«Նրանից, Նրանով, Նրա համար». հոգեւոր երգերի ձայնասկավառակի շնորհանդես

634

Հոկտեմբերի 6-ին Հարավ Արեւմտյան թաղամասում՝ Հայաստանյաց Ավետարանական եկեղեցում, տեղի ունեցավ եկեղեցու փառաբանության խմբի հոգեւոր երգերի ձայնասկավառակի շնորհանդեսը:

«Նրանից, Նրանով, Նրա համար», Սուրբգրային այս համարը ոչ միայն ձայներիզի անվանումն է, այլեւ շարժառիթը, հնարավորությունն ու նպատակը, այն է՝ օրհնել Աստծուն և Նրա փառքի, սիրո, փրկության, ողորմության մասին պատմել բոլորին․ գրում է eca.am-ը։

Շնորհանդեսի արարողությունն իրականում փառաբանության պաշտամունք էր, որի ընթացքում փառաբանության խմբի անդամները՝ Անահիտ Սիմոնյանը, Անի Հաջինյանը, Լիլիթ Սարգսյանը, Ռոզետտա Իսրայելյանը, Դիաննա Հովհաննիսյանը եւ Հասմիկ Մարտիրոսյանը կատարեցին ձայնասկավառակում տեղ գտած երիտասարդական հին ու նոր հոգեւոր երգերը՝ «Տե՛ր, ինչ գեղեցիկ ես»,«Տե՛ր իմ, կաղաչեմ», «Գալիս է Նա», «Երբ կորած էի» եւ այլն: Երգերի ընդմիջումներում հանդիսավարները պատմական էքսկուրսով ներկայացրեցին ձայներիզի ծննդյան մանրամասները.

«Ամեն բան սկսվեց 2005թ.-ից, երբ եկեղեցին կազմավորվում էր և  կար փառաբանության խումբ ստեղծելու անհրաժեշտություն։ Խումբը ձևավորվեց շատ արագ, և խմբի յուրաքանչյուր անդամ սկսեց լավագույնն անել իր ծառայության մեջ։ Որոշ ժամանակ անց խումբն արդեն հստակ տեսիլք ուներ, որոշում՝ Տիրոջն օրհնելու ամեն ժամանակ։ 2010թ․-ից եկեղեցու անդամները ցանկություն հայտնեցին ունենալ երգերի ձայնագրությունները, որոնք կլսվեն ամենուր։ Ցանկությունը ծնեց նպատակ եւ տեսիլք, որն Աստծուց էր: Սկսվեցին աղոթքներն ու միջոցների հավաքման նախաձեռնությունները: Սկզբում ներդրումները սիմվոլիկ էին, այնուհետեւ Աստված շատերի միջոցով օրհնեց գաղափարը: Մեծացավ եւ նվիրատուների թիվը, եւ նվերների չափը: Փառաբանության և երկրպագության երեկոներ կազմակերպվեցին, որոնք ավարտվում էին ձայնասկավառակի ձայնագրման գործընթացի համար նվիրահավաքներով: Ի վերջո, երբ հավաքվեց անհրաժեշտ գումարը, փառաբանության խումբը ձեռնամուխ եղավ գործիքավորման և ձայանգրությունների աշխատանքներին: Մեկ տարի առաջ նույն օրը՝ երբ եկեղեցին նշում էր 10-ամյակը, որոշվեց, որ մյուս տարեդարձին ձայնասկավառակը պատրաստ կլինի։ Այդպես էլ եղավ, եւ ձայնասկավառակը դարձավ լավագույն նվերը համայնքի համար»:

Փառաբանության խումբը, եկեղեցու ծառայողներն ու համայնքը փառք են տալիս Աստծուն ու չեն մոռանում կրկնել՝ Ամեն բան ՆՐԱՆԻՑ եղավ, ինչ որ եղավ ՆՐԱՆՈՎ է, և ամեն բան ՆՐԱ համար է:

Մեկնաբանություններ