Մենք պետք է կառուցենք վաղվա օրը. Արթուր Սիմոնյան

792
rev-arthur-simonyan

«Սակայն առաջ Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը խնդրեք եւ այդ ամենը կտրվի ձեզ: Ուրեմն վաղվա համար հոգս մի արեք, որովհետեւ վաղվա օրն իր համար հո գս կանի. օրվա համար բավական է իր նեղությունը»․ Մատթեոս 6.33, 34։

Աստծո Խոսքը մեզ ազատ ապելու ճանապարհ է ցույց տալիս: Գրված է` վաղվա համար հոգս մի արեք, որովհետեւ վաղվա օրն իր համար հոգս կանի. ամեն օրվա համար բավական է իր նեղությունը:

Շատերն այս խոսքը ճիշտ չեն հասկանում եւ մտածում են, թե Աստված ասում է` վաղվա օրը մի կառուցեք: Սակայն կառուցելը եւ հոգս անելը տարբեր բաներ են: Մենք պետք է կառուցենք վաղվա օրը: Ինչպես: Երբ վստահում ենք Աստծուն եւ ձգտում լուծել այսօրվա խնդիրները, դրանով իսկ ասես ժայռի վրա կառուցում ենք մեր վաղվա օրը, իսկ երբ հոգս ենք անում, դա նման է ավազի վրա կառուցված ամրոցի կամ էլ կրակի, որը շարունակ վառվում է մեր ներսում եւ տանջում մեզ:

Աստվածաշունչն ասում է` սկզբից Աստծո արքայությունը եւ Նրա արդարությունը խնդրեք, եւ մնացած ամենը կտրվի ձեզ: Ո±րն է Աստծո արքայությունը, եթե ոչ ուրախություն, խաղաղություն եւ արդարություն Սուրբ Հոգու մեջ:

Սիրելիներս, հոգս անելով` ոչինչ չենք շահում եւ ոչ մի հարց չենք լուծում մեր կյանքում: Դեռ ավելին, կորցնում ենք Տիրոջից մեզ պարգեւված այսօրվա երջանիկ օրը:

Եկեք պահենք Աստծո Խոսքը, որը ճշմարիտ է եւ մեզ իրական երջանկություն է պարգեւում: Խնդրենք Աստծո արքայությունը, եւ մնացած ամենը կտրվի մեզ: Տիրոջ օգնությամբ հոգանք մեր այսօրվա խնդիրների մասին եւ հավատանք, որ վաղվա օրն իր համար հոգս կանի:

Աստված օրհնի ձեզ: Ամեն:

Աղբյուր՝ wolarm.org

Մեկնաբանություններ