ընդունված ռեփին նայելով չի կարելի եզրակացնել, որ հնարավոր չէ հոգևոր թեմաներով ռեփ երգել, եթե չարին հաջողվեց այս ոճը այլասերել և լցնել ամեն տեսակ պղծությամբ, ապա սա չի նշանակում, որ մենք էլ հակառակը չենք կարող անել:

Ի՞նչ նախագծեր կան առաջիկայում:

Շուտով կսկսենք աշխատել տեսահոլովակի նկարահանման ուղղությամբ, ինչպես նաև բազմաթիվ երգեր կան արդեն ձայնագրման համար պատրաստ:

Բացի քո կարիերան կառուցելուց նաև փորձում ես օգտակար լինել հասակակիցներիդ, ի՞նչ խորհուրդ կտաս կամ ի՞նչ կոչ կանես այսօրվա հայ երիտասարդին:

Իրականում շատ բան ունեմ ասելու…Ես կցանկանայի զրուցել բոլորի հետ ու բացատրել, թէ իրենցից յուրաքանչյուրն ով կարող է լինել Աստծո մեջ: Մեր ազգը լավն է, մենք ունենք բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ, հավատացեք, ես այստեղ տարբեր ազգերի հետ եմ շփվել և կարող եմ վստահ ասել, որ մենք ունենք տաղանդավոր, հզոր և խելացի երիտասարդներ, բայց միևնույն ժամանակ, ցավոք, մեր երիտասարդներից շատերն ունեն մի համընդհանուր խնդիր. նրանք կայացած չեն: Եթե մարդը կայացած չէ, ապա իր տեղը չի գտնի հասարակության մեջ, շրջապատում, նույնիսկ ընտանիքում: Նման խնդիր ունեցողը միշտ փորձում է նմանվել ուրիշներին, և մենք այսօր տեսնում ենք, որ մեր երիտասրադները ամերիկյան և եվրոպական արժեքների ազդեցության տակ են և փորձում են դրանցով կայանալ:

Ես Բարի լուր ունեմ բոլոր հայ երիտասարդների համար, երբ դու հանդիպես Կենդանի Հիսուս Քրիստոսի հետ, ապա Նա քեզ մի հայելի կտա, որում դու կտեսնես ինքդ քեզ, ոչ թէ ըստ քո կամ ուրիշների աչքերի, այլ ըստ Իր աչքերի:

Մի՛ փորձիր նմանվել ինչ-որ մեկին, դու որպես անհատականություն շատ թանկ ես ու շատ յուրահատուկ: Եվ քո մեջ այնպիսի յուրահատուկ ներուժ կա, որ այլազգի երիտասարդների մոտ հաստատ չես գտնի: Ուրախ եղի՛ր, որ հայ ես և ընտրի՛ր Հիսուսին հետևելու ուղին, արդյունքում՝ ոչ թե քո վրա ուրիշները կազդեն, այլ դու կազդես բոլորի վրա՝ բարին տարածելով:

Բոլոր հավատացյալ երիտասարդներին կոչ եմ անում՝ չամաչել իրենց հավատքի համար: Ամեն առիթ օգտագործե՛ք Հիսուսի մասին վկայելու համար՝ գիտակցելով, որ դուք անոթ եք, ում միջոցով կարող է սրբություն տարածվել: Եթե դուք լռեք՝ կշատանա անօրենությունը, բայց չէ՞ որ դուք եք հայ ազգի աղն ու լույսը:

Զրուցեց Գոռ Կարապետյանը

Մեկնաբանություններ