Protestant.am-ը զրուցել է Էրլո Շտեգենի հայաստանյան ծառայությունների կոորդինատոր, հովիվ Վազգեն Զոհրաբյանի հետ

372

Մայիսի 5-ին Երևան է ժամանելու հանրահայտ քարոզիչ,

միսիոներ, Քվա Սիզուբանտու առաքելության հիմնադիր և տնօրեն Էրլո Շտեգենը:

Նրա ծառայության, Երևանում անցկացվելիք համաժողովի մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով զրուցեցինք «Դերեկ Պրինսի ծառայության» ղեկավար, հովիվ Վազգեն Զոհրաբյանի հետ, ով կոորդինացնում է հանրահայտ ավետարանչի և իր ծառայակիցների այցը Հայաստան:

— Հովիվ Վազգեն, խնդրում եմ մեր ընթերցողներին ներկայացրեք Էրլո Շտեգենի ծառայությունը:

Դեռևս 1950-ական թվականներին Հարավային Աֆրիկայում ապրող զուլու ցեղը համարվում էր հեթանոս և կռապաշտ։ Մոտավորապես տասը տարի անց այդ ցեղում մի բան պիտի տեղի ունենար, ինչի հետևանքով նրաք ազգովի պիտի քրիստոնյա դառնային։ 1966 թվականին Աստված ծառայության է կանչում սպիտակամորթ Էրլո Շտեգենին, ով պիտի արթնության կրակը տաներ զուլու ժողովրդի մեջ։

Ամեն բան սկսվեց այն բանից, երբ երիտասարդ միսիոները հասկացավ, որ սեփական ջանքերով չէր կարող այդ անկիրթ տեղաբնակներին դարձի բերել, քանի որ նրանց համար Ավետարանը համարվում էր «սպիտակների գիրքը», իսկ Քրիստոսը` սպիտակամորթների Աստվածը։

— Եվ ի՞նչ ձեռնարկեց Շտեգենը:

Երկար փնտրտուքներից և աղոթքներից հետո Էրլո Շտեգենը հասկացավ, որ նա ոչ թե պետք է սկսեր զուլուներից, այլ` իրենից։ Նա վկայում է. «Երկար տարիներ մեր փոքրիկ եկեղեցում ոչ ոք չէր ապաշխարում։ Ինձ միշտ տանջում էր այն միտքը, թե ինչո՞ւ մարդիկ չեն ցանկանում դարձի գալ։ Մեղադրում էի նրանց անկրթության և մեղքը սիրելու մեջ, այնինչ ես էլ պակասը չէի։ Մեկ օր մեր եկեղեցում ապաշխարություն տեղի ունեցավ։ Ապաշխարեց եկեղեցու ամենամեծ մեղավորը. և այդ մեղավորը ես էի` եկեղեցու հովիվը»։

Ահա այդ խորը փորձառությունից հետո ապաշխարության և խոստովանության մի փոքրիկ կայծից բռնկվում է մի մեծ արթնություն, որը պետք է հեղափոխեր միլիոնավոր զուլուների սրտերը։ Այսօր Հարավային Աֆրիկայում շուրջ յոթ միլիոն զուլուներ են ապրում, որոնց մեծ մասն իրենց համարում են վերստին ծնված քրիստոնյաներ։

— Ինչո՞ւ է նրա ծառայությունն անվանվել նման տարօրինակ անունով՝ Քվա Սիզուբանտու: Ի՞նչ ձեռքբերումներ ունի այդ ծառայությունը աշխարհում:

— «Քվա Սիզաբանտու» անունը զուլուների լեզվից թարգմանաբար նշանակում է «Օգնություն մարդկանց», այսինքն` մի վայր, որտեղ մարդկանց օգնություն են ցուցաբերում։ Առաջին հերթին դա հոգևոր օգնություն է։ «Քվա Սիզաբանտուն» եկեղեցի չէ։ Այն քրիստոնեական մի մեծ առաքելություն է, որտեղ կրթվում, վերականգնվում և բժշկություն են ստանում հազարավոր հավատացյալներ` տարբեր եկեղեցիներից։

— Տեղյա՞կ եք արդյոք, թե ինչու Շտեգենի նման հանրահայտ ծառայողը որոշեց գալ Հայաստան այն դեպքում, երբ նա երբեմն չի ընդունում տարբեր երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի հրավերը:

— Էրլո Շտեգենը վաղուց երիտասարդ չէ, թեպետ նրա հոգին խանդավառված է երիտասարդի պես։ Լինելով ութսունն անց` նա հազվադեպ է շրջագայում։ Այդ պատճառով նա ստիպված է լինում մերժել տարբեր երկրներից իրեն հասցեագրված հրավերքները։ Ռուսաստանից շուրջ քսան տարի է, ինչ հրավիրում են, սակայն նա չի առաջնորդվում գնալ։

Մեկ ամիս առաջ հանդիպեցի մոսկվաբնակ ընկերոջս, ով անձամբ է ճանաչում Էրլո Շտեգենին։ Նա կիսվեց իր տպավորություններով։ Ցանկություն հայտնեցի Էրլո Շտեգենին հրավիրել Հայասատն, սակայն մի պահ կարծես զգացի ցանկությանս անիրական լինելը։ Մեկ շաբաթ անց ընկերս Մոսկվայից զանգահարեց և հուզմունքով ասաց, որ Էրլո Շտեգենն Աստծուց հայտնություն է ստացել Հայաստան այցելելու համար։

Նրա շատ գործընկերներ զարմացած էին մնացել, քանի որ նա շատ արագ և կտրուկ էր կայացրել իր որոշումը։ Ծառայակիցներին ասել էր, որ Հայաստանի արթնության մասին Աստծուց հատուկ պատգամ էր ստացել։

Հայտնի ավետարանիչը Հայաստան մենակ չի գալու։ Նրան ուղեկցելու են շուրջ 30 ծառայակիցներ Հարավային Աֆրիկայից։ Սպասվում են պատվիրակություններ և հյուրեր Ռուսաստանից, Թուրքիայից, Իրանից, Վրաստանից, Ղազախստանից և Եվրոպայից։ Շուրջ 150 մասնակիցներ են ժամանելու Հայաստան արտերկրից` համաժողովին մասնակցելու համար։

— Մեր ընթերցողներին ավելի մանրամասն ներկայացրեք խնդրեմ Երևանում Էրլո Շտագենի ծառայությունների և, եթե հայտնի է, ծառայության վայրերի և ժամանակի մասին:

— Ծառայությունները լինելու են «Խուլ ու համրերի» մշակույթի տանը`Եզնիկ Կողբացի 69 հասցեում (Հյուսիսային պողոտայի մոտ)` մայիս 5-ին և 6-ին, ժամը 18:30: Իսկ մայիսի 7-ին, ժամը 11:00-ին «Նյու լայֆ Արմենիա» կազմակերպությունում (Երզնկյան 63) կլինի հովվական հանդիպում ավետարանչի հետ։ Մուտքը միայն հովիվների և նրանց օգնականների համար է։ Մասնակցելու համար խնդրում ենք նախօրոք գրանցվել` զանգելով. 094 831 347 կամ 055 795 777 կամ էլ գրել. dpmarm@gmaill.com հասցեով։

Շնորհակալություն, թող Աստված օրհնի Իրեն հաճելի բոլոր ծառայությունները:

Զրուցեց Աշոտ Հովսեփյանը

 

Մեկնաբանություններ