Մի երգի պատմություն. «Հավատքս չեմ մոռանա»

448

Նվիրվում է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Ասում են` երգը հաջողված է, երբ այն ավելի մեծ ճանաչում է ձեռք բերում, քան հեղինակը։

Այս երգը ճանաչում գտավ տասնյակ հազարավոր հավատացյալների կողմից, թեպետ հեղինակը շատերի կողմից մնաց անհայտ։ Լեգենդներ և հնարովի պատմություններ տարածվեցին երգի գրվելու մասին։ Շատերը կարծում էին, որ այս երգի հեղինակը վաղուց նահատակվել է, սակայն նա, բարեբախտաբար, ոչ միայն չի նահատակվել, այլև այսօր էլ շարունակում է իր ստեղծագործական և հովվական ծառայությամբ, իր պատգամներով սփոփանք պատճառել հազարավոր հայորդիներին։

Մեր զրուցակիցն է երգի հեղինակ, Հայաստանի «Աստծո Ժողովուրդ» Ավետարանական եկեղեցու ավագ հովիվ, վերապատվելի Րաֆֆի Շահվերդյանը։

– Հազարավոր հավատացյալներ են սփոփվել, քաջալերվել և նորոգվել իրենց հավատքի մեջ այս երգի միջոցով։ Երգն իսկապես սիրվեց, ընդունվեց, յուրացվեց շատ-շատերի կողմից։ Ե՞րբ և ինչպե՞ս գրվեց այն։ Ի՞նչը ներշնչանք հանդիսացավ` երգը գրելու համար։

Րաֆֆի Շահվերդյան

– 1989 թվականն էր երբ արդեն անկախության հոտն էինք առնում Հայաստանից. նաև լսում էի աննախադեպ արթնության մասին: Միևնույն ժամանակ անընդհատ լսում էինք հալածանքների և դրա հետևանքների մասին, որ կատարվում էր Հայաստանյաց եկեղեցիներում: Ուստի այդ փաստը մղեց գնահատելու բոլոր այն մարդկանց, ովքեր կենդանի ու վառ պահեցին իրենց հավատքը խորհրդային անաստվածային տարիներին: Հիշում եմ, առաջին տողերը թղթին հանձնեցի կեսգիշերին երբ աղոթում էի Հայաստանի համար: Միանգամից և՛ բառերը, և՛ երաժշտությունը բխեցին հոգուցս և այն արցունքներով հանձնեցի թղթին, որպեսզի այն նվիրեմ մեր հայրենիքում Քրիստոսի անվան համար հալածված ԲՈԼՈՐ հավատացյալներին: 

– Ո՞վ էր այս երգի առաջին կատարողը, և որտե՞ղ այն առաջին անգամ հնչեց։

– Այս երգն առաջին անգամ կատարվեց Թեհրանի Զեյթուն տարածքի «Աստծո ժողովուրդ» եկեղեցում: Երգի համադրման մեջ աջակցեց Ռուբիկ Մինասյանը՝ այդ եկեղեցու փառաբանության առաջնորդը` իր կիթառով, ով իր մատներով հրաշք էր գործում կիթառի վրա: Եվ այն տպագրվեց հենց այդ եկեղեցու երգարանում: Իսկ Հայաստանում այս երգն առաջին անգամ կատարեցինք 1992 թվականին, հունիսին` Սևանի եկեղեցում:

– Երգի բառերն իրենց մեջ մեծ ուղերձ ունեն։ Այսօր հազարավոր քրիստոնյաներ հալածվում և բանտարկվում են, նահատակվում և տառապանք են կրում իրենց դավանանքի և հավատի համար։ Ո՞րն է ձեր այսօրվա ուղերձը քրիստոնյաներին, ովքեր գտնվում են հալածանքի մեջ։ 

– Այսօրվա հալածվող Եկեղեցուն իմ ուղերձն է, որ Հիսուսը հալածանքը որակավորում է որպես երանություն (Մատթ. 5.12): Երանի Ձեզ, որ Ձեզ կնախատեն և կհալածեն ամեն չար բան սուտ տեղը կասեն Ձեր վրա Իմ պատճառովը: Դա դժվարին բան է, սակայն հալածանքը համբերելով կժառանգեն Աստծո երանությունը և օրհնությունը: Նահատակների արյունը սերմ է հանդիսացել բոլոր երկրներում, որտեղ հալածել և սպանել են քրիստոնյաներին: Դուք երանելի եք: 

– Նկատի ունենալով Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը` ո՞րն է Ձեր մաղթանքը և ուղերձը հայ ազգին։

– Ամենագեղեցիկ երգը գրել են մեր նահատակներն իրենց արյունով և նրանց հավատքի ճիչն ամենագեղեցիկ նոտան է, որ հնչել է պատմության մեջ: Եվ այդ երգերը մինչ այժմ հնչում են տիեզերքում: Թող այս փոքրիկ երգը հնչելով վառ պահի նրանց հավատքի հիշատակը և մարտիրոսվելու պարծանքը՝ մեր ազգի մեջ: Հաջորդ 100-ամյակը ոսկե դար է լինելու մեր ազգի համար:

Հ.Գ. Այս երգը երգվել է բազմաթիվ երգիչների կողմից։ Այն յուրովի է ներկայացվել Աբրահամ Տաշչյանի, Նարբե Չոլակյանի, Ժիլբերտ Հովսեփյանի, Մերի Բալյանի և շատերի կողմից։ Վերջերս երգը շատ գեղեցիկ ներկայացվեց «Ichthus» խմբի կողմից։ Գործիքավորումը` Գարեգին Ամյանի, կատարումը` Մերի Հովհաննիսյանի։ Ըմբոշխնե՛ք այն։

Հարցազրույցը վարեց Վազգեն Զոհրաբյանը

Աղբյուր՝ derekprincearmenia.com

Մեկնաբանություններ