Շատ կուզենայի, որ տիկին Բիշարյանը ծեծի ժամանակ այստեղ լիներ, հուսով եմ՝ կկանխեր. Ռաֆայել Գրիգորյան

733

«Առաջին լրատվական»— ի զրուցակիցն է Հայաստանի Ավետարանական հավատքի եկեղեցիների միության նախագահ Ռաֆայել Գրիգորյանը:

-Վերապատվելի, Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ Ձեզ ոչ թե ծեծի են ենթարկել, այլ եղել է ընդամենը քաշքշուկ: Նաև հայտարարություն եղավ, որ դուք իբրև թե քարոզարշավ եք իրականացրել ՀՀԿ-ի օգտին, ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները և ի՞նչ քայլերի եք պատրաստվում դիմել:

-Առաջինը, որ ինձ շատ մտահոգում է, այն է, որ այդ հայտարարությունը հեռուստաեթերով էր, երբ որ ողջ հանրապետության բնակչությունն է լսում, իբրև թե ես 500 հոգու բաժանել եմ 10 000-ական դրամ, և այդ գումարը ստացել եմ մի բարձրաստիճան պաշտոնյայից: Ուզում եմ պարզապես հայտարարել, որ դա բացարձակ սուտ է, չի համապատասխանում իրականությանը, այդպիսի արարքը ես դժվարանում եմ գնահատել, թե ինչ է. ավելի լավ է ամենաստորաքարշ աշխատանք կատարեմ, քան այդպիսի բան անեմ: Խնդրում եմ, որ բացահայտվի՝ ով է ինձ այդ գումարը տվել և ում եմ ես բաժանել: Ասում էր, որ ունի ապացույցներ, ժպտերես ասում էր 10 000 դրամի մասին, եթե այդպես է, բերեք պարզաբանենք: Հանցագործությունը ծածկելը նույնպես հանցագործություն է: Շատ դժվար է ինձ համար, որովհետև մարդկանց երեսին չեմ կարող նայել զրպարտված վիճակով, եթե լռեմ, պիտի ասեն, թե ճիշտ է: Ուրեմն ճիշտ է, որ լռեց: Իսկ եթե խոսեմ, ուրեմն պետք է դատական գործ բացվի, եթե տիկին Բիշարյանը նույն հաջողությամբ չհերքի, հեռուստատեսությամբ չասի, որ դա թյուրիմացություն է եղել: Նույնիսկ ներողություն չեմ ուզում խնդրի, չի կարելի այդպիսի բան անել, չի կարելի անպատասխանատու լինել, մանավանդ այն դեպքում, երբ ՀՀ-ում բավականին ճանաչված քաղաքական գործիչ է և վայել չէ այդպիսի բաներ ասել:

Ինքը պետք է բացահայտ ասի, չթաքցնի, թե ես ինչպես եմ դա իրականացրել, եթե կան ցուցակներ, ասում է՝ ցուցակներով բաժանել եմ:

Երկրորդ՝ Բիշարյանն ասում էր, որ եթե ինձ ծեծել են, ապա ինչպես եմ ես այդքան եթերում հանդես գալիս, նա համեմատում է «Սասնա ծռեր»- ի ծանր վիրավորվածների հետ. ուզում էր, որ քիթս ջարդված լիներ, գլխիս վրա մի քանի  «պոզեր» դուրս եկած լինեին, թե ինչ, չգիտեմ, ինչ էր ցանկանում: Եվ ասում է, որ նույն օրն է եղել, բայց ինձ մեկ օր առաջ էին ծեծի ենթարկել: Եվ ես ոստիկանություն չեմ զանգել, ոստիկաններն իրենք եկել են, ինձ տարել են հիվանդանոց: Իմ ճնշումը բարձր էր, ես շոկային վիճակում էի, ինձ պառկեցրել են, դեղեր են տվել, ներարկում են արել, հետազոտել են և տեղափոխել են մեկ այլ հիվանդանոց, որտեղ նյարդաբանի, նեյրովիրաբույժի մոտ են ուղարկել, ինձ հետազոտել են:

Չնայած իրոք դաժան հարվածների տակ եմ ընկել, բայց իմ ֆիզիկական ցավերն ավելի մեղմ ու տանելի էին, քան այն բարոյական ոչնչացումը, որ ես հոգեբանորեն եմ կրել: Ես չէի կարող հիվանդանոցում մնալ, անհրաժեշտ էր տաք օջախս վերադառնալ: Կնոջս, երեխաներիս և տասնյակ վկաների ներկայությամբ է տեղի ունեցել ծեծը: Շատ կուզենայի, որ Բիշարյանը ծեծի ժամանակ այստեղ լիներ, հուսով եմ՝ կկանխեր:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ