«Կարևորը, որ մենք լեռին վրա ըլլանք». սիրիահայ բարեգործ-բժիշկ Ջանի Հադդաթ

723

Ջանի Հադդաթ՝ Սիրիահայ բժիշկ, գիտական բազմաթիվ աշխատությունների հեղինակ, բարեգործ: Սրանք, անշո՛ւշտ, մարդու անհատականությունն ընդգծող հատկանիշներ են, սակայն բարեգործությո՛ւնն է ի վերուստ դրված Աստծո ստեղծած արարածներից  յուրաքանչյուրի հոգու կերտվածքում:

Անխաթար պահելով այդ կերտվածքը՝ բժիշկ Ջանի Հադդաթը բազմաթիվ անվճար վիրահատություններ է իրականացրել Հայաստանում, Արցախ աշխարհում և տարիներ  շարունակ  իրագործում  է այդ բարեսիրական  գործուներությունը՝ առանց ակնկալելու պարգևներ, պատվոգրեր, թեև մոտավորապես 5200 անվճար վիրահատություն իրականացրած հայորդին միանգամայն արժանի է դրան: Հանդիսանալով  ACMA (Հայ քրիստոնյաների   բժիշկների ասոցիացիայի) հիմնադիր նախագահը՝   նա իր բարեսիրական գործունեությունն սկսել է ընդամենը 2 հոգանոց թիմով, իսկ հետագայում բժշկական անձնակազմը համալրվել է նոր մասնագետ- բժիշկներով, բուժքույրերով, ովքեր մի ընտանիք են դարձել:

-Դոկտո՛ր  Ջանի, ե՞րբ   սկսեցիք Ձեր բարեսիրական գործունեությունը:

-Ես 2000 թվականից եմ սկսել գալ Հայաստան և վիրահատություններ անել: Տարին երկու եմ գալիս: Սկզբում Մալաթիա հիվանդանոցում վիրահատություններ իրականացրեցի, հետո սկսեցի  շրջել բոլոր  մարզերով. վիրահատություններ էի կատարում Գյումրիի կենտրոնական հիվանդանոցում, դրանից առաջ՝ Ավստրիական հիվանդանոցում, այս օրերին՝ Երևանի  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում ենք  վիրահատություններ կատարել և շարունակվում է այդ ընթացքը՝ մինչև մեկնումս: Վիրահատություններ ենք արել Արցախում՝ Շուշիի  հիվանդանոցում: Բացի վիրահատություններից՝ նաև զննում ենք հիվանդներին: Այս տարի` մինչ այսօր, Լոռիի, Շիրակի, Կոտայքի, Արմավիրի մարզում, Արարատում, Երևանում, Արցախում զննել ենք 909 հիվանդի: Այս այցիս երկու  օրում 30 վիրահատություն իրականացրեցինք Գյումրիում, 45 վիրահատություն՝ Արցախում, երեկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում սկսեցի վիրհատությունները. 1 օրում կատարել ենք 15 վիրահատություն: Ունեմ լավ օգնականներ, բժիշկների և բուժքույրերի հրաշալի անձնակազմ: Հիմնականում վիրահատում եմ խպիպ, ճողվածք, լեղապարկ, քաղցկեղ, թութք…Ես հիմնականում մասնագիտացվել եմ խպիպի և քաղցկեղի վիրաբուժության գծով:

-Բժի՛շկ Հադդաթ, որտե՞ղ եք ստացել Ձեր կրթությունը, մասնագիտացվել ու կատարելագործվել:

-Դպրոցն ավարտել եմ Քուվեյթում, Բժշկական համալսարանն ավարտել եմ Դամասկոսում, վիրաբուժական բարձրագույն կրթությունը ստացել եմ Անգլիայի թագավորությունում:

-Ինչպե՞ս սկսեցիք բարեգործությամբ զբաղվել, որևէ մեկն ուղղորդե՞լ է Ձեզ:

-Առաջին այցելությունս Հայաստան եղավ 1988-ին՝ երկրաշարժի 6-րդ օրը. երեք ինքնաթիռ բերեցի Քուվեյթից՝ բեռնված բժշկական սարքավորումներով, քիչ քանակությամբ դեղորայքով: Հայաստանին այդ ժամանակ ավելի անհրաժեշտ էր ունենալ բժշկական սարքավորումներ: Շատ կարևոր էր  այդ ժամանակ ունենալ երիկամունքր լվացող սարքավորում՝ հեմոդիալիզի, չունեին լաբորասկոպիկ գործիքներ: Ես այդ ամենը բերել էի, սակայն, ցավոք, չպահեցին, չօգտագործեցին, վաճառեցին դրսում: Հիմա ասեմ , թե ինչու և ինչպես սկսեցի բարեգործություն անել. 1976-ին Տերն ինձ տեսիլք տվեց, որ ես պիտի ծառայեմ Հայաստանին: Այդ տեսիլքն ինձ երևաց, երբ դեռևս ուսանող էի և իմ բոլոր հայ ընկերներիս հորդորեցի գալ ու ծառայել Հայաստանին. անշուշտ, մի մասն ընդունեց միտքս, մյուս մասը՝ ոչ: Ավարտեցի ուսումս, Քուվեյթից 1990-ին  գնացի Հալեպ, 26 տարի է, ինչ Հալեպում եմ: 2000 թվականին Հայաստանում ծանոթացա մի շարք մարդկանց հետ և պատմեցի իմ տեսիլքի մասին, դիմավորեցին, ընդունեցին, սկսեցինք մեր բարեգործական ծառայություններն ընդամենը 3 հոգով: 2006-ին հիմնեցի ACMA  կազմակերպությունը, այժմ թիմում ընդգրկված են 206 հոգուց ավել աշխատողներ: Բոլորն էլ աշխատում են կամավոր հիմունքներով: Հայաստանի այլ քաղաքներ ու մարզեր, գյուղեր այցելում ենք 15-20 հոգով, Արցախ գնացինք 8 հոգով, որովհետև գիշերակացի, այլ ծախսերի հետ կապված խնդիրներ կային: Արցախ տարանք նաև ատամնաբույժների խումբ, որն աշխատեց 65 հիվանդների հետ, իսկ Շուշիում 45 վիրահատություն արեցինք: 5  օր ու 4 գիշեր մնացինք և իրականացրեցինք բժշկական կարևոր ծառայություններ: Հաջորդ երկուշաբթի պետք է Հալեպ վերադառնամ, որտեղ նույնպես  ինձ սպասող հիվանդներ ունեմ, պետք է վիրահատություններ անեմ:

-Այսինքն՝ Դուք հանգստանալու ժամանակ չունեք:

Հանգստանալու մասին ես ընդհանրապես չեմ մտածում, իսկ Հալեպում հանգստանալու ժամանակ չկա. չէ՞  որ  պատերազմական վիճակ է: Ավերվել են տներ, թաղամասեր, գործարաններ, խանութներ, դպրոցներ.  շատ զոհեր ունեցանք, վիրավորներ: Ջրհորներ ենք փորում, պատերազմի այրիներին հոգ կը տանինք, ուսանողներուն, պոլիկլինիկ բացինք….Ուտելիքով ենք օգնում մարդկանց:

-Ձեր բարեգործությունն անվճար վիրահատություններն են,  և, այնուամենայնիվ, արդյոք  ինչ-որ կազմակերպություն հովանավորու՞մ է Ձեզ:

-Մի կազմակերպություն կա՝ «Բարնաբաս» հիմնադրամը, որը մեզ հովանավորում է, աջակցում, մանավանդ՝ Հալեպում: Մեր  ACMA-ի  առաքելությունը հիմնականում Սիրիայից Հայաստան գաղթած սիրիահայերին օգնելն է, մեզ օգնում են նաև եկեղեցիները. մեր  կազմակերպության մասին գիտեն Հայաստանում: Ինձ հետ է աշխատում նաև աղջիկս՝ Փեթիան, նա իմ աջ ձեռքն է: Փեթիան միկրովիրաբույժ է, փեսաս համակարգչային մասնագետ Է: «Բարնաբաս»-ը մեզ օգնում է Հալեպում իրագործվող բժշկական ծառայություններ իրագործելիս, ժողովրդին տրվող սննդի հարցում է օգնում, իսկ Հայասատանում ես իմ կողմից բացարձակապես անվճար եմ կատարում վիրահատությունները:

Բժի՛շկ, չե՞ք հոգնում, չե՞ք զղջում, որ այդքան մեծ բեռ եք արել Ձեր ուսերին, Ձեզ երբևէ չե՞ն  նեղացնում այստեղ կամ խոչընդոտում Ձեր աշխատանքներին, քանի որ անվճար հիվանդների հոսք կա Ձեր մոտ:

-Բնավ չեմ հոգնում ու չեմ զղջում: Կարևորը, որ մենք լեռին վրա ըլլանք, այդ ժամանակ մեծ հարցերը փոքր կերևան աչքիդ: Կբոռան, կգոռան…կըսեն,որ դոկտորը եկավ  մեր հիվանդները գողցավ…Հո՛գ չէ, ես իմ խղճի թելադրանքով եմ առաջնորդվում:

-Ո՞ր հիվանդությունն է առավել տարածված  Ձեզ դիմող հիվանդների մոտ:

-Խպիպ ունեցողներն են շատ, որը հիմնականում տարածված է լեռնային ժողովուրդների շրջանում, այնտեղ, ուր ծով, օվկիանոս չկա, այդ հիվանդությունը նաև խմելու ջրի մեջ յոդի պակասությունից է առաջանում:

-Չե՞ք  վախենում ՝ պատերազմական այս լարված օրերին  ապրելով Հալեպում:

-Եթե մենք չապրենք, ո՞վ պետք է ապրի: Մեր ժողովուրդը մեր կարիքն ունի: 72000 հայությունից մնացել է  8000 հայ. շատ լավ վիրաբույժներ էլ գաղթեցին…Ո՞վ պետք է մնա Հալեպում, եթե բոլորը դուրս գնան, հեռանան: 1923 Հալեպի բնակչության 40%-ը հայերն էին, 60%-ը՝ քրիստոնյաներ էին ընդհանրապես, իսկ հիմա պատկերը փոխվել է: Հալեպցի տեղաբնակները շատ բան են սովորել Արևմտյան Հայաստանից գաղթած հայ ժողովրդից. շատ մահմեդականներ նույնիսկ ասում են՝ Դուք Հալեպի աղն եք, մի՛ գնացեք, մի՛ թողեք մեզ…

-Ինչպե՞ս  մեկնել  Ձեր՝ Հաթդաթ ոչ հայկական ազգանունը…

-Մեծ հայրս Դիարբեքիրից՝ Տիգրանակերտից էր և գաղթելուց հետո ասացին, որ կամ Դեմիրչի կամ Հաթդաթ պիտի կոչեն (որը  երկու դեպքում էլ նշանակում է երկաթագործ. առաջինր՝ թուրքերենով, երկրորդը՝ արաբերենով), հայրս  նախընտրում է երկրորդ՝ արաբերեն տարբերակը: Ահա այդ ազգանվան պատմությունը: Ես պատերազմներ եմ անցել՝ 1973-ին Սիրիայի և Իսրայելի, 90-ականներին՝ Իրաքի պատերազմը, 2000-ինը և հիմա էլ՝ սիրիական պատերազմը: Մինչ այսօր 15 երկրներում եմ  ծառայել իմ մասնագիտությամբ: Ես լինում եմ Պակիստանում, Սուդանում, Եգիպտոսում, Իրանում, Թուրքիայում, Միջին Արևելքում, բոլոր այն տեղերում, որտեղ իմ կարիքը կա:

Մեր զրույցին  միացավ նաև Ջանի Հադդաթի դուստրը՝ Փեթիա Հադդաթը, ով 3 տարի բժշկական կրթություն է ստացել Սիրիայում, հետո շարունակել կրթությունը Երևանում, իսկ այս օրերին Երևանի թիվ 1 կլինիկական  հիվանդանոցում անցնում է օրդինատուրան և մասնագիտանում է հայտնի միկրովիրաբույժ  Արտավազդ Սահակյանի մոտ՝ որպես միկրովիրաբույժ: Փեթիան գնում է հոր ճանապարհով՝ մարդկանց օգնելը համարելով  քրիստոնեական առաքելություն:  Բարեգործ բժշկի մասին  խոսեցին  նոր վիրահատված հիվանդները՝ Թամարա Բակունցն ու  Ռոզա Ճնգրյանը. նրանցից առաջինի մոտ  ճողվածքի վիրահատություն էր իրականացրել բժիշկը, մյուսի լեղապարկն էր վիրահատել: «Աջ աճուկիս շրջանում շատ ցավոտ ճողվածք ունեի, ոտքս շարժել չէի կարողանում և հնարավորություն էլ չունեի վիրահատվելու:  Անչափ գոհ եմ բժիշկ Ջանիից, նրա ողջ անձնակազմից: Ես 3 պոլիկլինիկաներից անընդհատ ուղեգիր էի խնդրում, հազիվ տվեցին, որպեսզի հերթս  չկորցնեմ, ժամանակին հասցնեմ, իսկ այս հրաշք մարդն անվճար վիրահատեց:  Բժշկի ծննդավայրում պատերազմ է, ավերակվել է Հալեպը,  այնտեղ ամեն օր մարդիկ են զոհվում, գուցեև՝ նրա հարազատներից, իսկ բժիշկը գալիս է Հայաստան և անվճար վիրահատություններ իրականացնում: Ես անսահման երախտապարտ եմ նրան, թո՛ղ նրա ծննդավայրում խաղաղություն հաստատվի: Մաղթում եմ, որ բժիշկ Ջանին շատ երկար  ու առողջ ապրի, Աստված թո՛ղ երկար կյանք տա նրան»,- ասում է Թամարա Բակունցը: «Լեղապարկս է վիրահատել բժիշկը: Եթե նա չգար և անվճար չվիրահատեր, ես  հնարավորություն չէի ունենա ազատվելու այդ սոսկալի ցավերից: Անչափ երախտապա՛րտ եմ այդ բարի մարդուն: Աստված թո՛ղ լիաբուռն վարձահատույց լինի նրան, որ նեղության մեջ գտնվող հիվանդներին կարեկից է լինում ու ձեռք մեկնում: Նա ճշմարիտ քրիստոնյա է»,- ասում է Ռոզա Ճնգրյանը:

Ճշմարիտ քրիստոնյա Ջանի Հադդաթին հրաժեշտ տվեցի, երբ նա մեր՝ ընդամենը 20 րոպեանոց զրույցից հետո, առանց հանգստանալու, շտապեց վիրահատարան… և այնպե՜ս  անտրտունջ, այնպե՜ս  խաղաղ ու բարի, ժպտադեմ՝ ասես բնավ ինքը չէր օրվա՝  իրար հաջորդող, անընդմեջ բարդ վիրահատություններն իրականացնողը:

Կարինե Ավագյան

Աղբյուր՝ hayernaysor.am

Մեկնաբանություններ