Protestant.am-ը զրուցել է սիրված դերասան Էմիլ Գալստյանի հետ

2958

Protestant.am-ի զրուցակիցն է սիրված դերասան Էմիլ Գալստյանը:

Էմիլ, կխնդրեի պատմեիք, թե երբ և ինչպես եք ապաշխարել:

Աստծուն ճանաչել եմ դեռ փոքրուց, երբ մայրս ինձ իր հետ տանում էր եկեղեցի: Մանուկ ժամանակ ունեի հիվանդություն՝ ոտքիս տակ ուռուցքային գոյացության տեսքով: Մայրս հավատքով ընդունել էր խոսքը՝ աղոթեք հիվանդների համար և նրանք կբժշկվեն, աղոթել էր բժշկությանս համար, որից հետո հրաշքը կատարվել էր, ու ոտքս միանգամայն առողջ էր: Երբ ես սեփական աչքերով տեսա Աստծո հրաշքը իմ կյանքում, մեջս մեծ հավատք ծնվեց Աստծո նկատմամբ, որը ես մինչ օրս ունեմ իմ սրտում:

Ո՞ր եկեղեցին եք հաճախում:

Հաճախում եմ Ռեմա ավետարանական եկեղեցի:

Ներգրավվա՞ծ եք արդյոք որևէ ծառայության մեջ:

Որևիցե ծառայության մեջ ներգրավված չեմ, քանի որ ժամանակս այնքան էլ չի ներում:

Ինչպե՞ս եք վերաբերվում երբեք չդադարող քննադատություններին:

Քննադատություններ սիրում եմ, արդեն սկսել են հետաքրքրել մարդկանց աշխարհայացքն ու տգիտության չափը:

Ո՞րն է աստվածաշնչյան Ձեր ամենասիրելի Խոսքը կամ հատվածը:

Բոլորն էլ շատ կարևոր են, բայց այժմ ուզում եմ նշել հետևյալ խոսքը.  «Եկեք ինձ մոտ, բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և Ես ձեզ հանգստություն կտամ» (Մաթ. 11:28):

Լինելով երիտասարդ քրիստոնյա` ի՞նչ խնդիրներ եք նկատում այսօրվա հայ երիտասարդների մեջ:

Երիտասարդության մեջ բազում խնդիրներ կան. գրեթե բոլոր երիտասարդներն այսօր թակարդի մեջ են՝ խաբվելով գայթակղություններով և հաճույքներով: Նրանք չեն հասկանում, որ դրանք ժամանակավոր բնույթ են կրում և դրանցով իրենք իրենց են վնասում: Նրանք չեն ճանաչում Աստծուն: Երբեմն թվում է, թե կյանքում ամեն ինչ հեշտ է տրվում, բայց երիտասարդ տարիները վատնելուց հետո՝ անկախ իրենցից սկսում են լրջանալ և կյանքին ուրիշ կողմից նայել:

Բոլոր երիտասարդներին խորհուրդ եմ տալիս զերծ մնալ ժամանակավոր ու կեղծ հաճույքներից, քանի որ դրանք վնասում ու թունավորում են և՛ իրենց, և՛ իրենց հարազատների կյանքերը: Ամեն հաճույք թակարդ է, որի հետևում կանգնած է սատանան, նա չի քնում ու ամեն րոպե փորձում է խաբել և կործանել:

Ի՞նչ կոչ կուղղեք մեր երիտասարդ ընթերցողին:

Կարդացե՛ք Աստվածաշունչը՝ գոնե Աստծուն ճանաչելու համար: Աստծուն ձեր կյանք կարող եք և՛ ընդունել, և՛ չընդունել, բայց գոնե փորձեք ճանաչել, դա էլ հո ձեր լեզվով աղանդ չէ՞:

Զրուցեց Գոռ Կարապետյանը

Մեկնաբանություններ