Պետրոս

1865
Պետրոս առքյալ

Առաքյալների և վաղ եկեղեցու առաջնորդը։

Ինչպես հայրը և եղբայրը՝ Անդրեասը, Սիմոն Պետրոսն էլ ձկնորս էր։ Երբ Հիսուս նրան կոչեց Իր աշակերտը լինել, նրա Սիմոն անունը փոխարինեց Պետրոս անվամբ, որը նշանակում է «ժայռ»։ Ավելի ուշ Հիսուս աշակերտներին հարցրեց, թե մարդիկ ի՞նչ են մտածում Իր մասին։ Պետրոսը պատասխանեց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»։ Հիսուս պատասխանեց. «Դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին»։

Պետրոսը Հիսուսի ամենասիրելի աշակերտներից մեկն էր։ Նա Հիսուսի հետ էր Նրա պայծառակերպության ժամանակ և Գեթսեմանիի պարտեզում՝ Նրա մահվանից առաջ։ Հիսուսի ձերբակալումից հետո Պետրոսը վախից երեք անգամ հայտարարեց, թե չի ճանաչում Հիսուսին։ Ինչևէ, նա միանգամից դառնորեն զղջաց դրա համար։ Այս իմանալով՝ հարությունից հետո Հիսուս ուրույն կերպով երևաց Պետրոսին։ Գալիլիայի լճի մոտ Նա Պետրոսին պատվիրեց հովվել քրիստոնեական «հոտը»։

Պենտեկոստեի օրը Երուսաղեմում Պետրոսը բազմության առաջ համարձակ քարոզեց Հիսուսի մասին։ Այդ օրը գրեթե երեք հազար հոգի քրիստոնյա դարձան։ Սկզբում Պետրոսը միայն հրեաներին էր քարոզում, սակայն Հոպպեում Աստված նրան տեսիլքով հայտնեց, որ նա Բարի Լուրը պետք է փոխանցի նաև ոչ հրեաներին։

Հերովդես թագավորը ձերբակալեց Պետրոսին և բանտ նստեցրեց, բայց քրիստոնյաներն աղոթեցին նրա համար, և Աստված նրան ազատեց։ Նոր Կտակարանի երկու նամակները Պետրոսն ըստ երևույթին գրել է Հռոմում եղած ժամանակ։ Մարկոսն իր Ավետարանի՝ Հիսուսի մասին պատմության որոշ մասը հավանաբար Պետրոսից է լսել։ Ենթադրվում է, որ Պետրոսը մահացել է Հռոմում, Ներոն կայսեր սկսած հալածանքների ժամանակ. նա խաչվել է, ինչպես Հիսուս, բայց գլխիվայր։
Մտ 4.18-19, 10.2, 14.28-33, 16.13-23, 17.1-9, 26.30 շր, Մր 1.16-18, 29-31, 5.37, Հհ 1.40-42, 18.10-11, 20.2-10, 21.1-24, Գրծ 1-15, Գղ 1-2, Ա և Բ Պետրոս

Աղբյուր՝  biblesociety.am

Մեկնաբանություններ