Մտի՛ր Սուրբ Հոգու ջրերի մեջ

461

Ամեն մի քրիստոնյա իր կյանքի ընթացքում կանգնում է տարբեր մակարդակների վրա:

Առաջինը փրկության մակարդակն է, որտեղ մարդ արձագանքում է Աստծո հրավերին: Եվ նման լինելով անապատի մեջ գտնվող ծարաված մարդու՝ գնում է փրկության ձրի ջուրը խմելու:

«Ով բոլոր ծարաւներ, եկէք ջրերին մօտ. Եւ դուք որ փող չունիք, եկէք, ծախու առէք եւ կերէք, եկէք առէք առանց փողի, առանց վճարի՝ գինի եւ կաթ։ Ձեր ականջը խոնարհեցրէք, եւ ինձ մօտ եկէք, լսեցէք եւ ձեր հոգին կապրէ. Եւ ձեզ հետ յաւիտենական ուխտ պիտի դնեմ՝ Դաւիթի հաւատարիմ ողորմութիւնները»։ — Եսայի 55:1-3

Երկրորդը Խոսքի մեջ հաստատվելու մակարդակն է: Այս մակարդակում մարդը պիտի ջրերի մոտ տնկված ծառի նման լինի՝ իր կամքը և միտքը Տիրոջ օրենքի մեջ պահելով: Այս մակարդակը մեզ պտղատու է դարձնում: Այս մակարդակում դու ավելի արդյունավետ և հաջողակ ես ձեռնարկածդ քայլերում:

«Այլ նորա կամքը Տիրոջ օրէնքի մէջ է, եւ ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերայ է մտածում։ Եւ նա ջրերի գնացքումը տնկուած ծառերի պէս է, որ իր պտուղը տալիս է իրան ժամանակին, եւ նորա տերեւը չէ թափվում, եւ ամեն ինչ որ անում է յաջողվում է նորան»։ — Սաղմոս 1:2-3

Երրորդը հասունության մակարդակն է: Այս մակարդակում մենք ոչ միայն գտնվում ենք ջրերի մոտ, այլև այդ ջրերն աստիճանաբար սկսում են բարձրանալ մեր մեջ: Եվ մենք, որպես Աստծո տաճարներ, բխեցնում ենք այն:

«Եւ ինձ ետ դարձրեց տան մուտքը, եւ ահա ջուրեր էին դուրս գալիս տան սեմի տակից արեւելեան կողմից. Որովհետեւ տան երեսը դէպի արեւելքն էր. Եւ ջրերը իջնում էին տան աջ կողմի տակի սեղանի հարաւային կողմիցը։ Եւ ինձ դուրս տարաւ հիւսիսային դռան ճանապարհովը եւ շուռ ածեց դուրսի ճանապարհովը դէպի դուրսի դուռը դէպի արեւելք նայող ճանապարհովը. Եւ ահա ջրեր էին բղխում աջ կողքիցը։
Մարդը դէպի արեւելք դուրս գնալիս մի լար ունէր ձեռքին, եւ հազար կանգուն չափեց, եւ ինձ անց կացրեց ջրերովը. Ջրերը մինչեւ գարշապարներս էին։ Եւ նա չափեց հազար էլ, եւ ինձ անց կացրեց ջրերովը. Ջրերը մինչ ծունկերս էին, եւ չափեց հազար էլ, եւ ինձ անց կացրեց. Ջրերը մինչեւ մէջքս էին։ Եւ չափեց հազար էլ. Մի գետ որով չկարողացայ անց կենալ, որովհետեւ ջրերը յորդել էին, լողալու ջրեր էին, մի այնպիսի գետ որ չէր կարելի անց կենալ»։ — Եզեկիել 47:1-5

Եվ այն ավելանալով գնում է դեպի կյանքի անապատը՝ տանելով իր հետ բժշկություն, ողողելով մարդկանց կյանքի մեջ եղած չորությունը: Մենք կանչված ենք հպվելու այս սերնդին՝ տանելով նրանց օրհնության ճանապարհով:

Մի՛ բավարարվիր փրկված լինելով, այլ մտի՛ր Սուրբ Հոգու ջրերի մեջ:

Աշոտ Գալստյան

Մեկնաբանություններ