Նոյի զոհը. Մաս 1-ին

266

«Եվ Նոյը մի զոհասեղան շինեց Տիրոջ համար և վերցրեց բոլոր մաքուր անասուններից և բոլոր մաքուր թռչուններից և զոհասեղանի վրա ողջակեզներ մատուցեց: Եվ Տերը հոտոտաց անուշ հոտը…»: Ծննդոց 8:20-21

Երկրի վրա նոր կյանքը սկսվում է զոհով՝ ողջակիզման զոհով: Խոստովանություն, խնդրանք և հաշտություն՝ ահա զոհի երեք կողմերը: Այդ զոհը ներկայացնում է Նոյի և իր ընտանիքի մահը: Ճիշտ է իրենք փրկվեցին դատապարտությունից, սակայն քանի որ մեղքը դատապարտելի է, ահա զոհը որ իրենց փոխարենդատապարտվեց մահվան ու իրենք ապրում են նրա փոխարեն: Զոհաբերության միջոցով մարդը ցույց է տալիս, որ արժանի է մահվան և իր մեջ ոչ մի բարի բան չկա: Մեղքի վարձքը մահն է, մեղք գործողը պետք է մեռնի: Միայն մահը կարող է դառնալ որպես մեղքի հատուցում՝ հակակշիռ: Եթե լծակավոր կշեռքի մի նժարին դնենք մեղքը, մյուսին պետք է դնել մահը, որպեսզի լծակները հավասարվեն:

Մեղքը պետք է դատապարտվի, սա՛ անպայման է և Աստվածային կանոն է: Աստված չի կարող հանդուրժել մեղքը, ո՛չ, ո՛չ մի դեպքում: Որպեսզի մեղք գործող անձը (անմեղ մարդ չկա այս երկրի վրա) կենդանի մնա, պետք է նրա փոխարեն մեկը մեռնի՝ զոհ լինի: Զոհի միջոցով մարդը քավում է իր մեղքը, իր փոխարեն զոհասեղանին դնելով զոհին: Այսպիսով զոհ կատարողը խոստովանում է, որ ինքը արժանի է մահվան և խնդրհում է Աստծո ողորմությունը: Աստված անպատասխան չի թողել այսպիսի հոգով կատարված զոհը, ընդհունելով նրան մարդու փոխարեն:

Միայն զոհը կարող է բավարարել՝ սուրբ ու արդար Աստծո պահանջը, դառնալով միջնորդ, կապ, Իր և մեղավոր մարդու միջև: Դրա համար էլ Քրիստոսը Գողգոթայի զոհասեղանի վրա, մեր փոխարեն Իր վրա վերցրեց Հոր բարկությունը և մեր պատճառով աղաղակեց. «Էլի՛ Էլի՛ լա՛մա սաբաքթանի. այսինքն, — Ի՛մ Աստուած, Ի՛մ Աստուած, ի՞նչու թողեցիր ինձ»։ Որպես իսկական ու ճշմարիտ զոհ Նա բավարարեց Աստծո բոլոր պահանջները:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Մեկնաբանություններ