Օտար լեզուներով խոսելու պարգևը

1674

Հարգելի՛ ընթերցող, այս նյութը պատասխան է Սուրեն Շահումյանի գրառմանը՝ «Լեզուներով խոսելու պարգևի» մասին:

Ինչքան էլ փորձեցի կարճ կապել, չստացվեց: Նյութը բաժանել եմ առանձին հատվածների և փորձել պատասխանել առանձնացված մտքերին: Պատասխանը հիմնված է, ոչ թե հարանվանական որևէ գաղափարախոսության, այլ Աստծու խոսքի պարզ ճշմարտության վրա: Թե ի՞նչ է ստացվել, դատե՛ք ինքներդ:

Մեջբերում՝

«Հայաստանում և աշխարհի շատ երկրներում գործում են հարանվանություններ և զանազան կրոնական կազմակերպություններ, որոնք աղոթում են արտաբերելով անհասկանալի, անթարգմանելի, անիրական բառակապակցություններ, բառեր և հնչյուններ, որոնց նշանակությունն ու իմաստը ոչ իրենք են հասկանում, ոչ էլ իրենց լսողները։
Եվ դա թյուրիմացաբար համարում են ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ, «Զանազան լեզուներով» խոսելու պարգևի կիրառություն»:

Պատասխան՝
Հայաստանում և աշխարհի շատ երկրներում անհասկանալի, անթարգմանելի լեզուներով աղոթողները Քրիստոսի եկեղեցու անդամներ են, ոչ թե կրոնական կազմակերպություն կամ պարզապես հարանվանություն: Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ աղոթողներն ու լսողները չեն հասկանում օտար լեզուներով հնչած արտահայտությունները, դա սուրբ գրային հիմնավորում ունի:

«Այսպէս էլ Հոգին օգնում է մեր տկարութիւններին, որովհետև թե ինչ բանի համար պիտի աղոթք անենք՝ ինչպես արժան է, չգիտենք, բայց ինքը՝ Հոգին անբարբառ հառաչանքով բարեխոս է լինում»։ Հռ.8:26

Ուշադրություն դարձրե՛ք, սա գրում է առաքյալն անձնական փորձառությունից: Հռոմի եկեղեցու անդամներին անծանոթ չէր «անբառբառ հառաչանք» տերմինը: Այո,՛ երբեմն Հոգին աղոթում է անբառբառ, այսինքն առանց որևէ բառ արտահայտելու: Վերը նշված խոսքը պարզ բացատրում է, որ թե՛ առաքյալը, թե՛ Հռոմի եկեղեցու անդամները չգիտեին, թե ի՞նչ է Հոգին աղոթում: Համանուն միտք հանդիպում ենք նաև Կորնթացիներին գրված նամակում:

«Որովհետև լեզվով խօսողը, թող աղոթք անի, որ թարգմանի էլ։ Եթե ես աղոթք անեմ օտար լեզվով, իմ հոգին է աղոթում, բայց միտքս անպտուղ է։ Ապա եթե դու օրհնես հոգով, նա որ տգետի տեղն է բռնում ի՞նչպէս Ամեն ասի քո օրհնությանը, քանի որ չգիտի, թե ի՞նչ ես ասում»: Ա Կորնթ. 14:13-14,16
Կրկին՝

«Չգիտի, թե ի՞նչ ես ասում» կամ «Արդ եթե բոլոր եկեղեցին մէկ տեղ հավաքվի, և ամենքը լեզուներով խոսեն, և տգետներ կամ անհավատներ մտնեն այնտեղ, մի՞թե չեն ասի, թե դուք գժված եք»
: Ա Կորնթ. 14:23

Այսինքն անհավատներն ու տգետները չեն հասկանա, թե ի՞նչ են խոսում կամ աղոթում եկեղեցու անդամները: Նշանակում է Կորնթոսի եկեղեցում լեզուներով աղոթել են և չեն հասկացել ո՛չ աղոթողները, ո՛չ էլ լսողները: Աղոթելն ու խոսելը այստեղ համարժեք են, եթե չեք համոզվում կարդացեք սա՝

«Բայց եթե թարգմանող չկա, թող լռի եկեղեցում, և իր համար Աստուծու հետ խօսի»: Ա Կորնթ. 14:28

Երբ ասում է լեզուներով խոսել, նա նկատի ունի աղոթել: Աստծու հետ խոսելը աղոթելն է և ուիշ բացատրություն չի կարող լինել:

«Որովհետև լեզուներով խոսողը, մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծու…»:
Ա Կորնթ. 14:2

Այնքան պարզ է գրված, որ բացատրության կարիք չի զգացվում: Պետք չէ կենտրոնանալ այդ «խոսել» բառի վրա և թյուրիմացության մեջ ընկնել, մտածելով, որ եթե գրված է խոսել, ուրեմն վերջ՝ խոսքը մարդկանց հետ խոսելու մասին է: Առաքյալը հերքում է նման մտածելակերպը:
Հիմա չգիտեմ, սա թյուրիմացություն է, թե՞ Աստվածային ճշմարտություն: Վերացական խոսք, թե՞ հոգևոր կյանք:

Մեջբերում՝

«Պենտեկոստեի օրը ՏԵՐԸ մեծ հրաշք գործեց։ ՆԱ ԻՐ աշակերտներին ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ մկրտեց, այսինքն Վերստին ծնեց (Գործ․1։5), լցրեց ԻՐ խոստացած Զորությամբ․ (Գործ․1։8), և նրանց զանազան լեզուներով խոսելու շնորհ տվեց (Գործ․2։4)։
Ինչի՞ համար։
1) որպեսզի այդ օրերին սփյուռքից Երուսաղեմ վերադարձած բոլոր այլալեզու հրեաները, նաև օտարականները, ականատես և ականջալուր լինելով ԱՍՏԾՈ այս մեծ հրաշքին, իրենց հասկանալի լեզուներով լսեն և հասկանան ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ, որ ապաշխարեն ու փրկվեն:
2) որպեսզի հեթանոսներից կազմված ՔՐԻՍՏՈՍԻ Սուրբ Եկեղեցին հիմնադրվի։
3) որպեսզի այդ օրվանից սկսած աշակերտներն, իրենց տրված զարմանահրաշ Զորությամբ կարողանան ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ քարոզել․ նախ Երուսաղեմում, հետո Հրեստանում, հետո Սամարիայում և վերջապես մինչև աշխարհի ծայրերը և դրանով իսկ կատարած լինեն ՏԵՐ ՀԻՍՈՒՍԻ պատվերը (Գործ.1:8); (Մատթ.28:20-21):
4) որպեսզի աշխարհի հեթանոսների մեջ ևս, ՔՐԻՍՏՈՍԻ եկեղեցիներ հիմնվեն, հաստատվեն ու տարածվեն»:

Պատասխան՝
Ճշմարտանման է, բայց ո՛չ ճշմարիտ:

«Որովհետև լեզուներով խոսողը, մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծու…»:
Ա Կորնթ. 14:2

Այսինքն, լեզուների պարգևը քարոզելու համար չէ ընդհանրապես: Մենք ոչ մի տեղ չենք կարդում ավետարանում, որ աշակերտները որևէ ժողովրդի քարոզեցին իրենց լեզվով: Կարդում ենք. «Պետրոսի և Յովհաննեսի համարձակությունը տեսնելով, և իմանալով, որ առանց ուսմունքի, տգետ մարդիկ են, զարմանում էին»: Գործք 4:13 ցույց է տալիս, որ անուս առաքյալների կիրթ խոսելաոճը զարմանք է առաջացրել քահանաների շրջանակում, իսկ Ղուկաս ավետարանիչը հարկ է համարել դա նշել:

Իսկ այս խոսքը՝ «Եվ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին, ու սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս», ցույց է տալիս, որ Հոգին էր նրանց խոսել տալիս՝ անկախ իրենց մտածելակերպից ու կամքից: Նշանակում է, որ նրանք չէին կարող երկխոսության մեջ մենել և որևէ հարց քննարկել օտարալեզու անձնավորության հետ:

Հռոմեական կայսրության մեջ պաշտոնական լեզուն եղել է հունարենը: Հռոմեացու տանը հունարեն խոսելը պատիվ է եղել: Մեզ հայտնի է, որ նոր կտակարանի մեծ մասը գրված է հունարեն: Քանի որ Հռոմեական կայսրության մեջ գտնվում էին բազմաթիվ ազգեր, որոնք ունեին իրենց սեփական լեզուն, այդ դեպքում հունարեն լեզվով հաղորդակցվելը կամ քարոզելը ոչ մի դժվարություն չէր առաջացնում: Դա դժվար չէ հասկանալ, եթե հիշենք, որ նախկին Սովետական միության մեջ գտնվող բոլոր ազգերը հաղորդակցվել են ռուսերեն լեզվով: Պողոս առաքյալը Գաղատացիների նամակում բացատրում է, որ Հայր Աստված Հիսուսին ուղարկելու համար պատրաստել է երկիր մոլորակի պատմական ժամանակաշրջանը:

«Բայց երբ որ ժամանակը իր լրմանը հասավ, Աստված ուղարկեց Իր Որդուն»: Գաղ.4:4:

Պատահական չէ, որ Հիսուսը ծնվեց Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում և դա հաստատող շատ փաստեր գոյություն ունեն և դրանցից մեկը՝ լեզուն ու հռոմեական ճանապարհներն էին, որոնք մեծ նպաստ ունեցան ավետարանի արագ տարածման գործում:

Մեջբերում՝

« Զանազան լեզուներով խոսելու պարգևը տրվեց նաև, որոշ պարագաներում անհավատներին նշան լինելու համար»: (Ա․Կոր․14։22)։

Պատասխան՝
Միակ միտքը, որին համաձայն եմ, որովհետև գրված է՝ «Ուրեմն լեզուները նշանի համար են՝ ոչ թե հավատացեալներին, այլ անհավատներին.» Ա Կորնթ.14:22
Պարզ գրված է, ինչպես վերը նշված բոլոր խոսքերը, հիմա ի՞նչ կարիք կա ուրիշ մեկնաբանություն տալ և մեր մարդկային գաղափարները խառնել Աստվածայինի հետ: Այ,՛ հենց այս դեպքում կլինի իսկական՝ Բաբելոն:

Մեջբերում՝

«Հիշեցնեմ, որ տարբեր լեզուներով խոսելու պարգևը տրվեց ոչ թե ամենքին, այլ ՔՐԻՍՏՈՍԻ աշակերտներին՝ ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ քարոզելու համար, որ բոլոր լսողները լսեն ու հասկանան»:

Պատասխան՝
Երբ այս պարգևը տրվեց երկնքից, աշակերտները գտնվում էին վերնատանը, բայց նրանք մենակ չէին, այլ բոլորը միասին՝ մոտ հարյուր քսան հոգի էին:

Համեմատե՛ք, այս երկու խոսքերը.

«Այն օրերի մեջ Պետրոսը վեր կացավ եղբայրների մեջ և ասաց, այնտեղ հարյուր քսան հոգու չափ բազմություն կար»: Գործք 1:15
«Երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, ամենքը միաբան մեկտեղ էին»: Գործք.2:1

Այստեղ երկրորդը՝ լրացնում է առաջինին: Այսինքն նրանք, հարյուր քսան հոգին՝ կրկին միասին էին: Աստված, առանց աչառության Իր Հոգին տվել է ամենքին: Թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, առանց տարիքայն խտրականության՝ Սուրբ Հոգով լցվեցին, և սկսեցին օտար լեզուներով խոսել:

Կարդում ենք, մեկ այլ հատված՝

«Եվ Պետրոսը դեռ այս բաները խոսելիս, Սուրբ Հոգին իջավ այն խոսքը լսող բոլորի վերա։ Եվ զարմացան Պետրոսի հետ եկող հավատացյալները, որ թլփատությունից էին. որ հեթանոսների մեջ էլ Սուրբ Հոգու պարգևը թափվում էր։ Որովհետև լսում էին՝ որ նրանք լեզուներով խոսում և Աստուծուն փառավորում էին»։ Գործք. 10:44-46

Չմոռանանք, որ հեթանոս Կոռնելիոսը, և իր տան մեջ գտնվողները, աշակերտներ չէին: Կամ վերը մեջբերված հատվածներում պարզ երևում է, որ Կորնթացիներն ու Հռոմեացիները նույնպես հեթանոսներ էին, բայց եկեղեցում լեզուներով էին խոսում: Այն միտքը, որ միա՛յն աշակերտներն են լեզուներով խոսել, և միա՛յն Աստծու խոսքը քարոզելու համար, անհիմն է:

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ