Ռուսաստանի քրիստոնյաներն այլևս չեն կարող ազատորեն կիսվել իրենց հավատքի մասին

820

Երբ այս տարվա ամռանն ընդունվեց «Յարովայի նախագիծ» անունը կրող և մարդու իրավունքներն ու խղճի ազատությունն էապես սահմանափակող օրենքը, քրիստոնյաների մեծամասնությունը Ռուսաստանում այդքան էլ չէր հավատում, որ այն կգործի և կխաթարի իրենց անդորրը։

Իմ շփումներից ու խորհրդակցություններից այնպիսի տպավորություն էի ստանում, որ ռուս քրիստոնյա գործիչներն ամենևին պատրաստ չէին դիմակայելու այս օրինագծին։ Ինձ հետ հաղորդակցվող ռուս ընկերներիցս շատերը կարծես չէին էլ հավատում, որ այս օրենքը կարող էր նման քայքայիչ ազդեցություն թողնել ոչ միայն ռուս ավետարանական, այլև քրիստոնեական այլ հարանվանությունների և համայնքների վրա։

Մանրամասն ուսումնասիրելով արդեն իսկ ընդունված օրենքի՝ մարդու իրավունքների և խղճի ազատության բաժինը, միանշանակ տպավորություն ես ստանում, որ Ռուսաստանը սրընթաց գահավիժում է դեպի տոտալ բռնապետություն և մարդկային կյանքի ամբողջական վերահսկողություն։ Նման օրենքները բավականին տիպիկ են եղել միջնադարյան Եվրոպային, ինչպես նաև ժամանակակից իսլամական պետություններին, որտեղ այլախոհությունն ու այլակրոնությունը, ինչպես նաև կրոնափոխությունը ոչ թե մարդու սուվերեն իրավունքն է և անձնական որոշումը, այլ պետության որոշելիքը։

Ի սկզբանե Արարիչը մարդուն ստեղծեց ազատ կամարտահայտության հնարավորությամբ։ Եվ թերևս սա ամենամեծ առաքինություններից ու առանձնահատկություններից մեկն էր, որ դրվեց մարդու մեջ։ Եվ թեպետ արարածը տուժեց սեփական սխալ որոշումներից, այնուամենայնիվ, Աստված այդ հատկությունը չվերցրեց մարդուց, քանի որ Նա, ինչպես Աստվածաշունչն է ասում, «կամավոր զոհեր ու պատարագներ է ցանկանում»։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ:29:17 Եւ գիտեմ, ով իմ Աստուած, որ դու փորձում ես սիրտը եւ սիրում ես ուղղութիւն. Ես իմ սրտի ուղղութեամբը ընծայեցի այս ամենը, եւ հիմա ուրախութեամբ տեսայ քո այստեղ գտնուող ժողովուրդը որ քեզ կամաւոր ընծայ մատուցրեց։

Այնուամենայնիվ, երբ օրեր առաջ ուժայինները ներխուժեցին Սանկտ-Պետերբուրգի Պետրոպավլովսկ անունը կրող լյութերական տաճար և բերման ենթարկեցին ուղղափառ քահանա, հայր Սերգեյին՝ չարտոնված վայրում քարոզելու համար, կարծես բոլորին պարզ դարձավ, որ անցյալում մնացին այն օրերը, երբ Ավետարանի քարոզչությունը որևէ էական խոչընդոտի չէր հանդիպում Ռուսաստանում։ Հայր Սերգեյին ասվել էր, որ, լինելով այլ եկեղեցու քահանա, իրավունք չունի առանց արտոնագրի քարոզել այլ եկեղեցուն պատկանող վայրում, եթե անգամ նա հյուր լինի տվյալ վայրում և հրավիրված լինի տվյալ եկեղեցու հովիվների կողմից։

Միանշանակ կարելի է ենթադրել, որ այս օրենքն ուղղված է Ավետարանի քարոզչության և տարածման դեմ։ Հաջորդ քայլը կլինի կրոնափոխության արգելքը, որով, օրինակ, մուսուլմանին օրենքով կարգելվի դառնալ քրիստոնյա և հակառակը, ինչպես դա արվեց Սիրիայում, Իրանում, Սաուդյան Արաբիայում և այլ իսլամական պետություններում։

Սույն օրենքը շատերի համար շոկ էր և անսպասելի հարված։ Ոմանք դեռևս մտորումների և անորոշության մեջ են։ Սակայն ակնհայտ է մեկ բան. բազմազան հակաավետարանական օրենքներն ու հալածանքները ասպարեզ են պատրաստում Նեռի՝ Հակաքրիստոսի համար, ով անհամբեր սպասում է կուլիսներից հայտնվի պատմական և քաղաքական բեմահարթակի վրա։

Աղբյուրˋ derekprincearmenia.com

Մեկնաբանություններ