Խավարի իշխանությունը հեռուստատեսությունում. «6-րդ զգայարան»

1250

Քո տարածքը գրավելու համար թշնամին կարող է տարբեր հնարքներ կիրառել:

Նա կարող է ներխուժել բացահայտ գրոհով, կարող է նենգ դիվերսիաներ կազմակերպել, խարխլել քո պետականության հիմքերը և այլն:

Բայց այն, ինչ կատարվում է ATV հեռուստատեսության եթերում, չի ենթարկվում ոչ միայն ռազմական արվեստի օրենքներին, այլև մարդկային պարզ տրամաբանությանը. մենք սիրահոժար բռնել ենք թշնամու ձեռքից և գովասանքներով ու մեծարելով հրավիրում ենք նրան մեր տուն ու մեր հայրենիք:

Խոսքը «6-րդ զգայարան» հաղորդման մասին է: Իսկ թշնամին, տվյալ դեպքում, հարևան երկրի զինյալները չեն, ոչ էլ խորհրդավոր մասոնական ուժերը: Թշնամին հաղորդման հեղինակները չեն, մասնակիցները չեն, և անգամ այն ինքնահավան հմայողներն ու գուշակները չեն, ովքեր կարծումեն, որ եթե ժամանակի շնչին համապատասխան իրենք իրենց «էքստրասենս» հորջորջեն, ապա ոչ ոք չի կռահի, որ շարքային վհուկներ ու կախարդներ են:

Թշնամին պիղծ ոգին է՝ հակաքրիստոսը: Այո հենց ինքը՝ խավարի իշխանը, ում հնարանքներից մեզ բազմաթիվ անգամ զգուշացնում է Աստվածաշունչը:

«Ձեր մէջ չգտնուի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող, դիւթութիւն դիւթող, գուշակող եւ հմայող եւ կամ հաւահարց, Նաեւ կախարդ, կամ վհուկ, կամ նշանագէտ, կամ մեռելահարցուկ. Որովհետեւ բոլոր այս բաներն անողը Եհովայի առաջին գարշելի է»: Բ Օր.18:10-12:

Անհրաժեշտ է գիտակցել, որ գուշակությունները, հմայություններն ու դրանց նման բոլոր երևութները մեղք են ու գարշելի են Աստծո առաջ: Այն էլ այնպիսի մեղք, որ Աստվածաշունչը դրանք դասում է մարդասպանության, շնության ու կռապաշտության կողքին (Գաղ. 5:19-21):

Իսկ մեղքն անեծքի աղբյուր է: Անեծք է բոլոր մասնակիցների համար՝ և՛ հմայողի և՛ զոհի: Սա ընդունեք որպես զգուշացում: Ավելին՝ նման երևույթների մասին հաղորդումներ կազմակերպելն անեծք է ամբողջ երկրի համար:

Դժգոհում ենք երկրից, բողոքում ենք պայմաններից, արտագաղթում ենք ու… շարունակում ենք մեղք գործել: Շարունակում ենք մեղքը քարոզել հեռուստատեսությամբ: Շարունակում ենք հանդուրժել մեղքը: Ու ուզում ենք լավ ապրել: Այդպես չի լինում:

Կարիք չկա կանգ առնել էժանագին հնարանքների վրա, որ հաղորդումների ժամանակ կիրառում են «էքստրասենսները»: Կարիք չկա վերլուծել նրանց «օյինբազությունները»: Ցանկության դեպքում այդ հնարանքների «արժեքը» կարող է գնահատել ցանկացած հեռուստադիտող:

Կարևորն այլ է: Մեր երկրում անողոք պայքարում են մղում ավետարանական հավատքի քրիստոնյաների դեմ, բայց հանդուրժում են կախարդությունները: Հալածում են քրիստոնյաներին ու հիանում են էքստրասենսներով: Բողոքական եկեղեցիներն «աղանդ» են անվանում, իսկ գուշակներին «հրաշագործ» են կոչում: Այսպիսի քաղաքականությամբ երկիրը կգլորվի դեպի անդունդը:

Գիտակցել է պետք, որ սա համընդհանուր անվտանգության հարց է, կործանարար ուղի, ազգային աղետ:

Հարց է առաջանում՝ ինչու՞ են լռում ազգասիրության մասին բոցավառ, ծաղկափթիթ ճառեր արտասանող հոգևորականները: Ի՞նչ են մտածում այս մասին նրանք, ովքեր խրոխտ կեցվածքով հայտարարում էին, թե Առաքելական եկեղեցուց զատ հայություն չկա:

Հիմա այս «էքստարսենսները» հա՞յ են, թե՞ ոչ: Եթե պաշտոնական եկեղեցին հանդուրժում է կախարդության քարոզն ու լռում, ապա կարելի՞ է արդյոք ենթադրել, որ էքստրասենսների հմայությունները լիովին տեղավորվում են նրա «հայանպաստ» դավանաբանության մեջ:

Ինչո՞ւ են լռում «քայքայիչ» աղանդներից տուժածների աննկուն պաշտպանները: Երևի սպասում են, որ ազգովի տուժենք կախարդություններից ու նո՞ր սկսեն «պաշտպանել»:

Հայե՛ր: Ուզո՞ւմ եք ճիշտ ապրել, ուզո՞ւմ եք սխալներ չգործել: Եթե այո, ապա հիշեք. ճիշտը՝ սխալից, թացը՝ չորից, լավը՝ վատից, բարին՝ չարից տարբերելու մի ձև կա, մի չափանիշ միայն՝ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ: Իսկ Աստվածաշունչն ասում է՝

«Եթե Իմ ժողովուրդը, որի վրա կանչված է Իմ անունը, խոնարհվի և աղոթք անի և Իմ երեսը փնտրի և իր չար ճանապարհից հետ դառնա, այն ժամանակ Ես կլսեմ երկնքից և կներեմ նրանց մեղքը և կբժշկեմ նրանց երկիրը»։ 2 Մնաց.7:14:

Հ.Գ. Protestant.am-ի խմբագրությունը նախատեսում է հետագա հրապարակումներում հանգամանորեն անդրադառնալ հմայություններին ու կախարդություններին, բացահայտել դրանց իրական էությունը և ներկայացնել դրանցից առաջ եկած վտանգները:

Աշոտ Հովսեփյան

Մեկնաբանություններ