Սեմինար՝ ամառային ճամբարներին ընդառաջ

273

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության (ՀԱԵ ՔԴ) բաժինն ու ծառայողները՝ Հայաստանում և Արցախում, դեռևս նախորդ տարվա աշնանից պատրաստվում են 2019թ.-ի ամառային հանգստի ճամբարներին:

ՀԱԵ մանուկների, պատանիների ու երիտասարդների հանգիստը ոչ միայն հետաքրքիր, այլև ուսուցողական կազմակերպելու համար ջանք ու եռանդ չի խնայվել: Ակտիվ հանգիստ, որին զուգահեռ ճամբարականները կսերտեն Աստծո Խոսքն ու նոր մարտահրավերներ կորդեգրեն կյանքի համար:

Մանկական ճամբարի խորագիրն է՝ «Կառուցի՛ր»: Երեխաները կսովորեն, որ Աստված սիրում է իրենց և նայում է իրենց որպես Իր զավակների, որոնց համար ծրագիր ունի: Պատանիները կխոսեն «Վերելք»-ի մասին, կփորձեն տեսնել Աստծո հետ ունեցած հարաբերություններում իրենց դիրքը, գիտակցել դեպի վեր բարձրանալու անհրաժեշտությունն ու դա անելու որոշում կայացնել: Երիտասարդները կփորձեն հասկանալ, թե հոգևոր կյանքի ո՞ր փուլում են և դեպի Տերը քայլ անելու մարտահրավեր կստանան՝ վստահ լինելով, որ Նա կբարձրացնի իրենց:

Ճամբարի դասաշարերը և ընդհանուր ծրագրերը ծառայողներին ներկայացնելու համար ՀԱԵ ՔԴ բաժնի կողմից կազմակերպվեց երկու սեմինար: Հունիսի 1-ին Արցախում՝ Սյունիքի մարզի և Արցախի ՀԱԵ ծառայողների համար, հունիսի 14-ին Երևանում՝ Հայաստանի մյուս շրջանների ՀԱԵ ծառայողների համար ՀԱԵ ՔԴ բաժնի աշխատակիցները ներկայացրին ճամբարային ծրագրերը, թեմաները, խաղերն ու նոր մեթոդները, որոնք օգնելու են ճամբարականներին ավելի հեշտ յուրացնել Սուրբգրային ճշմարտություններն ու գտնել դրանք կյանքի կոչելու ուղիները: Սեմինարներին ընդհանուր թվով 100-ից ավելի ծառայող է մասնակցել: Ամառային հանգստի ճամբարները կմեկնարկեն հուլիսից:

Աղբյուր՝ www.eca.am

Մեկնաբանություններ