Սիրել Նրան, ոչ թե Նրա տվածները

505

Շատ անգամներ, երբ ծնողները վերադառնում են տուն աշխատանքից կամ որևէ վայրից, նրանք կարծում են, որ երեխաները ուրախությամբ կգան նրանց առաջ, սակայն հաճախ երեխաները սպասում են ծնողին իենց բերածների համար:

Պետք է սիրել Նրան, Ով հեղինակն է մեր ամեն ունեցածի: Եթե ունենանք Աստծուն մեր մեջ՝ բխող աղբյուր կունենանք:

Եթե քո նպատակը Աստված է, դու ինչ-որ բաներ կորցնելու դեպքում, չես կորցնի քո ուրախությունը, քանի որ Նրան ունես քո մեջ:

Երբ հասնենք այն մակարդակին, որ ասենք, թե Տերն է մեր բաժինը, այդ ժամանակ կունենանք ամեն ինչ: Մենք հաճախ բաժանում ենք Աստծուն և նրա տվածնեը, և կարևորություն ենք տալիս նրա տվածներին: Սակայն պետք է ջանանք, որ Հիսուսը լինի մեր աղբյուրը, քանի որ երբ նրան ուեննանք, ամեն ինչ կունենանք:

«Իմ բաժինը Տերն է, ասեց իմ հոգին, սրա համար նրան եմ հուսալու։ Բարի է Տերը իրան հուսացողներին՝ այն անձին որ նրան որոնում է» (Ողբ Երեմյա 3:24-25)։

Աղոթելիս հաճախ մենք կարող ենք նկատել, որ աղոթքների 90%-ը մենք ինչ-որ բաներ ենք խնդրում նրանից: Բայց աղոթքը պետք է ուղղված լինի Աստծուն. Նրան փառաբանելուն և օրհնելուն:

«Տերն է իմ ժառանգության և իմ բաժակի բաժինը. Դու հաստատ պահում ես իմ ժառանգությունը։ Ինձ վիճակ ընկավ ցանկալի տեղանքը, և այս ժառանգությունը հաճո է ինձ» (Սաղմոս 16:5-6)։

Աստծուց դուրս լավ և բարի բան չկա: Ինչքան կարևոր է, որ եկեղեցում բոլորը հիացած լինեն Աստծով, այլ ոչ թե ուրիշ բաներով: Եթե սիրենք Աստծուն, կսիրենք բոլորին: Մի′ աշխատիր սիրել մարդկանց, այլ՝ սիրի′ր Աստծուն, քանի որ երբ Աստված առաջին տեղում է, ամեն բան իր տեղում է լինում:

Եթե քո ուրախությունը Նրա տվածների մեջ է, դու մի օր կտրտնջաս, քանի որ կարող է մի օր կորցնես ամեն բան: Հոբին Աստված տվել էր ամեն ինչ. սակայն մեկ օրում վերցրեց ամենը, սակայն Հոբը շարունակեց փառաբանել և օրհնել Տիրոջը, քանի որ ամեն բան Նա էր տվել և Նա էլ վերցրեց: Հոբը սիրում էր ոչ թե բաները, այլ՝ բաներ տվող Աստծուն:

Մի′ օգտագործիր Աստծուն, Աստված չի օգտագործվում, սիրի′ր Նրան ոչ թե իր տվածների համար. այլ հենց Նրան, առանց շահախնդրության: Մեր Աստված արժանի է, որ մեր ողջ ուշադրությունը լինի Իր վրա:

Կարեն Թադևոսյան

Աղբյուր՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ