Մանանեխի հատիկի չափ հավատ. վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը

306

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Էջմիածին և մասնակցել քաղաքի հիմնադրման 2704-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:

Տոնական միջոցառումների ծրագիրը մեկնարկել է Էջմիածնի հիմնադրման 2704-ամյակին նվիրված հանդիսավոր նիստով, որը տեղի է ունեցել քաղաքի Կոմիտասի անվան մշակույթի պալատում. հաղորդում է primeminister.am կայքը:

Վարչապետը մասնակցել է հանդիսավոր նիստին և հանդես եկել շնորհավորական խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«…Ես հավատում եմ, որ 2704-ամյա Էջմիածինն ամենամեծ և կարևոր վկայությունն է, որ մենք ունենք պատասխանատվություն նաև այն սերունդի առաջ, որը պիտի նշի Էջմիածին քաղաքի 5408-ամյակը: Եվ ես ուզում եմ, որ նրանք շնորհակալությամբ հիշեն մեզ և մեր նախնիներին:

Այս շնորհակալությանն արժանանալը, թերևս, մեր ամենակարևոր առաքելությունն է, և այդ առաքելությունն իրականացնելու համար մենք պետք է կենտրոնացնենք մեր բոլոր ուժերը, մեր հավատը: Հավատն իսկապես նույնքան կարևոր է, որովհետև, ինչպես ասված է Աստվածաշնչում, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաս և սարին ասես՝ ահա, վեր կաց և ծովն ընկիր, սարը կշարժվի իր տեղից և կընկնի ծովը: Մենք բազմաթիվ և եթե ոչ բազմաթիվ, ապա մի քանի սարեր մեր հավատով և համոզվածությամբ արդեն իսկ ուղարկել ենք կամ տեղափոխել ենք կամ շարժել ենք: Եվ այս հավատը մեզ պետք է ուղեկցի մեր հետագա գործունեության մեջ, որովհետև մեր նպատակը չի կարող շեղվել այն պարզ գաղափարից, որը դրված էր 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հիմքում. այդ գաղափարն ազատ քաղաքացին է, պաշտպանված քաղաքացին է, օրենքի գերակայությունը, իրավունքի պետությունը և, ի վերջո, ազատ և երջանիկ Հայաստանը, ի վերջո, մենք և մեր երեխաները, մեր հետագա հազարամյա, երկուհազարամյա այն սերունդները, որոնք պիտի ապրեն ազատ և երջանիկ Հայաստանում:

Ահա այսքան պարզ և այսքան բարդ է այն խնդիրը, որ մենք պետք է լուծենք, և իհարկե, այդ խնդրի լուծումը սկսում է ամեն փողոցից, ամեն բակից, ամեն տանիքից, ամեն շքամուտքից, ամեն դպրոցից, ամեն մանկապարտեզից: Նկատի ունեմ գլոբալ այս խնդիրները մենք, այո՛, պետք է կարողանանք դետալացնել մինչև քաղաքապետի, վարչական շրջանի ղեկավարի, ավագանու անդամի անելիք, և այդ անելիքն է, որ պետք է մեզ առաջնորդի ամենօրյա աշխատանքում»…

Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ

Մեկնաբանություններ