Շաքարյանների հայտնի ընտանիքն ու ռուս տղայի մարգարեությունը

1444

Օրերս Հայոց ցեղասպանության 100 ամյակի համատեքստում

հեղինակավոր Բրիտանական Daily Mail-ն անդրադարձել է նաև Քարդաշյանների հայտնի ընտանիքի նախնիների Միացյալ նահանգներում հայտնվելու պատմությանը։

Պարբերականը գրում է․
«Նրանց մի ճյուղը փրկվել էր Էրզրումի ջարդերից, իսկ մյուսը, ըստ լեգենդի, մարգարեություն լսելով գալիք պատերազմի մասին ու հավատալով դրան, Ռուսական կայսրությունից ԱՄՆ էր հեռացել:
Այսպիսով, Քարդաշյանների նախնիներին հաջողվել է փրկվել 1914-1918 թթ. առաջին աշխարհամարտից, 1915 թ.-ին սկսած Հայոց ցեղասպանությունից և 1917 թ.-ին ռուսական հեղափոխությունից»:

Ամենևին ցանկություն չունենալով Քարդաշյանների ընտանիքի վերաբերյալ ահռելի օվկիանոս հիշեցնող տեղեկատվական տարափը ավելացնել ևս մեկ կաթիլով անգամ՝ չեմ կարող չանդրադռանալ հեղինակավոր պարբերականի օգտագործած «լեգենդ» եզրույթին և իրական դեպքերի նկարագրությանը։

Չեմ ուզում անդրադառնալ նաև Քարդաշյանների ներկա սերնդի որոշ ներկայացուցիչների բարոյական նկարագրին. այն որևէ առնչություն չունի ստորև նկարագրված դեպքերի հետ:

Արդի հայերենի բացատրական բառարանը «լեգենդ» եզրույթը բացատրում է որպես.

1. Բանավոր ավանդությունների վրա հիմնված բանաստեղծական պատմություն՝ ասք որևէ պատմական կամ մտացածին անձի կամ դեպքի մասին:

2. Մտացածին՝ ուռցրած պատմություն որևէ անձի կամ դեպքի մասին:

3. (Փոխաբերական) Հնարովի բան, անիրական՝ մտացածին խոսք՝ զրույց, առասպել:

Նշված երեք բացատրություններից ոչ մեկը որևէ աղերս չեն կարող ունենալ այն հրաշալի, իրական դեպքերի հետ, որոնք տեղի են ունեցել 1800-1900 թվականներին։ Այն, ինչ պարբերականը կոչում է «լեգենդ», իրական պատմություն է Աստծո՝ Իր ժողովրդի նկատմամբ ունեցած սիրո մասին։ Իրական փորձառություն, որը վերապրել են իրական մարդիկ։

Քարդաշյանների նախնիները եղել են այն փոքրաթիվ հայ հավատացյալներից, ովքեր հավատալով մարգարեությանը մեկնում են Միացյալ նահանգներ՝ խուսափելու համար վրահաս աղետից՝ Հայոց Եղեռնից։

Այդ հավատացյալների թվում են եղել նաև հայտնի Շաքարյանները։
Շատերը գուցե կարդացել են Ջոն և Էլիզաբեթ Շերիլների «Աշխարհի երջանկագույն մարդիկ» գիրքը, որը պատմում է Ամբողջական Ավետարանի Գործարարների Միջազգային Ընկերակցության (FGBMFI) հիմնադիր-նախագահ Դեմոս Շաքարյանի հայրենի գյուղի՝ Արարատի փեշերին բազմած Ղարաղալայից (Կարա-Կալա, Քարաքալե, թարգմանաբար՝ սև ամրոց) սկիզբ առած դեպքերի մասին։

Դեմոսն անվանակոչվել է իր պապի՝ Դեմոս Շաքարյան ավագի պատվին, ով գաղթել է Հայաստանից՝ հիմք ընդունելով 1855թ-ին ռուս «մարգարե-տղայի»՝ Եֆիմ Գերասիմովիչ Կլուբնիկինի մարգարեությունը:

1855 թվականին, երբ այս ռուս տղան դեռ 11 տարեկան էր, իր աղոթքներից մեկի ժամանակ տեսիլք է տեսնում:

Գրաճանաչ չլինելով հանդերձ՝ նա այդ տեսիլքում տառեր ու գծագրեր է տեսնում և այդ ամենը հանձնում է թղթին: Գյուղի գրաճանաչ, բանիմաց մարդիկ, տեսնելով այդ պատկերները ասում են, որ այդտեղ գրվածը ռուսերեն լեզվով հրահանգներ են:

Մարգարեությունը զգուշացնում էր, որ մոտ ապագայում Ղարաղալայում բնակվող բոլոր քրիստոնյաներին մեծ վտանգ է սպառնալու: Շուտով լինելու է աննկարագրելի տանջանքների ու հազարավոր դաժան սպանությունների ժամանակշրջան: Ժամանակ պետք է գար, երբ մոտակա շրջանների բոլոր բնակիչները ստիպված կլինեն փախչել ծովից այն կողմ: 

Թեև «մարգարե-տղան» երբևէ չէր տեսել քարտեզ կամ աշխարհագրության գիրք, նա հստակ նկարագրում է այն երթուղին, որով պետք է քրիստոնյաները փախչեին: Քարտեզում նշված ջրային հատվածը հեռավոր Ատլանտյան օվկիանոսն էր, որի մասին տղան գաղափար անգամ չուներ: Վայրը, որը նշված էր տղայի գծած երթուղում, Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելքն էր։

Մարգարեությունից 50 տարի անց՝ 1905 թվականին, Դեմոս Շաքարյանն իր կնոջ, աղջիների՝ Շուշան, Եսթեր, Մագա, Երհան, Համաս, և տասներեքամյա որդու՝ Իսահակի հետ, ի թիվս ամբողջաավետարանական այլ ընտանիքների, տեղափոխվում են Լոս Անջելես։ Այնտեղ էլ 1906թ. ծանոթանում են հայտնի Ազուզա փողոցի՝ ամբողջաավետարանական մեծ արթնության հետևորդների հետ։

ԱՄՆ-ում ընտանիքը քրտնաջան աշխատում է՝ հասնելով նշանակալի հաջողությունների։ Դեմոսի կաթնատու կովերի նախիրն աճում է՝ դառնալով այն ժամանակ աշխարհի ամենամեծ նախիրներից մեկը։

Դեմոսն իր կազմակերպչական ունակությունները գործածեց նաև ավետարանչական քարոզարշավներ կազմակերպելու գործում ու սկսեց աղոթքի խումբ, որն աճեց՝ դառնալով Ամբողջավետարանական գործարարների միջազգային ընկերակցություն՝ FGBMFI (Full Gospel Business Men’s Fellowship International)։

Ընկերակցությունն այսօր մեծ ներդրում ունի Հիսուս Քրիստոսի Ավետարանի տարածման գործում։ Հայտնի են բազմաթիվ բարեգործություններ, քարոզչություններ ու վկայություններ, որոնք փոխում են շատերի կյանքը, նրանց մոտեցնում Աստծուն և առաջնորդում դեպի փրկության։

FGBMFI-ն այժմ մասնաճյուղեր ունի 132 երկրներում։ Կազմակերպության «Ձայն» ամսագիրը 800 000-ի շրջանառություն ունի, իսկ հեռուստատեսային ծրագրերը դիտում են շաբաթական չորս միլիոնից ավելի մարդիկ։

«Լեգենդ» անվանել այս դեպքերը Աստծո գործն աղավաղելու անահաջող փորձ է կամ առնվազն լրագրողական անփութություն, քանի որ այդ դեպքերը հաստատող Ռիչարդ Շաքարյանի՝ Դեմոսի կրտսեր որդու կյանքը հենց դա է ապացուցում։

Այժմ նա է FGBMFI-ի միջազգային նախագահը՝ ով ակտիվորեն ծառայում է ամբողջ աշխարհով մեկ՝ շարունակելով ու ընդլայնելով իր հավատացյալ նախնիների հոգևոր ավանդույթները։ Նա մի քանի անգամ եղել է նաև Հայաստանում, իսկ 2013 թվականին նա ժամանել էր այստեղ՝ տոնելու կազմակերպության 60-ամյակը։

Հ․Գ․1․ Որ նա ամեն մէկին իր գործերի պէս հատուցումը կ’տայ. Նորանց, որ բարի գործերի մէջ են յարատեւում, եւ փառք եւ պատիւ եւ անապականութիւն են որոնում, յաւիտենական կեանք. Բայց նորանց՝ որ հակառակութիւնից են՝ եւ ճշմարտութեան անհնազանդ եւ անիրաւութեան ետեւից գնացած, բարկութիւն եւ սրտմտութիւն (Հռոմ․1:6-7):

Հ․Գ․2․ Բոլորին է հնարավորություն տրվում «հարատևել բարի գործերի մեջ», բայց ոչ բոլորն են ընտրում այդ ուղին։ Ինչևէ, յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր անցնելիք ճանապարհը։

Հ․Գ․3․Մարգարեությունը հնարավորություն տվեց երկու ընտանիքներին էլ փրկվել և նոր կյանք սկսել, առաջին ընտանիքն ու հաջորդ սերունդներըն ընտրեցին «բարի գործերի մեջ հարատևելը», Տիրոջ ճանապարհով քայլելը, իսկ երկրորդ ընտանիքի հետագա սերունդները, դատելով այսօրվա պտուղներից, ընտրեց հակառակության ուղին։ Յուրաքանչյուր ճանապարհ իր ավարտն ունի, երանի մեզ, եթե այդ ավարտը մեզ անակնկալի չի բերի, հատկապես տհաճ անակնկալի։

Գոռ Կարապետյան

 

Մեկնաբանություններ