Նրանք ապացուցեցին Աստվածաշունչը ոչ միայն աղոթքով, այլեւ իրենց գործերով

95

ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի ելույթը Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) 100-րդ տարեժողովի պաշտոնական ճաշի ընթացքում։ Բոստոն, 19 հոկտեմբերի, 2019 թ.։

«

ԱՀԱԸ գործադիր տնօրեն պրն Խանջյան,

Տնօրենների խորհրդի հարգարժան անդամներ,

ԱՀԱԸ հարգելի անդամներ,

Շատ ուրախ եմ լինել Ձեզ հետ այստեղ այս երեկո եւ բաժնեկցել տոնախմբության ուրախությունը։

  • Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունն Սփյուռքի եզակի կառույցներից մեկն է։ 101 տարի առաջ, երբ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում հիմնվեց ԱՀԱԸ-ն, անմիջապես Հայոց ցեղասպանությունից հետո, հարյուր հազարավոր հայ տղամարդիկ, կանայք ու երեխաներ տակավին դեգերում էին Սիրիայի, Լիբանանի եւ Մերձավոր Արեւելքի տարբեր հատվածների անապատներում՝ տառապելով սովից, աղքատությունից ու նվազագույն կենսապայմանների պակասից։
  • 101 տարի առաջ, երբ ԱՀԱԸ հիմնադիր հայրերը համախմբվեցին Ուստրում (Մասաչուսեթս), նրանք գիտեին, որ հեշտ չի լինելու։ Հեշտ չի լինելու օգնություն հասցնել նրանց տառապող հայրենակիցներին։ Բայց ոչինչ չէր կարող նրանց կանգնեցնել։ Ու նրանք սկսեցին այս ոգեշնչող «ճամփորդությունը», որ կոչվում է AMAA. Նրանք արեցին դա եւ հաջողեցին, քանզի ունեին վճռականություն եւ տեսիլք։
  • 101 տարի առաջ այս մարդիկ հավաքվեցին միասին, քանի որ նրանց միավորում էր իրենց հավատքը՝ իրենց քրիստոնեական հավատքը։ Եւ նրանք ապացուցեցին Աստվածաշունչը ոչ միայն աղոթքով, այլեւ իրենց գործերով։
  • Այսպիսով, այս հիանալի ճանապարհորդության ընթացքում Ավետարանչականը հսկայական աշխատանք է կատարել` Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածներին փրկելու եւ օգնելու համար:
  • Բայց AMAA-ը վերասահմանեց իր առաքելությունը, երբ անկախ Հայաստանի Հանրապետությունը ծնունդ առավ։ Անգամ մինչե՛ւ այդ։ Երբ 1988-ի երկրաշարժը մեկ հարվածով ավեր դարձրեց Հայաստանի հյուսիսային շրջանները, Ավետարանչականն առաջիններից մեկն էր, որ հրատապ օգնության հասավ իր հայրենակիցներին։
  • ԱՀԱԸ-ն անսասան հավատարմությամբ մնաց անկախ Հայաստանի Հանրապետության հետ՝ նաեւ Արցախյան ազատամարտում, օգնության հասնելով օրհասական պայմաններում հայնտված կարիքավորներին։ Եւ Ավետարանչականն ավելի լավ ապագա է կառուցել Հայաստանի համար՝ աշխարհը կրթությամբ բարեփոխելու սկզբունքով։ Ես նայեցի ԱՀԱԸ քարտեզին եւ տեսա, որ Ընկերակցությունն իրականացնում է իր առաքելությունն աշխարհի 24 երկրում։ Սա հիանալի է։
  • Ավետարանչականը երբեք դադար չի առնում եւ մշտապես հավատարիմ է իր առաքելությանը։ Անցյալ շաբաթ ես նամակ ստացա պարոն Խանջյանից, որում ասվում էր, որ AMAA-ը պատրաստ է աջակցել ամեն հայի, ով կամենում է փոխադրվել Հայաստան՝ Հյուսիսային Սիրիայի վրա Թուրքիայի վերջին հարձակումից հետո։
  • Սա խորապես գնահատված է Հայաստանի Կառավարության կողմից։ Եւ վերջապես, կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ավետարանչական ընկերակցությանը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությանը եւ Հայաստանի մշտական առաքելությանը տարիներ ի վեր տրամադրած օգնության համար։ Մենք խորապես գնահատում ենք սա։

Տիկնայք եւ պարոնայք,

  • Այս ամենը ցույց է տալիս AMAA-ի բացառիկ եւ խորապես հայ ազգային կառույց լինելը, մի կառույց, որով մենք պետք է հպարտանանք։ Ես վստահ եմ, որ այսպիսի մեծ ժառանգությամբ, ու այսպիսի խիստ վճռականությամբ ԱՀԱԸ-ն պատրաստվում է վստահորեն շարունակել իր առաքելությունը 21-րդ դարում:

»

Անգլերենից թարգմանեց՝ Սուրեն Սահակյանը

amaa.am

Մեկնաբանություններ