Religions.am-ը զրուցել է Protestant.am կայքի գլխավոր խմբագիր Գոռ Կարապետյանի հետ

462
Gor Karapetyan

Religions.am-ի զրուցակիցն է Գոռ Կարապետյանը՝ Protestant.am կայքի պատասխանատու, Երևանի «Նոր Սերունդ» եկեղեցու երիտասարդական ծառայությունների կորդինատոր:

— Վերջերս դուք նշեցիք Protestant.am  կայքի գործունեության երկու տարին: Ե՞րբ և ինչպե՞ս ստեղծվեց կայքը:

— Քրիստոնեական լրատվական կայքի ստեղծման միտքն իմ մեջ ծագեց, երբ նախորդ աշխատավայրիս տնօրենը հետաքրքրվեց իմ կրոնական պատկանելությամբ, և ես փորձեցի ներկայացնել բողոքականներին, ավետարանակններին: Ի զարմանս ինձ, նա գաղափար անգամ չուներ այդ ամենի մասին, չնայած կիրթ ու բավական զարգացած անձնավորություն էր: Ես որոշեցի ստեղծել մի համացանցային ռեսուրս, որը հնարավորինս սպառիչ և ամբողջական պատկերացում կտա հայ ընթերցողին քրիստոնեության խոշորագույն երեք ուղղություններից մեկի՝ բողոքականության պատմության, դավանանքի, գործունեության, ինչպես նաև, բողոքական եկեղեցիների տեղական և համաշխարհային նորությունների մասին:

Արդյունքում՝ այսօր մեր կայքի Բողոքականներ բաժինը, իր ենթաբաժիններով, ամենաշատ դիտողականությունն ունի, և վստահ եմ՝ ոչ միայն բողոքականների կողմից:

— Այսօր աշխարհը սրընթաց զարգանում է հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և դրա վառ ապացույցը նաև հոգևոր-կրոնական կյանքում դրանց լայն կիրառությունն է: Ի՞նչ տվեց կայքի ստեղծումը:

— Այո, համաձայն եմ, և հենց այդ հանգամանքն օգտագործելով այս ընթացքում մենք փորձել ենք իրագործել մեր երեք հիմնական նպատակները.

Կառուցել կամուրջներ Աստծո և անհատի միջև՝ հոգևոր խրատական նյութերի, վկայությունների, ուսուցողական պատմությունների և այլ բազմաբնույթ օգտակար նյութերի միջոցով:

Հօգուտ այս փաստի խոսում է մեր կայքի համակիրների մի ստվար զանգվածի դրական արձագանքը, որոնցից ոչ բոլորն ունեն որևէ եկեղեցական պատկանելիություն:

Կառուցել կամուրջներ բողոքական/ավետարանական տարբեր համայնքների, եկեղեցիների, հարանվանությունների միջև՝  փոխադարձ տեղեկատվության տարածմամբ ու գործունեության լուսաբանմամբ:

Դրա մասին է վկայում տարբեր եկեղեցիների մեդիածառայությունների միջև ձևավորված այն ջերմ ու սիրո մթնոլորտը, որի ականատեսը եղանք նաև մեր երկրորդ տարեդարձի ցերեկույթի ընթացքում:

Կառուցել կամուրջներ հասարակության և բողաքական/ավետարանական եկեղեցիների միջև՝ տրամադրելով հավաստի և համակողմանի տեղեկատվություն հայ բողոքական համայնքի դավանանքի, ծավալած գործունեության մասին, ինչպես նաև, հարցազրույցների միջոցով ավելի ճանաչելի դարձնել հոգևոր հովիվների տեսակետներն ու դիրքորոշումները՝ մեր հասարակությանը հուզող ամենատարբեր հարցերի վերաբերյալ:

Մենք փորձել ենք կապեր հաստատել և համագործակցության եզրեր փնտրել քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի, ինչպես նաև առաքելական և կաթոլիկ համայնքների առանձին ներկայացուցիչների հետ:

— Արդյոք կրոնական համայնքի համար կենդանի հաղորդկացությունը ավելի կարևո՞ր չէ: Համացանցային տեղեկատվությունը, սոցցանցերով շփման ակտիվացում չի նպաստո՞ւմ մարդկային փոխրահաբերությունների պասիվացմանն ու սառեցմանը:

— Միանշանակ: Այս առումով իմ մտահոգություն այնքան մեծ է, որ հանդես եմ եկել առանձին խմբագրականով:

Համացանցի կիրառությունը, իր դրական և բացասական կողմերով հանդերձ, մտել է բոլորիս կյանք, և դա անշրջելի փաստ է: Ինքն իրենով այն չեզոք է, նեյտրալ, ինչպես գիտելիքը կամ իշխանությունը: Ամբողջ հարցը դրանց կիրառման նպատակի, դրդապատճառի և օգտագործման ձևի մեջ է:

Համացանցն կարծես գիտելիքի և իշխանության սինթեզ է: Գիտելիքը` անսահամանափակ տեղեկատվություն և դրա միջոցով ազդեցություն թողնելու օպերատիվ հնարավորություն: Ինչպե՞ս է այսօր այն կիրառվում: Ավելի կոնկրետ, ինչպե՞ս ենք այն կիրառում մենք՝ քրիստոնյաներս:

Բազմաթիվ քրիստոնյաներ համացանցն օգտագործում են ոչ թե մեղսավոր նպատակներով, այլ ընդհակառակը՝ հոգևոր նպատակներով՝ օգտակար նյութեր ներբեռնելու, գրքեր ու հոդվածներ կարդալու, երաժշտություն լսելու, քարոզներ ու ֆիլմեր դիտելու:

Այս ամենը շատ լավ է: Բայց երբ քրիստոնյան զուգահեռ մի աննշան անհամաձայնության, նեղվածության կամ որևիցէ այլ հիմնավոր կամ անհիմն պատճառով թողնում է իր եկեղեցին, այսինքն կենդանի քրիստոնեական հաղորդակցությունը և դրան զուգահեռ չունի Եկեղեցու մասին լրջագույն հայտնություն՝ նա կարող է բոլորովին ՄԵԿՈՒՍԱՆԱԼ:

Այո, այսօր հոգևոր նյութերն անսահմանափակ քանակությամբ հասանելի են յուրաքանչյուր օգտատիրոջ, սակայն միևնույն ժամանակ այն մեղքի, անօրենության տարածման ու հաստատման հզորագույն գործիքն է աշխարհում: Այն անդառնալիորեն ներխուժել է մեր կյանքերն՝ իր մեջ ՊԱՐՈՒՆԱԿԵԼՈՎ մեղքի ահռելի մեծ պաշար: Ու երբ չկա հստակ սահմանազատում իրականի և վիրտուալի միջև, չկան հաստատված խորը արժեքներ, ապա մարդու մոտ ստեղծվում է բավարարվածութան կեղծ զգացում: Այսպիսով՝ նա մեկուսանում է Եկեղեցուց, Տիրոջ Մարմնից, համայնքից, հոգևոր հաղորդակցությունից, արդյունքում նա դառնում է իննսունիննից զատված այն մեկ մոլորված գառը, բայց ինքն էլ դա չի գիտակցում և չի ընդունում, իսկ եթե ընդունում, ապա միշտ չէ, որ ճիշտ հետևություններ է անում:

— Չի խանգարո՞ւմ արդյոք քրիստոնյաներին տեղեկատվական այս տարափը, չէ որ որքան շատ ու մատչելի է լինում ինչ որ բանը, այնքան ավելի արժեզրկվում է:

— Իհարկե՚ խանգարում է: Համացանցն իր անսահման տեղակատվությամբ մշտական պաթոլոգիկ կախվածություն է առաջացնում: Մարդիկ անընդհատ ստուգում են մեյլերը, հաղորդագրությունները, ընկերների գործողություները, տեղական ու համաշխարհային լրահոսը: Այս բոլորն ամեն վայրկյան թարմանում է, և անվերջ կարելի է հետևել ու այդպես էլ չհասնել կոնկրետ վերջնակետի, բավարարվածության, և այս ամենը ի հաշիվ Աստծո և մարդկանց հետ կենդանի հաղորդակցության:

— Ի՞նչ է արվում կայքի միջոցով քրիստոնյաներին իրենց իրավունքների հարցում իրազեկելու, միջհարանվանական համագործակցությունն ուժեղացնելու ուղղություններով:

— Մենք ռեպորտաժների, խմբագրականների և հարցազրույցների միջոցով փորձում ենք հավաստի տեղեկատվություն տարածել առաջին ձեռքից՝ ի պատասխան հաճախ հնչող ու մեծամասամբ զավեշտի հասնող մեղադրանքների, բամբասանքների ու զրպարտությունների՝ ներկայացնելով ավետարանկան տարբեր համայքների կողմից ծավալած իրական գործունեությունը, ինչպես նաև նրանց առաջնորդների տեսկակետները՝ մեր հասարակությանը հուզող ամենատարբեր հարցերի շուրջ:

— Կայքում լուսաբանվում են միայն կրոնական բնույթի՞ հարցեր, թե անդրադառնում եք հանրային հնչեղության հարցերի, խտրականության դեպքերի:

— Կայքում ունենք նաև ,Հասարկությունե, ,Մամուլե բաժիններ, որտեղ հրապարակվում են հասարակական կարևորության նյութեր, ինչպես նաև, առանձին հոդվածներով կամ խմբագրականներով հանդես ենք գալիս, երբ հանդիպում ենք ապատեղեկատվության, կրոնական անհանդուրժողականության դեպքերի կամ հայտարարությունների:

— Ինչպիսի՞ խոչընդոտների եք բախվել կայքի գործարքման ժամանակ, եղե՞լ են արդյոք բողքներ…

— Փառք Աստծուն, լուրջ խոչընդոտներ չենք ունեցել, եղել են և հիմա էլ պատահում են ագրեսիվ արձագանքներ, սպառնալիքներ, բայց դրանք, ցավոք, մեր հասարակության մեջ նորմերի են վերածվել, ուստի լուրջ չենք ընդունում և չենք ընկրկում, այլ շարունակում ենք մեր գործն անել:

Արմինե Դավթյան
Հատուկ religions.am կայքի համար

Մեկնաբանություններ