Կակա. Աստծուն հետաքրքրում է ոչ թե ֆուտբոլիստ Կական, այլ մարդ Ռիկարդոն

830

Աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը՝ Կական, կիսվել է իր տեսիլքով:

Բրազիլիայի հավաքականի խաղացող Ռիկարդո Իզեկսոն Դոս Սանտոս Լեյտեն աշխարհին հայտնի է Կակա անունով: Նա ավելի քան մեկ տասնամյակ պայքարում է, որպեսզի բրազիլացիներն արժանանան ուժեղագույն ֆուտբոլիստների կոչմանը:

Բրազիլացիներն ապրում են ֆուտբոլով: Յուրաքանչյուր տղա երազում է ֆուտբոլում հասնել աներևակայելի բարձրունքների:

«Մանուկ հասակում ամենից շատ երազում էի գոնե մեկ անգամ խաղալ Բրազիլիայի հավաքականում: Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված մեզ համար անհամեմատ ավելին է անում, քան մենք կարող ենք խնդրել կամ նույնիսկ պատկերացնել: Իմ կյանքում էլ այդպես եղավ: Ես հասա այնպիսի հաջողությունների, որ չէի կարող անգամ երազել: Ես Բրազիլիայի թիմում արդեն խաղացել եմ աշխարհի երեք առաջնություններում»,- ասել է Կական:

2002-ի առաջնությունը Կակայի համար առաջինն էր: Բրազիլիան չեմպիոն դարձավ: Գավաթը բարձրացնել գլխից վեր՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է, բայց քչերի համար է իրականություն դառնում:

2006-ին Կական խփեց իր առաջին գոլը աշխարհի առաջնություններում: Բայց այդ տարի իր թիմը պարտվեց:

«Ինձ թվում է, որ հիասթափությունը Աստծո ծրագրի մի մասն է: Կարծում եմ, որ Աստված իսկապես ամեն բանի համար նպատակ ունի և ամեն բանի համար ժամանակ է նախատեսել: Հաճախ ինչ-որ բան տեղի է ունենում ոչ այնպես, ինչպես դու կցանկանայիր: Ես միշտ հիշում եմ Աստվածաշնչի այն պահերը, երբ Հիսուսն Իր վրա ճնշում էր զգում: Նա ինձ համար մեծագույն օրինակն է: Նա գիտեր, որ ամեն բան գտնվում է Աստծո հսկողության տակ: Երբ ինձ համար դժվար պահեր են լինում, ես հիշում եմ, թե ինչին եմ հավատում, թե ինչ համոզմունքներ ունեմ: Ես գիտեմ, որ Աստված հսկում է ամեն բան: Ես գիտեմ, որ Հիսուսի համար ոչինչ չարժեն փողը, փառքն ու հաջողությունը: Այդ ամենը նա ինձ նվեր է տվել: Նա է ինձ ֆուտբոլիստի տաղանդ տվել: Բայց ես իրականում հավատում եմ, որ Հիսուսին քիչ է հետաքրքրում Կական որպես ֆուտբոլիս: Նրան ավելի հետաքրքրում է Ռիկարդոն որպես մարդ, որպես անհատ: Ինձ համար շատ կարևոր է այն համոզմունքը, որ անկախ լավ կամ վատ իրավիճակից՝ կա Աստված և Նա սիրում է մեզ: Պետք է ասեմ, որ ցավոք մեզ Աստծո հետ կապող թելերը կտրվել են մեղքի պատճառով: Բայց Աստված մեր նկատմամբ ունեցած սիրո պատճառով ուղարկեց Իր միակ Որդուն՝ Հիսուսին, որ Նա մեռնի ձեր և ինձ համար, մեր մեղքերի պատճառով: Երրորդ օրը Նա հարություն առավ: Հիմա Նա կենդանի է: Նա մեր կյանքի Աստվածն է»:

Աղբյուրը՝ invictory.com

Մեկնաբանություններ