Մի՛ սպանիր Աստծո տված պարգևը

572

Այսօր առավոտյան ականատես եղա մի գեղեցիկ տեսարանի,

և այն ինձ մտածելու և խորհելու տեղիք տվեց:

Մի փոքրիկ լճակի մեջ վայրի բադի զույգը բույն էր հյուսել:
Էգ բադը թուխս էր նստել, իսկ որձ բադը շարունակում էր չոր ու փափուկ ճյուղեր բերել և կցել բնին: Եվ այդ ողջ ընթացքում` մի քանի ժամ շարունակ, մայր բադը դուրս չէր գալիս իր բնից, տաքացնելով և սպասելով, որ լրանա թխսի համար նախատեսված ժամանակը,և մի գուցե ընթացքում,ժամանակ առ ժամանակ իր տեղը զիջում էր հայր բադին:

Եվ ես նայելով խորհում էի:
«Ի՜նչ հետաքրքիր է, նույնիսկ կենդանիներն ու թռչունները կարողանում են իրենց ազատության մեջ լողալու և ճախրելու, իրենց ուզած կերակուրը հայթայթելու և ուտելու,և մնացած մյուս ցանկություններն ու հաճույքները զոհաբերել հանուն իրենց դեռ չծնված ձագուկների: Ինչքա՜ն պետք է մարդու խիղճը խանձված լինի (ինչպես ասում է Պողոս առաքյալը), որ կինը հղի լինելով շարունակի ծխել ու խմել, և որ ամենասարսափելին է` մայրը կարողանա դեռ չծնված իր երեխային սպանել` արհեստական վիժեցման միջոցով, շատ հաճախ երեխայի հոր դրդմամբ, հակառակ գնալով իենց խղճին, որը Աստծո կենդանի ձայնն է»:

Եփեսացիս 4.27. «Սատանային տեղ մի տվեք ձեզանում»
Մի՞թե հնարավոր է, որ բնազդ ունեցող թռչունն ու կենդանին անեն ամեն բան իրենց ձագուկների լույս աշխարհ գալու համար, բայց բանականություն ու խելք ունեցող մարդը` թե՛ կինը, և թե՛ տղամարդը փչացնեն և կործանեն Աստծուց տրված պարգևը` դեռ չծնված իրենց անմեղ երեխաներին…

Հովհաննես 10.10. «Գողը ուրիշ բանի համար չի գալիս, այլ միայն գողանալու և սպանելու և կործանելու համար: Ես եկա,որ կյանք ունենան և էլ ավելին ունենան»
Կարծում եմ շա՜տ բան ունենք բնությունից սովորելու, չէ՞ որ դա էլ է մեր հրաշագործ և ամենագետ Աստծո ձեռագիրն ու ստեղծագործությունը… Եվ երբեմն մենք կարիք ունենք ոչ թե համեմատվելու, այլ զուգահեռներ տանելու մարդու և բնության միջև, քանի որ Աստված բնությունն ու նրանում եղած ամեն բան ստեղծել է հենց մեր բարի և առողջ կյանքի համար:

Էմմա Մովսիսյան

Աղբյուր՝ YerevanStyle.com

Մեկնաբանություններ