Պողոս (Սողոս)

1023

Այն մեծ առաքյալը, որի գրած նամակները (Թղթեր) Նոր Կտակարանի մեծ մասն են կազմում։ 

Պողոսը հրեա էր, Հռոմի քաղաքացի։ Նա ծնվել է Տարսոնում և կրթություն ստացել Երուսաղեմում՝ ռաբբի Գամաղիելի մոտ։ Նա քրիստոնյաներին ընդդիմադիր փարիսեցի էր և ներկա է եղել Ստեփանոսի քարկոծմանը։ Երբ Պողոսը վերադառնում էր Դամասկոս՝ քրիստոնյաներին ձերբակալելու, մի շլացուցիչ լույս երևաց նրան, և նա լսեց Հիսուսի՝ իրեն ուղղված ձայնը. «Ինչո՞ւ ես հալածում ինձ»։

Այդ լույսից կուրացած Պողոսի ձեռքից բռնելով՝ նրան տարան Դամասկոս։ Աստված Անանիային ուղարկեց՝ վերականգնելու նրա տեսողությունը։ Պողոսը մկրտվեց, որից հետո անմիջապես Դամասկոսում սկսեց Հիսուսի մասին քարոզել։

Երբ հրեաները որոշեցին սպանել նրան, նա գնաց Երուսաղեմ։ Այնտեղի քրիստոնյաները վախեցան Պողոսից, բայց Բառնաբասը նրան տարավ առաքյալների մոտ։ Իմանալով նոր դավադրության մասին՝ Պողոսը վերադարձավ Տարսոն։

Տարիներ անց Բառնաբասը նրան կանչեց Ասորիք՝ Անտիոքի եկեղեցուն աջակցելու։ Ավելի ուշ նրանց ուղարկեցին Կիպրոս, հետո՝ Փոքր Ասիա՝ Աստծու պատգամը փոխանցելու բազում ժողովուրդների։ Կիպրոս կատարած այցելությունից հետո նա արդեն հայտնի է Պողոս անունով, որը եբրայերեն Սողոս անվան հունարեն ձևն է։
Վերադառնալով Անտիոքի եկեղեցի՝ Պողոսը տեղեկացրեց իր ճանապարհորդության մասին։ Նա հրեա քրիստոնյաներին կարողացավ համոզել նաև, որ Հիսուս Քրիստոս ոչ միայն հրեաների, այլև բոլոր ազգերի Փրկիչն է։

Իր երկրորդ ճանապարհորդության ժամանակ Պողոսը Շիղային օգնական վերցրեց։ Նրանք այցելեցին Գաղատիայի նորադարձներին։ Լյուստրայում նրանց միացավ մի այլ օգնական ևս՝ Տիմոթեոսը։ Տրովադայից նրանք նավարկեցին Հունաստան, որտեղ նրանց միացավ նաև Ղուկասը՝ երրորդ Ավետարանի և Գործք Առաքելոցի հեղինակը։

Փիլիպպեում քրիստոնեական եկեղեցի հաստատվեց, սակայն Պողոսին ու Շիղային գանահարեցին և բանտ նետեցին։ Բանտից ազատվելուց հետո նրանք ճանապարհորդեցին Հունաստանում։ Պողոսը քարոզեց Աթենքում, ապա տասնութ ամիս մնաց Կորնթոսում։ Հետո վերադարձավ Երուսաղեմ՝ Հունաստանի և Փոքր Ասիայի քրիստոնյաներից աղքատների համար ստացած նվերներով։

Պողոսը միառժամանակ մնաց Ասորիքում, ապա կրկին ուղևորվեց Եփեսոս։ Երեք տարի շարունակ նա քարոզեց այնտեղի հրեաներին և հույներին։ Դարձյալ Կորնթոս այցելելուց հետո Պողոսը Հունաստանով և Փոքր Ասիայով վերադարձավ Երուսաղեմ։ Նա ձերբակալվեց և ուղարկվեց Կեսարիա՝ Ֆելիքսի մոտ դատական քննության ենթարկվելու։ Երկու տարի մնաց բանտում՝ սպասելով իր գործի վերանայմանը։

Այդ ժամանակ, որպես հռոմեական կառավարիչ, Ֆելիքսին փոխարինել էր Փեստոսը։ Պողոսը բողոքեց Կեսարին։ Նրան ուղարկեցին Հռոմ՝ դատաքննության։ Պողոսի նավը Մալթայից դուրս գալուց հետո վթարի ենթարկվեց, բայց ոչ ոք չխեղդվեց։ Երբ հասան Հռոմ, Պողոսը ավելի քան երկու տարի տնային կալանքի տակ պահվեց։

Ըստ երևույթին դատավարությունից հետո նրան ազատ արձակեցին, և նա սկսեց քարոզել Իսպանիայում։ Երկրորդ կալանքից հետո Պողոսը մոտ 67թ. Հռոմում Ներոնի կողմից մահվան դատապարտվեց։ Նա քրիստոնեությունը տարածել է Եվրոպայում, մեկընդմիշտ եկեղեցուն ավանդել իր գրվածքների անգնահատելի ժառանգությունը և մինչև վերջ պահել իր հավատը։

Գրծ 7.58 շր, 9.1-28.32, Պողոսի Թղթերը՝ Հռոմեացիներից մինչև Փիլիմոն

Աղբյուր՝  biblesociety.am

Մեկնաբանություններ