Խնդրիր Տիրոջը, որպեսզի վերցնի քո քարեղեն սիրտը. Արթուր Սիմոնյան

837

«Եվ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ, եւ վեր պիտի առնեմ ձեր մարմնից քարեղեն սիրտը եւ ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ»: — Եզեկիել 36:26

Եզեկիել 36-րդ գլուխը շատ կարեւոր է, քանի որ ամբողջությամբ մարգարեություն է վերջին օրերի մասին: Աստվածաշնչիս մեջ մատիտով ընդգծել եմ այս գլխի համարյա բոլոր խոսքերը: 26-րդ խոսքը հզոր ձեւով խոսում է վերջին օրերի եկեղեցու մասին: Այստեղ գրված է, որ Աստված նոր հոգի պիտի դնի եւ այս խոսքն իրականացավ այն ժամանակ, երբ եկեղեցին մկրտվեց Սուրբ Հոգով եւ Սուրբ Հոգու զորությամբ: Սուրբ Հոգին հենց այդ խոստացված նոր հոգին է, որ եկել է մեր հոգին վերանորոգելու եւ վերականգնելու, եթե դու, իհարկե, հետեւում ես Քրիստոսին եւ մկրտված ես Սուրբ Հոգով:

Եվ նույնպես գրված է, որ ձեզանից կվերցնեմ քարե սիրտը եւ մարմնեղեն սիրտ կտամ: Իրականում այս աշխարհի մարդիկ ունեն քարե սրտեր: Նրանք սրտացավ չեն մարդկանց նկատմամբ, նրանց չի հուզում, երբ ինչ-որ մեկն աղքատանում, հիվանդանում կամ մահանում է: Նրանց պատասխանը մեկն է՝ դա նրանց հոգսն է:

Այսօր մարդիկ կարող են առանց սրտացավության դիտել Աֆրիկայի կամ ուրիշների աղքատության մասին պատմող կադրեր, առանց սրտացավության դիտել, թե ինչպես են մարդիկ մահանում: Դա կոչվում է քարե սրտեր: Եւ Աստված Սուրբ Հոգու ձեռքով առաջին հերթին վերցնում է քարե սրտերը եւ մարմնեղեն սիրտ տալիս, այսինքն՝ սրտի բժշկություն:

Սիրելիներս, եթե Սուրբ Հոգով մկրտված ես եւ քո հոգը չի, թե ինչ է կատարվում քո շրջապատում, ինչպես են մարդիկ կործանվում, ուրեմն դեռ սիրտդ քարից է: Խնդրիր Տիրոջը, որպեսզի վերցնի քո քարեղեն սիրտը եւ մարմնեղեն սիրտ տա, որպեսզի լցված լինես Տիրոջ սիրով եւ զորությամբ:

Աստված օրհնի ձեզ, Աստծո զորությունը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ հետ լինեն: Ամեն:

 Աղբյուր`wolarm.org

Մեկնաբանություններ