Ռուբիկ Թումանյան. Աստծո զավակն իրավունք ունի օգտվելու «սեղանի հացից»…

251

CrossNews-ը զրուցել է Ավետարանի Հավատքի Քրիստոնյաների «Միաբանություն» եկեղեցու ավագ հովիվ, եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանի հետ:

-Հովիվ Թումանյան, եթե հոգևոր տեսանկյունից դիտարկենք, ի՞նչը կարող է հիվանդության պատճառ լինել:

 — Սուրբ Գիրքը միանշանակ պնդում է, որ հիվանդության պատճառը մեղքն է: Չգիտեմ, թե մարդիկ ինչպես են ընկալում այն, բայց հիվանդությունը սկսված մահն է: Երբ հիվանդությունը զարգանում է, հասնում իր գագաթնակետին, տեղի է ունենում այն, ինչ մարդկությունը կոչում է մահ: Մեղքից է ծնվում հիվանդությունը, և հիվանդությունն է բերում մահվան: Այսինքն` ամեն բանի արմատը մեղքն է:

 -Արդյոք կարո՞ղ է հիվանդությունը ժառանգական անեծքի հետևանք լինել:

 -Իհարկե, իսկ որտեղի՞ց է գալիս ժառանգական անեծքը, եթե ոչ մեղքից: Այս ամենը տանում է դեպի մեղքի արմատը: Սուրբ Գիրքը շատ պարզ ու հստակ է ասում` «Մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ և դրանից հետո մահը»… Սկզբից մեղքը մտավ աշխարհ, մինչ այդ հիվանդություն չկար, գալով աշխարհ`մեղքն իր հետ բերեց մահ, իսկ մահը, ինչպես արդեն ասացի, հիվանդության զարգացած աստիճանն է:

  -Ինչպե՞ս կարող է մարդն ազատագրվել հիվանդությունից:

-Սուրբ Գիրքը հստակ սովորեցնում է, որ մեղքից ազատվելուց հետո մարդն իրավունք ունի ընդունելու իր բաժին հացը: Մի հատվածում Հիսուս, պատասխանելով փյունիկ ասորի կնոջը, ով իր աղջկա համար բժշկություն էր խնդրում, ասում է. «Չարժե երեխաների հացը սեղանից վերցնել և շներին գցել» (Մատթեոս 15.21-28): Այս խոսքերից պարզ է դառնում, որ սեղանի հացը երեխաների բաժինն է: Իսկ Աստծո երեխաները նրանք են, ովքեր ընդունում են Աստծո գերիշխանությունը, ապաշխարում են,  խոստովանում ու թողում են մեղքը: Եվ բոլոր այն «երեխաները», ովքեր հավատում և ընդունում են իրենց փրկությունը, իրավունք ունեն ընդունելու «սեղանի հացը», իրավունք ունեն բժշկվելու` առանց բացառության. դա կլինի ժառանգական անեծք, թե որևէ այլ հիվանդություն:

Կարդալ ավելին՝ crossnews.am

Մեկնաբանություններ