Ազգը պառակտելու հերթական փորձը Առաքելական եկեղեցու սպասավորի կողմից

122

Ցավալիորեն շարունակվում են հայ ժողովրդին պառակտելու փորձերը մտացածին, ստահոդ ու «սրտաճմլիկ» «փաստարկներով»:

Եվ ավելի ցավալի է, որ ազգի երկու քրիստոնյա հատվածների միջև սեպ են խրում, ոչ ավել, ոչ պակաս՝ Առաքելական եկեղեցու սպասավորները, ովքեր, թվում է թե հենց իրենք կոչված են լինելու Քրիստոսի Սիրո, հանդուրժողականության և միաբանության ջատագովները:

Մասնավորապես, բոլորովին վերջերս Վիգեն քահանա Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է գրառում, որտեղ փորձում է հենց առաքելական եկեղեցու վարդապետի ուրացման օրինակով դավաճանի պիտակ փակցնել ավետարանական հավատի քրիստոնյաների վրա: Որպես «անհերքելի» փաստարկ բերում է մի հեքիաթ, որը ոչ միայն որևէ աղերս չունի Աստվածաշնչի հետ, այլև վերաբերվում է հենց առաքելական եկեղեցու մի խառնածին վարդապետի, ով հանուն փողի ցանկանում է մահմեդականություն ընդունել:

Ներկայացնում ենք Մրգաշատի «Բեթել» եկեղեցու հովիվ Սեդրակ Սեդրակյանի գրառումն ի պատասխան Վիգեն քահանա Ղազարյանի գրառման, .
«Նախ կարևոր է ոչ թե հայրերի հավատքը, այլ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանի հանդեպ ունեցած հավատքը, որը մեր ազգին պետք է տար Հայ Առաքելական եկեղեցին, բայց ցավոք սրտի նրանցից ցայսօր լսվում է միայն կիսահեթանոսական ավանդապաշտությունների անհասկանալի ծիսակարգեր և Քրիստոսին դարձած հավատացյալներին ողղված չարախոսություններ, որը հարիր չէ հոգևոր մարդկանց։

Այսօր շատերը չեն հաճախում Առաքելական եկեղեցի այն պատճառով, որ այնտեղ գրեթե չի քարոզվում Աստծո Խոսք կամ լսում են անընդհատ կրկնվող ու ձանձրալի և նույնքան անհասկանալի գրաբար երգեր։
Ձեր պատմած հեքիաթը արդեն խոսում է այն մասին, որ գուցե Ձեր ծիսակարգերն էլ նույնքան հնարովի հեքիաթներ են։ Գոնե Ձեր պատմածից երևում է, որ այդ փողամոլ ուրացողը ոչ թե «աղանդավոր» էր, այլ Առաքելական եկեղեցու վարդապետ։

Դուք խոսում եք աղանդավորների փողով ծախվելու մասին, բայց ի՞նչ փողի մասին էր խոսքը, երբ ԽՍՀՄ ժամանակներում բանտերը լցված էր «աղանդավորներով», ովքեր կանգնում էին ատեանների առաջ և համարձակ վկայում Քրիստոսի Ավետարանը։ Ու՞ր էիք Դուք այն ժամանակ, երբ եկեղեցիները վերածված էին ցորենի պահեստների և Ձեզանից շատերը, ովքեր այն ժամանակ մտել էին իրենց մամայի փեշերի տակ, «աղանդավորները» բանտերում գին էին վճարում այսօրվա իսկական եկեղեցիների կայացման համար։

Այսօրվա Ձեր գործելավոճը նման է առաջի դարի փարիսեցիական հոգեբանությանը։ Նրանք նախանձում էին Տեր Հիսուսին և վարկաբեկում Նրան՝ անվանելով Աստծուն հայոյող, բեհեղզեբուղ, ազգը մոլորեցնող և օրենքը չպահող։ Դուք այսօր նույնն եք շարունակում։ Նրանք սպառնում էին առաքյալներին, որ այլևս այդ Անունով չխոսեն, դուք այսօր նույնն եք անում։

Նրանք Պողոս առաքյալին անվանեցին նազովրեցիների հերձվածողության առաջնորդ, դուք այսօր նույնն եք շարունակում և եթե ձեր ձեռքին ունենայիք իշխանություն համոզված եմ, որ Քրիստոսին սիրողներին նույն հեգնանքներով ու ծաղրանքներով խաչը կբարձրացնեիք: Այսօր Քրիստոսին ատողներին դարձրել եք Ձեր բարեկամները, իսկ Քրիստոսին սիրողներին՝ թշնամիներ։ Այսօր մեր հայ ազգը ոչ իմ կարիքը ունի և ոչ էլ ձեր, այլ ՔՐԻՍՏՈՍԻ։

Այսօրվա ձեր թաղած ամբարիշտ մեռելները դժոխքում սպասում են իրենց խաբող և առանց ապաշխարության փրկության հույս տված սուտ քահանաներին։ Այսօր ոչ միայն մեր ազգը, այլ ամբողջ աշխարհը Աստծո Որդու կարիքը ունի, յուրաքանչյուր ոք փրկության Ավետարանի ճշմարիտ Խոսքը լսելու կարիքն ունի։
Այսօրվա աղանդավորները Ձեր՝ առաքելական եկեղեցու բաց թողման արդյունքն են։ Դուք լռեցիք՝ քարերն են աղաղակում․․․»:

Protestant.am-ի խմբագրությունը նույնպես իր մտահոգությունն է հայտնում Առաքելական եկեղեցու որոշ սպասավորների կողմից շարունակաբար հրահրվող անհանդուրժողականության տարածման առթիվ և աղոթում է, որ Քրիստոսի սուրբ Անունը կրող քրիստոնյաները ատելության փոխարեն լցված լինեն քրիստոնեական սիրով և թշնամանքի փոխարեն տարածեն Ավետարանի կենարար լույսը:

Protestant.am-ի խմբագրություն

Մեկնաբանություններ